Երեւանի պետական համալսարանի    «Ընդհանուր հոգեբանության »  ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը լուսավոր հիշողություններ է պահպանել արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող որդու`Խաչիկ Պողոսյանի զինվորական ծառայության մասին:

«Խաչիկը  2019թ. հունվարին է մեկնել զինծառայության, վեց  ամիս ծառայել է Լուսակերտում, այնտեղ  անցել  է ուսումնական ծառայություն, դարձել է հրետանավոր, որից  հետո տեղափոխվել է Կարճաղբյուրի զորամաս: Կարճաղբյուրի զորմասում, երբ ծառայում էր, մենք հաճախ էինք այցելում իրեն: Մի անգամ, երբ այցելեցինք Խաչիկին, նա ասաց, որ ինքը քննություններ է հանձնել, որպեսզի մարտական ծառայության գնա  դիրքեր: Ամուսիններով  սկսեցինք իրեն խրախուսել, քանի որ հպարտություն առաջացավ մեջներս: Ավելի ուշ Խաչիկենց  տեղափոխեցին Սոթքի զորամաս, որտեղից էլ պետք է գնար Քարվաճառի դիրքեր, քանի որ ՀՀ զինված ուժերն էին Քարվաճառի այդ մի հատվածը վերահսկում: Երբ առաջին անգամ Խաչիկը դիրքեր գնաց, շատ ոգեւորված էր, գոհ: Մի քանի անգամ այդպես բարձրացել են դիրքեր: Մի անգամ էլ նոր դիրք էին կառուցում, որտեղ հոսանք չի եղել, եւ այդ մի ամսվա ընթացքում ամեն ինչ պատրաստել էին, նոր խրամատներ էին փորել: Հետները նաեւ փոքրիկ շարժիչ էին տարել, որպեսզի հեռախոսները  լիցքավորեն, մեզ հետ կապ պահպանեն: Իրենց համար նաեւ ճաշարան, քնելու տեղ էին պատրաստել »,- պատմում է Նարինեն:

Պատերազմի մասին լուրն ասես գլխին լցված եռման ջուր լիներ Նարինեի համար: Խաչիկի հետ կապ հաստատելիս մայրն իմանում է, որ իրենց  մարտկոցն  երկու օր է, ինչ դիրքերում է,  տեղավորվել  են  այնտեղ: Երկու օր անց Խաչիկը նորից զանգել եւ տեղեկացրել է, որ իրենք լավ կռվում են, անհանգստանալու կարիք չկա:

Նարինեն հիշում է, որ հոկտեմբերի 1-ին էլ Խաչիկը զանգել եւ հոր հետ է խոսել, հայրը հետաքրքրվել է, թե իրենց խրախուսե՞լ են արդյոք: Խաչիկն էլ ասել է, որ ամբողջ մարտկոցին են խրախուսել, երկու-երեք անգամ էլ անհատական խրախուսանք է ստացել հրամանատարից: Եվ այդ ամենից  ծնողները փառավորվում են:

Ըստ Նարինեի` մարտերն այդ օրը սկսել են լուսադեմին, տեւել տասը ժամից ավելի, ցերեկը  հայկական կողմն ուժասպառ է եղել,  սակայն սեպտեմբերի 28-ին հակառակորդի    գրաված  ռազմավարական նշանակության երկու դիրքերը պատրաստ են եղել հակագրոհով հետ վերցնելու: Նույնիսկ հրամանատարը`Վիգեն Մկրտչյանը,  պատրաստ է եղել մարտն ընդհատելու, որովհետեւ դիրքերը վառվում էին, ավիացիան անդադար  ռմբակոծել է: Այդ ժամանակ նույնիսկ մեքենաները չեն կարողացել զենք հասցնել զինվորներին: Սակայն ընդհատելու դեպքում էլ կարող էին  այդ դիրքը կամ կողքի դիրքն էլ կորցնել: Այդ ժամանակ էլ` հոկտեմբերի 2-ի լուսաբացին,  մնում են նրանք, ովքեր պատրաստ են եղել կռիվը շարունակելու, մնում են տասը-տասներկու հոգով` Խաչիկը, մարտկոցի հրամանատարը, դասակի հրամանատարը, եւս մի քանի հոգի: Խաչիկի զոհվելուց մեկ ժամ առաջ դիրք են բարձրանում ՄՈԲ-ի տղաներից, որոնք զենք են տեղափոխում թեժ ռմբակոծության տակ: Երբ հասել են դիրքեր, տեսել են, որ այնտեղ մարդ չկա:

«ՄՈԲ-ի տղաները  պատմել են, որ տեսել են անտառներում թաքնված տղաների, մոտենում, հետաքրքրվում են, թե ինչի են թաքնվել: Այդ ժամանակ էլ տեսել են, որ հրետանին կրակում է, հարցնում են, իմանում, որ Խաչիկն է: Մարտկոցի հրամանատարը` Արաբո  Ալավերդյանը,  եւ դասակի հրամանատարը` Արտակ  Հովհաննիսյանը, պատմում են, որ եթե Խաչիկը  չմնար ու կրակեր, մենք ավելի շատ զոհեր կունենայինք: Իրենց  խոսքերով` եթե Խաչիկը չմնար, իր վրա չվերցներ կրակելու պարտականությունը,  մարտկոցի կեսին կկորցնեին, եւ դեռ հարց է` կհաղթեի՞ն, թե՞ ոչ:  Այդ օրն  իրենք հաղթել են: Արտակն ասում է, որ թվերն  ինքն է Արաբոյի հետ  փոխանցել Խաչիկին, դիտակետից թվերն եկել են, փոխանցել են, հաշվարկներն արել է Խաչիկը, թե ինչ լիցք, լիցքավորված ինչպիսի արկ պետք է բերեն, եւ կողքն էլ կանգնած խփել է: Մոտ երեք ժամ, գուցե ավելի, Խաչիկը մարտն այդպես վարվել է: Տղաներն ասում են, որ Խաչիկի մեջ ոչ մի խուճապ չեն նկատել, ոգեւորված է կռվել: Հոկտեմբերի 2-ին, ցերեկը, իրենք գրավում են այդ դիրքերը: Հետո նրանք հրաման են ստանում` օգնելու ձախակողմյան դիրքին: Եթե իրենք չօգնեին երկրորդ դիրքին, Խաչիկը չէր զոհվի: Հետաքրքիր է, որ Խաչիկի զոհվելուց հետո մարտը դադարում է: Հետեւակը մտնում է դիրքեր, եւ այդ ժամանակ գեթ մեկ զոհ չի ունենում, եւ դա հրետանու աշխատանքի արդյունքն է լինում: Հետեւակն անկորուստ մտնում եւ տեղավորվում է դիրքում: Արտակն ասում է` եթե Խաչիկը չմնար ու չկռվեր, մենք երկու դիրքն էլ չէինք գրավի,  ձախակողմյան դիրքն էլ կկորցնեինք  »,- ասում է Նարինեն:

Հետմահու Խաչիկ Պողոսյանն արժանացել է  «Մարտական առաջին աստիճանի խաչ » շքանշանի,  «Մարտական ծառայության »  համար պարգեւի:

Որպես հոգեբան` Նարինե Հարությունյանը նկատում է, որ պատերազմից հետո հոգեբանները համախմբվել եւ լուրջ աշխատանք են կատարել  զինվորների ընտանիքների հետ, հիվանդանոցներում`  հաշմված զինվորների հետ: Ավելի ուշ, ըստ նրա, այդ աշխատանքը վերածվեց պետական քաղաքականության, հոգեբանները ստեղծեցին կոնսորցիում, որի նպատակը օգնելն էր` հաղթահարելու  հետպատերազմյան  տրավման :

Թագուհի Հակոբյան     

Pin It on Pinterest