Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ելնելով պետության կողմից իր քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության ապահովման և դրանց վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման պարտականությունից, 2020թ-ի սեպտեմբերի 27-ից նոյոմբերի 9-ը ժամանակահատվածում իրականացրել է 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրների հետազոտում։

Դեռևս շարունակվում է մտահոգիչ մնալ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը:

Ընտանիքները բախվում են նաև իրավական կարգավիճակի բացակայության, սոցիալական, առողջապահական, հոգեբանական աջակցության եւ այլ խնդիրների:

Զեկույցը ներկայացվեց 2022 թ․ մարտի 22-ին։ Միջոցառմանը հրավիրված էին պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ, ովքեր ևս հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց  խնդիրները, որոնց առնչվել են պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում:

Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության խնդիրները առաջացել են դեռևս առաջին արցախյան պատերազմի ժամանակ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213:

ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝  ղարաբաղյան առաջին հակամարտության հետևանքով անհայտ կորածների թիվը Հայաստանում շուրջ 400 է:

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կրկին մեծ թվով մարդիկ անհայտ կորան. ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Զեկույցում անդրադարձ կա նաև անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերվող օրենսդրությանը, օրենսդրական բացերին, ավելի քան մեկ տարվա ընթացքում ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներին, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հանդեպ պետության պարտավորությունների կատարման վիճակին:

Անդրադարձ  կա նաև անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների խնդիրների լուծմամբ զբաղվող պետական կառույցների գործունեությանը, նրանց լիազորություններին եւ գործառույթների իրականացման վիճակին եւ արդյունավետությանը:

Այս առումով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ արձանագրել են սոցիալական արդարության լուրջ խնդիր, երբ մահացած զինծառայողների գերակշիռ մասը՝ 90%-ը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ էին․

«Թե ինչպես է լինում, որ այս սոցիալական անարդարությունը կամ շերտավորումը դրսևորվում է, առանձին քննարկման հարց է, բայց սա շատ կարևոր հարց է, որպեսզի հարազատների մոտ այդ անարդարության զգացումը գոնե ինչ-որ կերպ փարատվի։ Սա լուրջ հարց է, և պետությունը պարտավոր է ուսումնասիրություն կատարել և հետամուտ լինել»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Հանդիպմանը ներկա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը մատնանշեց, որ իրենց արձանագրած խնդիրներից է ինստիտուցիոնալ ձևով հոգեբանական աջակցության տրամադրման բացակայությունը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն անհայտ կորածների հարազատներին տրված հոգեբանական աջակցության առումով, այլև զոհված զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող աջակցության իմաստով․

«Պաշտպանության նախարարության հետ համատեղ հաղորդակցության արդյունքում մեր հետևությունը հանգում է նրան, որ այդ քայլերը առավելապես իրավիճակային դիսկրետ են, նրանք չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, ինչը նաև դժվարացրել է շատ դեպքերում պաշտպանական գերատեսչության աշխատանքը՝ կենտրոնանալու իր հիմնական խնդիրների լուծմանը»,- հանդիպմանը ասաց Գրիգորյանը։

Նա նաև ավելացրել է՝ հոգեբանական աջակցության ժամանակին չտրամադրումը դժվարացրել է և ռիսկեր է ստեղծել հետագայում անձանց հոգեկան առողջության խնդիրների խորացման առումով, և դրա վերաբերյալ իրենք ունեն կոնկրետ փաստեր նաև բողոքների ուսումնասիրության արդյունքներն են վկայում այս մասին։

Զեկույցում անդրադարձել են նաև նույնականացման աշխատանքների ընթացքում առկա խնդիրներին։ Արթուր Սաքունցի խոսքով՝ ուսումնասիրության մեջ հատուկ ուշադրություն են դարձրել աշխատանքների իրականացման ընթացքին, որովհետև դա հենց նաև ճակատագրի վերաբերյալ տեղեկությունների ապահովման կարևոր գործիքներից է։

«Մի կարևոր առանձնահատկություն կա այս երկրորդ պատերազմից, որը չկար առաջին պատերազմից հետո, դա նույնականացման հնարավորությունն է։ Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել Միջազգային Կարմիր Խաչի կողմից նույնականացման մեխանիզմի ներդրումը, որովհետև հիմա հնարավորություն կա մասունքների հետ աշխատանք կատարել, որը Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ չկար»,-հանդիպմանը ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը նաև նշեց, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել է հատուկ բանաձև Հարավային Կովկասում անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ի Միգրացիոն կոմիտեի հատուկ զեկուցողը Հարավային Կովկաս այցելել է այն բանից հետո, երբ անհայտ կորածների հարազատները համատեղ գրություններ են ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին․

«Այն ժամանակ դեռ կար երկխոսություն ադրբեջանական կազմակերպությունների հետ։ Հիմա չկա այդ երկխոսությունը։ Հատկապես հումանիտար խնդիրները, անհայտ կորածների գտնվելու վայրը և այլն, առանց երկխոսության չի կարող լինել։ Եվ, ցավոք սրտի, այն հումանիտար աղետը, իրավունքների ոտնահարման այն վիճակը, որը հիմա տեսնում ենք, հիմքեր չի տալիս մտածելու կամ նույնիսկ ակնկալելու, որ կարող է երկխոսություն լինել անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման կամ ճշտման ուղղությամբ»,- ընդգծեց Սաքունցը։

Pin It on Pinterest