Հայաստանի երկու առանցքային պետական կառույցներ՝ պաշտպանության նախարարությունն ու Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը միմյանց հակասող տեղեկություններ են հայտնում Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման վերաբերյալ:  

ՄԻՊ-ը հաստատում է տեղեկությունները, որ թշնամու զինվորականները մարտի սկզբին հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում, իսկ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է:

Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը և շեշտում է, որ բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։

Ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարությունն էլ հերքում է միայն այս գարնանն առաջխաղացման մասին տեղեկությունները՝ նշելով, որ նշյալ տարածքը, որի շուրջ քննարկումներ են սկսվել ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել ոչ թե այս, այլ նախորդ տարվա գարնանը: Այսինքն, աձնուհանդերձ, ՀՀ սուվերեն տարածքն անցել է թշնամուն, միայն, թե հանրությունն այդ մասին մեկ տարի անց է իմանում:

Սյունքից ընտրված, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշում է՝ ստացվում է՝ տարածքն այնուհանդերձ  անցել է Ադրբեջանին, միայն թե ՊՆ-ում այդ մասին տեղեկացել են նախորդ տարի, իսկ լայն հանրությանը հայտնի է դարձել այս գարնանը:

«Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը, որն ըստ Խորհրդային միության քարտեզների՝ մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նախորդ տարվա գարնանը, ինչից հետո այնտեղ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, սակայն ձմռանը, չունենալով բավարար կենցաղային պայմաններ, ադրբեջանական զինուժի մի մասը հեռացել է տեղանքից:

Այժմ եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ և նախկինում փորված խրամատների հարակից տարածքում նույն բնագծի վրա, առանց առաջանալու, տեղադրվել են վրաններ»,- նշված է ՊՆ-ի պարզաբանման մեջ:

Սյունիքից ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը Պն-ի այս բացատրությունը տարակուսելի է որակում:

«ՊՆ ասում է՝ այն դիրքերը, որտեղ այս պահին  տեղակայված են ադրբեջանցիները, ոչ թե հենց հիմա են եկել, շատ ավելի շուտ են եկել։ Ասում են՝ եկել են Հայաստանի սուվերեն տարածք, բայց ժողվուրդ ջան, մի խառնվեք,  դա եղել է ոչ թե հիմա, այլ որոշ ժամանակ առաջ։ ՊՆ-ն ո՞նց կարող է նման հաղորդագրություն տարածել։

Եթե որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք նկատել էինք, ինչո՞ւ չէիք  եկել այդ դիրքերը զբաղեցրել ու նրանց հետ շպրտել։ Աբսուրդ է, էլի։  Բացառապես, առնվազն անգործություն է»,- ասաց նա։

Պաշտպանական գերատեսչության կողմից խուճապի չմատնվելու հորդորներին զուգահռե ՄԻՊ-ն ահազանգում է, որ  ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը ու այգիները: ՄԻՊ-ը շեշտում է ՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

Իսկ ահա Սյունիքից ընտրված իշխանական պատգամավորները կտրականապես հրաժարվեցին Ներքին Հանդում ստեղծված իրավիճակի մասին խոսել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաողովի անդամ, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը մինչդեռ հաստատում է ՄԻՊ-ի այն տեղեկությունները, որ այս առաջխաղացմամբ վտանգվում է գյուղացիների կյանքը:

«Ադրբեջանի  դիրքերը շատ մոտիկ են: Իհարկե, գարնանային, հողային աշխատաքներ կատարելիս գյուղացիները իրենց նշանառության տակ են հայտնվելու»,- ասաց նա:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ հատուկ ուշադրություն է գրավում նաև այն միտքը, որ թշնամին ցրտի պատճառով լքել է չկահավորված դիրքերը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու հայկական կողմը փորձել ապամոնտաժել կամ գրավել թշնամու լքած դիրքերը: Գագիկ Մելքոնյանն այսպես մեկնաբանեց.

«Դա իրենց տարածք է, առաջվա նման չէ, որ նման իրավիճակ լինում էր գնում նստում էինք»,- ասաց նա:

Ի դեպ, չի բացառվում՝ ՊՆ-ի երեկ տարածված պարզաբանման  ենթատեքստում այն է, որ թշնամու կողմից առաջխաղացումը եղել է այն ժամանակ, երբ Զինված ուժերի  գլխավոր շտաբը ղեկավարում էր Փաշինյանի հրաժարականը պահանջող Օնիկ Գասպարյանը: Նա, հիշեցնենք, ղեկավարեց մինչև մարտի առաջին տասնօրյակը:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest