Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոգեբուժարաններում  տիրող իրավիճակին, հոգեկան հիվանդների խնդիրներին անդրադարձել է թե իր տարեկան զեկույցների, թե առանձին հայտարարություններում, առանձին քննարկումների ժամանակ, կամ մամուլի հրապարակումներն ուսումնասիրելուց հետո: 

«Մարդիկ տարիներով մոռացվում են հոգեբուժարաններում, հոգեբույժ չունենք Հայաստանում: Ամբողջ Սյունիքի մարզում երկու հոգեբույժ ունենք, որոնցից մեկը թոշակի է անցել, մյուսը չի հասցնում։ Նման բաների վրա գումարներ պիտի ուղղենք»,- ասել է օմբուդսմենը խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ:

«Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով:

Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար», —   ասված է անցյալ տարվա հունիսի 30-ին տարածած հայտարարության մեջ:

Վերջին փաստաթուղթը հունվարի  22-ին հրապարակված ՄԻՊ արտահերթ զեկույցն է հոգեբուժարաններում պահվող անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ, որը խայտառակ փաստեր և կտրուկ գնահատականներ է պարունակում:

Օրինակ, նշվում է, որ հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների պատկերը 2017 թվականից չի փոխվել, որ  առանձնազրույցների ընթացքում շատ հիվանդներ հայտնել են, որ հոգեբուժական կազմակերպությունում գտնվում են ոչ սեփական կամքով և ցանկանում են անմիջապես դուրս գրվել, բայց իրենց դուրս չեն գրում, որ հոգեբուժարան ընդունվելիս ստորագրել են որոշ փաստաթղթեր՝ առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու, որ յուրաքանչյուր հիվանդին 4-ից 6 քմ անձնական տարածք տրամադրելու հարցը մինչ օրս չի լուծվել, և որոշ հիմնարկներում մահճակալները իրար կպած են, երբեմն նույնիսկ տեղադրված են միջանցքներում, հիվանդները զրկված են  մեկուսանալու հնարավորությունից, չունեն առանձին բաժակներ, բանալիով փակվող կողապահարաններ, որ սենյակներում հատակները բետոնածածկ են, որ մարդկանց լոգանքի պայմանները նվաստացուցիչ են, որ հիվանդներին հարկադրաբար պատվաստել են:

Ահա մի հատված Սևանի հոգեկան առողջության կենտրոնի առօրյայից.

«Պացիենտներից մեկը հայտնել է, որ պատվաստման առաջին դեղաչափը ստանալուց հետո առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, սկսել է ջերմել, ինչից հետո որոշել է, որ պատվաստման երկրորդ դեղաչափը չի ցանկանում ստանալ, թաքնվել է անկողնում, որպեսզի իրեն մյուսների նման չպատվաստեն, սակայն իրեն գտել և հարկադրել են պատվաստվել: Նշվածը խնդրահարույց է, և ստացվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից պատվաստում ստանալու կապակցությամբ տրված գրավոր համաձայնությունները կրում են ձևական բնույթ», — ասված է զեկույցում:

Ի գիտություն ընդունելու և իրավիճակը շտկելու փոխարեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանր է ընդունել Արման Թաթոյանի զեկույցը: Հունվարի 24-ին ԱՆ պաշտոնական էջին հայտնվեց նախարարի գրառումը, որը չոր պատասխան է օմբուդսմենի արձանագրումներին: Ավանեսյանը գրեց, որ Թաթոյանի պնդումը, թե հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների պատկերը 2017 թվականից չի փոխվել, «մեղմ ասած՝ ազնիվ չէ»: 

«Ցավում եմ, որ վերջին երեք տարվա ահռելի աշխատանքը, որ իրականացվել է այս ոլորտում, գրեթե չի արծարծվել զեկույցում», — գրում է նախարարը, Թաթոյանին շնորհակալություն հայտնելու, նրա զեկույցը որպես աշխատանքային ուղեցույց ընդունելու փոխարեն: Այնինչ, հենց զեկույցի սկզբում հստակ նշված է, որ 2021 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտին վերաբերող թվով 12 իրավական ակտ, որոնց անդրադարձ կա հետագա շարադրանքում:

 Նախարար Ավանեսյանը փորձել է պաշտպանել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի «բարի համբավը», որտեղ ՄԻՊ-ը աղաղակող խախտումներ էր արձանագրել: Ըստ նախարար Ավանեսյանի, այնտեղ «լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել դեղորայքի տրամադրման, սննդակարգի փոփոխության, սպիտակեղենի, հագուստի, հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման, ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը», — գրում է նախարարը:

Այս «օրինակելի» հաստատությունում արձանագրված խախտւմներից է սանհանգույցներում բաժանարար պատերի բացակայությունը:

«Իրար հարևանությամբ տեղակայված սանհանգույցները եղել են առանց բաժանարար միջնորմի, իսկ որոշ բաժանմունքներում առանձնացված են եղել ոչ ամբողջական պատով… Բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Լվանալու ենթակա ողջ հագուստը հավաքվել է բաժանմունքի հատակին՝ առանց անհատականացման և ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում»: Մինչ օրս Սևանի հոգեբուժարանում օգտագործում են զսպման անթուլատրելի միջոցներ:

«Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում», — ասված է ՄԻՊ զեկույցում: 

Forrights.am-ը հարցեր ուղղեց ՄԻՊ գրասենյակի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանին:

-Ի՞նչ բարեփոխումներ են իրականացնելու պետական մարմինները օմբուդսմենի գրասենյակի արձանագրումներից հետո, գուցե, Ձեզ հայտն՞ի է:

-Ամեն դեպքում մենք նաև դրանց վերաբերյալ առանձին տեղեկանքներ ենք ուղարկում և դրանց շրջանակներում նրանք մեզ պատասխանել են, և պատասխանները ամփոփվելու են տարեկան զեկույցում:

-Մեզ մասնավորապես հետաքրքիր է յուրաքանչյուր հիվանդի անձնական տարածքի խնդիրը: Հնարավո՞ր է, որ սրա հետ կապված բարեփոխում լինի և ասենք, հոգեբուժարաններում պահվող ստացիոնար հիվանդների թվաքանակը նվազեցնեն:

-Կա այս տարվա հունվարի 4-ի Առողջապահւթյան նախարարի հրամանը, որտեղ նշված է, որ յուրաքանչյուր անձի անձնական տարածքը պետք է լինի 4-ից 6 մետր: Երբ որ ՄԻՊ-ին ուղարկվել էր նախագիծը կարծիք հայտնելու, մենք պնդել ենք, որ միջազգային չափանիշներ ն ուսումնասիրելով, այդ տարածքը առնվազն պետք է լինի 4-ից 6 քմ: Երբ որ Խոշտանգումների կանխարգելման միջազգային կոմիտեն Մոլդովա այց է կատարել և ֆիքսել է, որ նույնիսկ 6 քմ մետր չի եղել տարածքը, դա որպես խախտում  է արձանագրվել:

-Սա նշանակում է, որ կբեռնաթափվե՞ն հոգեբուժարանները:

-Սա նշանակում է, որ անհրաժեշտ են սոցիալական, համայնքահեն, ծառայությունների զարգացումը  յուրաքանչյուր համայնքում, որ խնամք ստանալու նպատակով անձինք չհոսպիտալացվեն, այլ գտնվեն այդ կառույցներում, իրենք ընտանիքի մոտ, իրենց կեցության վայրում, որոնք խնամք կիրականացնեն:

-Առողջապահության նախարարը նշում է, որ կատարված բարեփոխումներին զեկույցում չեք անդրադարձել:

-Զեկույցում մանրամասն արձանագրված են և սոցապնախարարության, և առողջապահությն նախարարության դրական քայլերը: Ինչ վերաբերում է, արձանագրված խնդիրներին, այնտեղ ամբողջ տեղեկատվությունը փաստարկված է, նկարներով, փաստաթղթերով, մենք բոլորը ուղարկել ենք համապատասխան կառույցների: Չփաստարկված ինֆորմացիա այնտեղ չկա:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest