Հիմնականում խախտված են ժամկետային զինծառայողների իրավունքները

52

ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ մանրամասներ է հաղորդել 2021-ին զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված գործերի վերաբերյալ։ Ըստ այդ տվյալների՝ զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, ընդ որում զինվորական հանցագործություների մեջ մեղադրվողների կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ են։

«Ես միշտ ժամկետային զինծառայողների իրավունքներն եմ պաշտպանել, որովհետև հիմնականում իրենց իրավունքներն են խախտված։ Կա վատ վերաբերմունք զինվորի նկատմամբ, և ով ինչպես կարող էր, վատ է վերաբերվել զինվորին»,– այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակեց նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի պնդմամբ՝ քննչական մարմինները մեղադրում են հատկապես զինծառայողներին, քանի որ նրանց  կարող էին տանել, թողնել մի տեղում և չգնալ իրենց հետևից։ Վատ էին վերաբերվում․ «նրանք պիտի մահանան, նրանք եկել են մահանալու համար»։

«Այդպիսի տպավորություն ունեմ, և շատ ծնողներ էդպես են ասում, որ զինվորին օգտագործել են որպես ռեսուրս, որպես թնդանոթի միս։ Երբ պատերազմի ժամանակ մահվան լուրերը ստանում էինք, չէինք պատկերացնում, որ իրենք զոհվում են խմբերով, ավտոբուսներով, «ուրալներում», արդեն գրավված տարածքներում»։

Ժաննա Ալեքսանյանը որպես օրինակ բերեց Իշխանաձորի մոտ զոհված 17 զինծառայողների դեպքը, որոնք «որալում» այրվել են։ Այդ գործող կա 3 ականատես։ Մինչ այրվելը,  ԱԹՍ–ի ձայն է լսվել, զինվորի հայրը հրամանատարին ասել է՝ պետք է բացազատվել, բայց հրամանատրը պատասխանել է, որ դա ՀՕՊ–ի գործն է, և հրաման է տվել նստել «ուրալ, և 5 րոպե հետո ԱԹՍ–ի հարվածից զոհվել են։

«Այդ հրամանատարն այժմ ազատության մեջ է, երկու ամսով կալանավորել են, հետո ազատ արձակել, ու հիմա դատախազությունն անգամ բողոք չի բերել, որ նորից կալանավորեն։ Ծնողները պատմել են, որ ՊՆ–ի շրջանակներից նրանց փորձում են համոզել, որ հրամանատարը չպատժվի»,– նշեց իրավապաշտպանը։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանը գտնում է, որ բոլորովին զարմանալի չի, մեղադրվողների կեսը ժամկետային զինծառայողներ են․  

«Սա նշանակում է, որ ունենք իրավիճակ, որ էլի ամեն ինչ բարդում են 18 տարեկանների վրա։Էս ավանդույթը վաղուց կա․պատերազմի ամբողջ բեռը, բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ պատասխանատվությունը դնել 18-20 տարեկանների վրա։ Սա թե՛ բարոյական առումով, թե՛ պրոֆեսիոնալ առումով նորմալ չի,և սա էդ համակարգի հիվանդ լինելու մասին ա խոսում»։

Ինչ վերաբերում է բարեփոխումներին, Նինա Կարապետյանցը նշեց, որ այդ բարեփոխումներն այն նույն բարեփոխումների նման են իրականացվելու, որոնք մինչ այս պահն իրականացվել են կամ չեն իրականացվել։ Հետևաբար, դրական արդյունք չի ակնկալում ոչ էլ այս քրեական գործերից, քանի որ սկսած 10,15 տարի խաղաղ պայմաններում սպանված զինվորների քննվող գործերից մինչ վերջին դեպքերի քրեական գործերից ոչ մի տեղաշարժ չի տեսնում։

«Լավագույն հիմքը, որ ուզում են բարեփոխումներ անեն, լինելու էր սպանության դեպքերի քրեական գործերի բացահայտումը, թե չէ մնացածը տեխնիկական են»։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ նախ և առաջ պետք է հասկանալ այն պատճառները, որոնք հանգեցրել են այն իրավիճակին, որ քրեական գործի հարուցման հիմքեր են ստեղծել։

«Անձը գտնվում է պետության վերահսկողության, զինվորական հրամանի ներքո։ Նրա կյանքի, անվտանգության, առողջության, անվտանգ ծառայության համար պատասխանատու է պետությունը, երբ այս առումով պետութունն իր պարտականությունները չի կատարում, հանգեցնում է այնպիսի անվերահսկելի իրավիճակների, որի հետևանքով առաջ են գալիս հիմքեր քրեական գործեր հարուցելու։ Ո՞վ է պատասխանատու սրա համար, իհարկե, պետությունը, առաջին հերթին ԳՇ–ն, որը զինվորական ծառայության անմիջական պատասխանատուն է»։

 «Մարդիկ բանակ են ուղարկում իրենց որդուն, ուզում են տեսնել վերադառնալու են, թե չէ։ Եթե դուք բարեփոխումներ եք անում, պրոֆեսիոնալ բանակի մասին եք խոսում, ուրեմն պարտավոր եք ամեն ընտանիքին տեղեկացնել, թե ինչ եք անում, որ իրենց որդին էնտեղ ապահով զգա։ Սա է պետության պարտականությունն ու պատասխանատվությունը։ Պատասխանատվության իսպառ բացակայություն է։ Չկա մի հարց, որ իրենց վրայից չգցեն, չկա մի հարց, որ ընդունեն՝ դա իրենց չարածի արդյունքն է»,– եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում