Գեղանկարիչ Սեյրան Սողոմոնյանը` Սերոն,  արցախյան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պես  ընկերների հետ կամավոր մեկնել է ռազմաճակատ:

Պատերազմից վերադառնալուց հետո  նա Երեւանի Պուշկինի 4 հասցեում գտնվող  արվեստանոցում իր ընկերների հետ շարունակում է ստեղծագործել:

«Հասարակության դեմքը պատերազմից հետո». ահա այն հայեցակարգը, որով արվեստագետն առաջնորդվում է ստեղծագործելիս:

Արվեստագետը  պատերազմում կանգնում է երկվության առջեւ:

Ի՞նչ հետք թողեց  պատերազմը գեղանկարչի վրա:

«Սկզբում եղել ենք «Եղնիկներ »-ում, հետո` Լաչինի շրջակայքում  գտնվող  «Դժոխքի ձոր »-ում: Մինչ այդ ես ծառայել էի Քարվաճառում եւ ծանոթ էի Արցախին: Սկզբում ութ հոգով էինք, մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բոլորս էլ ողջ ենք վերադարձել: Կռվել եմ  «Կալաշնիկով» ավտոմատով: Ես իրականում չէի ցանկանա պատերազմի մասնակից լինել, քանի որ դրանից հետո իմ ողջ կյանքն է փոխվել: Թե՛ լավ առումով, թե՛ վատ առումով պատերազմն իր հետքն է թողել: Ես ավելի շատ կցանկանայի խոսել լավ բաներից, չհիշել բացասականը: Համենայնդեպս` ոչ մեկի մեջ ես վախ չեմ նկատել առաջնագծում: Եղել է անկազմակերպություն, ինչի մասին տեղյակ ենք: Բայց բոլորն իրար թեւ ու թիկունք էին կանգնել»,- հիշում է  Սեյրանը:

Գեղանկարիչն ասում է, որ պատերազմի կեսերից հասկացան, որ ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել: Մինչեւ վերջին վայրկյանը, սակայն, իրենք դեռ հավատում էին, որ հնարավոր է հաղթել, ոգեղենությունը շատ էր: Պատերազմի մասնակիցները, Սեյրանի ասելով,  ո՛չ հետեւել են, ո՛չ էլ   տեղյակ են եղել, թե  ԶԼՄ-ներն ինչ են հաղորդում, մյուսներն ինչ են ասում, իրենք կռվում էին:

«Եթե պատերազմը ճիշտ ղեկավարվեր, ապա կարող էինք մեր տարածքները պահել, համարում եմ, որ այդ յոթ շրջաններն էլ մերն են: Ես անկախության սերունդն եմ ներկայացնում, ծնվել եմ 1995թ., ոչ մի թիզ հողական եմ»,- ասաց Սեյրանը:

Հրանտ Մաթեւոսյանն ասում էր, որ եղեռնի մասին գրել չի կարող, քանի որ անկողմնակալ լինել չի կարող:

«Հրանտ Մաթեւոսյանը շատ ճիշտ է ասել: Նման արհավիրքները հնարավոր չէ նկարել, դրանց  մասին  գրել , ինչ-որ ձեւով նկարագրել: Ես, իհարկե, սկսեցի նկարել, եւ այդ թեմային վերաբերող շարք եմ պատրաստել, որը կցուցադրեմ գարնանը: Բայց  շարքը նվիրված է ոչ թե բուն պատերազմին, ոչ թե նրան, թե այնտեղ ինչ է կատարվել, այլ նրան, թե պատերազմից հետո ինչ է ապրում մեր հասարակությունը: Պատերազմի 44-օրյա ընթացքը  աշխարհում հերթական պատերազմն էր, տեղի են ունենում սպանություններ, զավթումներ, հաղթանակներ, պարտություններ  եւ այլն: Շատ կարեւոր է մարդկանց ապրումները, հույզերը եւ դեպրեսիան արտացոլել պատերազմից  հետո: Հետպատերազմյան շրջանն իրականում շատ ավելի բարդ է, քան բուն պատերազմի ընթացքը: Պատերազմի ժամանակ բոլորս դուխով ենք, բոլորս առաջ ենք գնում, դիմում ենք անձնազոհության: Սակայն շատ կարեւոր է, թե պատերազմից հետո ինչպես ենք փորձում վերականգնել այդ կորուստները, հատկապես` պարտությունից  հետո: Կյանքը մեզ լավ դաս տվեց, մենք մեզ շատ էինք գերագնահատում: Եվ այդ դասը պետք էր, որ ամեն ինչ վերաիմաստավորվի: Մենք պետք է մտածենք, թե ինչ է պետք անել, որ պատերազմ չլինի առհասարակ: Եվ դրա համար ամենակարեւոր  հիմքերից  մեկն էլ մշակույթն է »,- նշում է մեր զրուցակիցը:

Ժամանակին փորձեր արվել են, որպեսզի հայ, ադրբեջանցի, թուրք արվեստագետները  համագործակցեն  միմյանց հետ:

«Նման փորձ չեմ ունեցել, բայց չեմ էլ պատկերացնում այս պահին նման համագործակցությունը, որովհետեւ ապրումները դեռ թարմ են: Գիտակցական մակարդակում, որ դու ունես թշնամի, բայց հանուն խաղաղության պետք է գտնել ինչ-որ եզրեր, միգուցե փորձես համերաշխության եզրեր գտնել: Ինձ համար հիմա դա բարդ  խնդիր է, թեեւ ամեն դեպքում ցանկանում եմ, որ խաղաղություն լինի: Հաշտության պետք է գնալ միանշանակ, բայց ոչ գլուխը կախելով, նվաստանալով»,-  ասում է արվեստագետը:    

   Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest