Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 25-ին ՀՀ կառավարությունում արցախցիների սոցիալական եւ այլ խնդիրներին նվիրված խորհրդկցության ժամանակ ներկայացնւմ էր Արցախի իշխանությունների հաջողությունները պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում, կարիքավոր ընտանիքների համար կատարված բնակարանաշինություն արդյունքները:

Խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով, նշել է. «2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա շնորհիվ… մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ»:

Արցախի նախագահի պնդումը, որ արտաղաղթը կանգնեցվել է, վրդովմունքի ալիք է բարձրացրեց համացանցի արցախյան տիրույթում:

«Արայիկը ասում ա՝ արտագաղթը կանգնեցրել ենք, ու չի ասում, որ արտագաղթը դեռ նոր պիտի սկվի», — ասում է Մարտունու  բնակիչ, 2 տարվա զինվորական, առաջին արցախյան պատերազմի մասնակից, այժմ զինվորական թոշակառու Նաիրի Բաղդասարյանը:

«6 երեխաների տեր՝ մնալու եմ առանց տուն»

Նա դիմել էր Forrights.am-ին վարկերի տակ կքած արցախցիների անունից: Համոզված է՝ մարդիկ արտագաղթում են, որովհետև հնարավորություն չունեն կատարել բանկերի առաջ մինչև պատերազմը վերցված պարտավորությունները:

«Տուն, ունեցվածք՝ ամենը գրավի տակ է: Պատերազմից հետո իրենք ասել էին, որ կջնջեն վարկերը, կզրոյացնեն: Եւ Արայիկ Հարությունյանն էր էդ մասին ասել, և նախարարները, բայց խոստումները չեն կատարում», — ասում է նա:

Արցախյան Պատերազմից կես տարի առաջ նա մոտ 6 մլն դրամ վարկ էր վերցրել գյուղատնտեսության հիմնադրամից, բիզնես ծրագրով: Հույս ուներ ոչխարաբուծությանը զարկ տար Արցախում:

«Ֆերման տարա, իրենց ցույց տվեցի, պայման կար, որ պետք է ֆերմա ունենաս, տարբեր այլ պահանջներ: Բիզնես-ծրագիրն իրենց ցույց տվեցի, փողը տվեցին, ոչխարներն առա: Մինչև պատերազմը ամեն ամիս 30 հազարից մի քիչ ավել մուծում էի, բայց հետո, պատերազմի ընթացքում ոչխարները կորան: Ես ոչխարներին  թողեցի ֆերմայի արոտավայրում, որը հեռու տեղ էր: Պատերազմ էր, ես ոչխարներին պետք է տիրություն անեի», — պատմում է զինվորական թոշակառուն:

Նրա 6 երեխաներից երեքը ծառայում էին դիրքերում, ինքը՝ աշխարհազորի «խոզվզվոդում»: Ոչխարներին ո՞նց տիրություն աներ պատերազմի ժամանակ: Եկել, տեսել է՝ հարյուրից ավելի գլուխ ոչխարը չկա: «Թե տարել են, թե կերել են, թե սնարյադը ընկել է մեջը, կործանվել են՝ չգիտեմ»:

Պատերազմից հետո նախկին գյուղատնտեսը բանկի պարտքը այլևս չկարողացավ վճարել: Հայտնեց պետական մարմիններին, որ էսքան ոչխար պատերազմի հետևանքով անհետացել է և նա չի կարող այլևս 6 մլն վարկը փակել: « Բոլոր թղթերը ներկայացրեցի: Ասեցին՝ տեղահանվածների հարցերով ենք զբաղվում, զոհվածների, բայց ձերը մնում է վերջին պլան, երևի, վարկդ պետք է տաս: Պետական աջակցությունը վարկառուներին 3 մլն դրամ է: Եթե նույնիսկ հետագայում էդքանը ջնջեն, մի 5 մլն կմնա, որովհետև ամեն ամիս տոկոսներս ավելանում են: Տունս էլ զալոգի տակ ա: Օր ծերություն, մնալու եմ փողոցում», — ասում է Նաիրի Բաղդասարյանը: Միակ ելքը նա տեսնում է Ռուսաստան մեկնելու մեջ: 

«Եթե ընդդիմադիր ես՝ ոչ մի արտոնություն քեզ չեն տա»

Մարտակերտի բնակիչ, պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ Աշոտ Հայրապետյանի գլխին եկածը «բացահայտում» է Արցախի նախագահի պաշտոնական սուտը:  Պատերազմից առաջ նա ավտոլվացման կետ էր բացել Մարտակերտում, որն անվճար սպասարկել է շրջանի բնակիչներին, նրանց համար հաճախ որպես թաքստոց է ծառայել, բայց հրետակոծվել է: Հայրապետյանը չի կարողացել վճարել պարտքը «Արցախբանկին»: 3 մլն պարտքը բանկին դարձել է 4 մլն: Հիմա Աշոտ Հայրապետյանի գույքը ուզում են բռնագանձել: Մինչև հունվարի  վերջը նրան ժամանակ է տրված՝ կամ պարտքը մարել, կամ գույքը հանձնել բանկին։ «Եթե վարկերը հեչ անեն, ժողովուրդը չի գնա: Բայց գույքն էժան տալիս՝ գնում են»:

Արցախի նախագահի ընտրությունների ժամանակ Աշոտ Հայրապետյանը ընտրել է Սամվել Բաբայանին: Սոցցանցերում էլ չի զսպում իշխանությանը քննադատելու իր ցանկությունը: Վստահ է՝ պատժվում է ընդդիմադիր հայացքների համար: «Շատերի, իրենց կողմնակիցների վարկերը զրոյացրել են, իսկ ընդդիմադիրներին՝ոչ: Եթե ընդդիմադիր ես, ոչ  մի արտոնություն չեն տա: Մնում է գնալ երկրից», — ասում է նա:

Իմ ամուսնու արյունով ուրիշին տուն եք տալիս

Զոհվածի այրի Մարինե Բաբայանը սոցիալական այն խումբն է ներկայացնում, որին, ըստ Արցախի նախագահի, Արայիկ Հարությունյանի, Արցախի իշխանությունները, ՀՀ ֆինանսական աջակցությամբ օգնել են առաջին հերթին, ում բնակարան հատկացնելու վերաբերյալ Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ զրույցում ասեց. «Մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել… Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք»:

Մարինե Բաբայանի և նրա 2 երեխաների համար Մարտակերտի վարչական շրջանը հին տուն է վերանորոգել, որտեղ Մարինեի ամուսնու ծնողները ապրել է 90-ականներից: Սակայն հենց որ տունը նորոգվել է, Ռուսաստանից հայտնվել է տան տերը և պահանջում է այն իրեն վերադարձնել:

«90-ականներին, երբ որ մարդիկ վերադարձան, ամեն մեկը մի տեղ ապրեց: Խառը վիճակ էր, ում որտեղ կարողանում, տեղավորում էին: Իմ սկեսուրը երեխաների հետ մտավ այդ տունը: Ես 2006 թվականին նրանց տանը հարս եմ գնացել՝ Ազատամարտիկների փ, 7-րդ նրբանցք, տուն 3:  Մեր համայնքի նախկին ղեկավար Հայկ Բախշյանն ասեց, որ ընդհանուր շենքը կնորոգի, կգանք, նորմալ կապրենք: Հարկը, տուրքը տվել ենք էսքան տարի, ասեցին, որ հրաման կա, որ պետական գներով կառնեն, կտան ինձ: Ես համաձայնվեցի: Վերանորոգումից հետո զրույցի ընթացքը փոխվեց: Տան տերը մարդ ուղարկեց, պասպորտ հանեցին տան համար, ուզում են ժառանգությունը ճանաչեն», — գանգատվում է Մարինե Բաբայանը: Նա անելանելի վիճակում է:

Մարտակերտ համայնքի ղեկավար Արսեն Ավանեսյանին է դիմել: Նա ասել է, որ Մարինեն երեխաների հետ պետք է տեղահանվի, որ նրան ուրիշ տուն կտան: «Խոստացել է, չգիտեմ, ինչ կլինի: Բայց արդար չէ՝ զոհվածի անվան տակ լավություն են արել մարդուն, Իմ ամուսնու արյունով ուրիշին տուն են տվել», — ասում է Մարինե Բաբայանը:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest