«9-ն էլ յուրահատուկ էին, ամեն մեկը մի բանով օժտված էր։ Մեր տվյալներով՝ նրանք թշնամուն մեծաթիվ կորուստներ են հասցրել։ Ուղղակի նրանց թիկունքն էր պետք ապահովել, իսկ դա չարվեց, եթե բոլորի համար նահանջ կար, տղաների համար չկար՞։ Մենք շատ վիրավորված ենք էս իշխանության վերաբերմունքից։ Կյանքը հայրենիքին նվիրողների համար գնահատական չկա՞»։

Արմեն Մարտիրոսյանի եղբայրն է պատմում պատերազմից հետո Հին Թաղերում զոհված 9 տղաների մասին։

Արմենը

Արմենը ծառայել էր 2004-2006 թվականներին Խոջալուում, Արցախ։ Մինչ այդ սովորել էր Արմավիրի մարզի վարժարանում։ Եղբայրս ամուսնացել էր 2009 թվականին, ունի երկու երեխա՝ մի աղջիկ, մի տղա։ Երեք եղբայր ենք, բոլորս բնակվում ենք միասին։

Արմենը շատ բարեհոգի, կենսուրախ տղա էր, չէր սիրում սուտը, չէր սիրում խաբել։ Շտապօգնություն էր բոլորի համար, ամեն ինչից հասկանում էր, տենց տուն չկա, որտեղ ինչ-որ բան արած չլինի։ Իրա գործը կթողներ, կգնար, կօգներ։ Ասում էր՝ «եթե ինձ են ասում, ուրեմն դրա կարիքն ունեն, պիտի գնամ, ինչի՞ սպասեցնեմ, իմ գործը հետո էլ կանեմ»։ Միշտ հասնում էր ընկերներին, շատ նվիրված էր։ Իրա ոսկե ձեռքերով իր տունը կառուցեց, իր աշխատանքով, իր քրտինքը գումար սարքելով՝ շինություն սարքեց։ Շատ նպատակներ, երազանքներ ուներ, ու իր երազանքն էլ իր ընտանիքի հետ իր կառուցած տանը ապրելն էր։

Պատերազմն սկսվեց

Արմենը պատերազմի առաջին իսկ օրից հարենիքի կանչով եղել է մարտի դաշտում։Սեպտեմբերի 27-ից նա գնացել է Ջրական, հենց առաջնագիծ՝ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա։ 14 օր մնացին էնտեղ, շատ ուշ-ուշ էր զանգում, ամենաերկար խոսակցությունը եղել ա՝ «լավ եմ, ոչինչ, լավ կինի, չմտածեք, չեմ կարա երկար խոսեմ»,  էնքան որ զանգում էր, ասում՝ լավ կլինի, բայց մենք լսում էինք, որ էդ հատվածում թեժ մարտեր են լինում, ժողովրդի ասելով՝ դժոխք հասկացությունը էդտեղ էր: Պատերազմից, որ հետ էր եկել, ասում էր՝ շատ դաժան էր, պատմում էր՝ ինչպես են 18 տարեկանները կռվում թշնամու դեմ։ Հայրենիքն են պահել՝ մյուսների նման չփախչելով։

Երկրորդ անգամ տարան նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 26-ին։ Իրանք պիտի գնային Լիսագոր՝ մի քանի օրով ինժեներական աշխատանքներ անելու, համենայն դեպս մեզ էդպես էին ասել։ Հետո, որ զանգեց, նոր իմացանք, որ ոչ թե Լիսագորում են, այլ Հադրութում՝ Հին Թաղեր- Խծաբերդ, նրանք ասում էին՝ «մենք էլ չգիտեինք՝ ուր ենք գնում, գիշերով, մեր իմացածով պիտի արդեն հասած լինեինք, բայց արդեն 3, 4 ժամ ա՝ ճանապարհ ենք գնում անհասկանալի տեղերով», մեքենայով որ իջնում են, հարցնում են՝ «որտեղ ենք», ասել են՝ Հադրութ, տղաները հարցրել են՝ «բա սա մերն ա՞», պատասխանել են՝ հա։ Տղերքին բաժանում են դիրքերով։ Իրենց ասում էին, որ դա մեր տարածքն ա, պիտի պահվի։

Տղաների հետ պարբերաբար խոսում էինք, չնայած, որ կապն էնքան էլ լավը չէր, ասում էին՝ «ուրբաթ պիտի «պերեսմենկա» լինի», չի լինում։ Մեր համար էլ էր անհասկանալի, թե ինչի՞ են էնտեղ, եթե մեր իմանալով՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո էդ տարածքը պիտի հանձնվեր։

Էսօր ամեն մի զինվորն էլ հայրեիքի համար թանկ ա, եթե նրանց ինչ-որ տեղ են տանում, տեղակայում, պիտի ամեն վայրկյան զինվորից տեղյակ լինեն։ ի՞նչ հիմքերով էին ուղարկում էդտեղ, ենթադրենք, որ ինչ-որ մեկը վիրավորվում էր, ո՞նց էին իմանալու, որ օգնեին։

Վերջին անգամ

Վերջին անգամ քույրիկիս հետ ա խոսել դեկտեմբերի 11-ին՝ երեկոյան 6-7-ի սահմաններում։ Ասել ա՝ «լավ ենք, հեռախոսիս զարյադկեն նստումա , կզագեմ»։

Ոչ պետության կողմից, ոչ էլ ՊՆ-ից ոչ մի լուր չէին հաղորդում։ Մենք, իմանալով, որ այդ հատվածում իրավիճակը վատ ա, գնում ենք ՊՆ, որ մի բան իմանանք։ Բայց շատ բաներ իրանք էին մեզանից իմանում․ որ մեր տղաները այդ դիրքերում են, ու որ նման գործողություններ են իրականացվում այդտեղ․ թշնամու կողմից հարձակում, որոշ տեղերում նահանջ։ Իրենք բանից անտեղյակ, ուղղակի մեզ հանգստացնելու համար, ուրախ-ուրախ ասում են՝ «ամեն ինչ նորմալ ա, ձեր տղաները գերի են ընկել, խաղաղապահների հրամանատար Մուրադովը զրուցել ա նրանց հետ։ Ինչ-որ փոխգնդապետ էր, չեմ էլ հիշում։

Հարցնում եմ՝ «լավ ա՞ գերի ընկնելը»։ Չնայած ես ոչ իմ ախպորից, ոչ էլ մյուս տղաներից չեմ հավատացել, որ կարան գերի ընկնեն,  որովհետև իրանք գերի ընկնելու համար չեն գնացել, եթե զենքը վերցնում ես ձեռքդ, դու պարտավորություն ու առաքելություն ունես քո վրա։ Այսինքն՝ քո կյանքի գնով պետք ա պահես։ Մենք էլի մեր ուժերով իմացանք, որ տղաները զոհվել են։ Էստեղ արդեն սպասում էինք ճանաչման, թշնամու կողմից էնպիսի արարք չէր եղել, որ տղաներին հեշտ տարբերակով ճանաչեինք։

Գնահատական չկա՞

9 տղերքով մի միտք, մի խոսք էին դառել, մի բռունցք էին դառել, որ զորամասից գալիս էին, հագի հագուստն էլ չէին հանում, ոնց որ դրա մեջ ապրեին իրանք ։

Ամենաթանկը կյանքն ա, եթե էդ էլ չգնահատեն, էլ ի՞նչ։ Էս տղերքը, որ մինչև վերջ մարտնչել են, իրենց թանկն են ներդրել հայրենիքի համար, արածի գնահատականը բա ո՞ւր ա։ Տղաներն էլ ի՞նչ պետք ա անեին, կյանքից թանկ բան կա՞։

Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան

Լուսանկարներ՝ Աստղիկ Գաուդյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest