30-ամյա Սարգիս Սարիբեկյանը 2020թ. 44-օրյա  պատերազմի ժամանակ Արցախ էր  մեկնել  ծանուցումով: Մինչեւ պատերազմ մեկնելը Սարգիսն աշխատել է «Հայբիզնեսբանկ »-ում: Նա մասնագիտությամբ տնտեսագետ էր:  

Սարգիսը ժամկետային ծառայությունն անցկացրել է Լուսակերտում, ռուսական բանակում, եղել է սահմանային հետախույզ:  

Նրան վիճակված էր ընդամենը մի քանի օր մասնակցել մարտերին`  ամենաթեժ կետերում: Այդ ժամանակ Հաթերքում կատաղի մարտեր են եղել, որոնց  ժամանակ էլ, հոկտեմբերի 2-ին Սարգիսը զոհվել է: Երկար ժամանակ ռմբակոծել են դիրքը, Սարգիսը դուրս է եկել հետախուզության, նկատել է, որ թուրքերն արդեն բարձրացել-հասել են իրենց դիրք, օգնության կանչելու, խուճապի ժամանակ էլ մահացու վիրավորվել է: Մեր տղաները`փոքրաթիվ խմբերով, իրոք հերոսական մարտեր են մղել, պահել դիրքերը: 

Սարգսի քրոջը` Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող Արփինեին մխիթարում է միայն այն իրողությունը, որ իր զոհված եղբորն ու նրա ծառայակից ընկերներին հաջողվել է պահել Հաթերք գյուղը, այն ներկայումս Արցախի կազմում է: 

Արփինեի ասելով` Սարգիսը սիրում էր քայլարշավների մասնակցել, ծանոթ էր սարեր-ձորերին, արահետներին, ճանապարհներին, կարողանում էր բարձր դիրքեր մագլցել: Եվ քանի որ Հաթերքը բարձր դիրքերում է եղել, նա շատ արագ կողմնորոշվել եւ օգնել է վիրավորներին իջեցնել-տեղափոխել:    

Արփինեն հիշում է, որ պատերազմից առաջ եղբայրը մի քանի անգամ ներկայացել է զինկոմիսարիատ, սակայն իրենց համար դրա պատճառներն անհասկանալի են մնացել: Զինկոմիսարիատ է ներկայացել նաեւ պատերազմից երկու շաբաթ առաջ, կանչել են, Սարգիսը գործը թողել, գնացել է այնտեղ:

«Ենթադրում ենք, որ ինքն իմացել է սպասվող պատերազմի մասին, ինչ-որ բան է պայմանավորվել, խոստացել կամ ստորագրել: Երբ եկել է տուն, տատիկս հարցրել է, թե ինչի համար են կանչել, եղբայրս սարկազմով պատասխանել է, թե իրեն ասել են` քեզ նման նվիրյալ հինգ հարյուր տղա լինի, մեր հայրենիքը խնդիր չի ունենա: Այդ ամենը մենք հետո ենք հիշել ու վերլուծել: Ինձ թվում է, որ իրեն եւ տղաների այլ խմբի զգուշացվել է պատերազմի մասին, կոնկրետ օրը չեն իմացել, բայց իմացել են, որ պատերազմ է լինելու: Սարգիսը երկու-երեք շաբաթ բանկում, իր անձնական համակարգչով նայել է, թե զենքն ինչպես են քանդում, ուսումնասիրել է աշխարհի առաջատար բանակների զենքերը: Այդ ամենի մասին մենք իմացել ենք հետո: Ընկերները, երբ բացել են իր  համակարգիչը, youtube.com-ում տեսել են, որ այնտեղ միայն զենքեր քանդել-հավաքելու դրվագներ են: Եվ երբ իր հրամանատարն արդեն Սարգսի զոհվելուց հետո այցելեց  մորս, ասաց, որ չեն հավատացել, որ ինքը զինվորական չէ»,- ասաց Արփինեն:  

Արփինեն հիշում է, որ եղբայրն առաջին անգամ զանգել է, երբ հասել է Արցախ, լուսադեմին, եւ աղմուկից, խուճապից էլ նրա հարազատները հասկացել են, որ  վիճակը լուրջ է: Երկրորդ անգամ քույրը հետաքրքրվել է, թե արդյո՞ք բունկերում են, Սարգիսն էլ ասել է`այո՛, բունկերում ենք: Հետո, իհարկե, Արփինեն հասկացել է, որ ինքն աբսուրդ հարց է տալիս:

«Երկրորդ անգամ զանգելիս խնդրեց, որ մի արցախցի տղայի, որի ընտանիքին ուղարկել էր Երեւան, X գումար տանք: Մենք, իհարկե, տվեցինք այդ գումարը: Երրորդ անգամ մի քիչ երկար  խոսել է ամուսնուս հետ, պարզվել է, որ մի թեթեւ վիրավորվել է ոտքից, սակայն նա չի տրտնջացել,  քանի որ տղաները քիչ էին, պետք էր նրանց կողքին լինել: Եղբայրս նկարներ, սելֆիներ չի արել, եւ մեզ համար իր`  զոհվելուց  հետո էլ  պատերազմողի կերպարը լրիվ բաց է մնացել: Մենք չէինք կարողանում պատկերացնել, թե երբ ուր ոնց գնաց: Նույնիսկ այնքան էր շտապել, որ զինգրքույկն էր մոռացել իր հետ վերցնել:  Իր հետ պատերազմին մասնակցած ընկերներն ավելի ուշ բերեցին եղբորս հագուստները: Իրենց 18 հոգանոց խմբից երկու հոգի են զոհվել, մեկը`  եղբայրս , մյուսը`Հմայակ Փաշոյանը: Հիմա Սարգսից միայն մեկ լուսանկար է մնացել մեզ պատերազմական օրերից, գուցե իր հեռախոսի մեջ կային լուսանկարներ, սակայն հեռախոսը մեզ չի հասել»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արփինեն:  

Թագուհի  Հակոբյան 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest