2019 թվականին ընդունված օրենքի համաձայն ցմահ դատապարտյալները, որոնք 15  տարի անազատության մեջ են եղել,  դրական վարքագիծ ցուցաբերելու դեպքում կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ 18 տարի ազատազրկումից հետո՝ պահվել ամենամեղմ՝ կիսաբաց ռեժիմով, որը ենթադրում է, որ նրանք կալանավայրում են մնում միայն  գիշերային ժամերին:

Օրենքն այս, հավանաբար, ընդունվել է միջազգային իրավապաշտպան կառույցների աչքին թոզ փչելու, դեմոկրատիայի իմիտացիա ստեղծելու համար: Այն հիմնականում մնում է թղթի վրա:

Անգամ 20-25 տարի ազատազրկման վայրերում անցկացրած դատապարտյալների նկատմամբ արդարադատության նախարարությունը, տեղաբաշխման հանձնաժողովը, քրեակատարողական ծառայությունը զլանում են կիրառել հիշյալ դրույթները:

Պատճառաբանություններն ամենաանհեթեթն են: Օրինակ, մի 6-7 տարի առաջ մարդը կարող է նկատողություն ստացած լինի բջջային հեռախոս պահելու համար: Քրեակատարողական օրենսգրքի համաձայն, այդ սանկցիան 6 ամիս անց ուժը կորցրած է համարվում, բայց ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովը կարող է տարիներ առաջ անցած-գնացած այդ տույժի պատճառով մերժել դատապարտյալի դիմումը ռեժիմի փոփոխության վերաբերյալ:

Մերժման որոշումները դատապարտյալներին հասնում են մեծ ուշացումներով: Նրանք ամիսներով ստիպված են սպասել, մինչև որ չինովնիկները բարեհաճեն գրավոր պատասխաններ ուղարկել նրանց դիմումներին:

Ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի համար, որը 22 տարի բանտված է, սպասումը տեւել է մոտ մեկ տարի: Ռեժիմի փոփոխության՝ կիսափակ հիմնարկ տեղափոխվելու վերաբերյալ դիմումը նա բերդի ադմինիստրացիային  ներկայացրել է հունվարի 17-ին: Կես տարի անց՝ հունիսի 8-ին, ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովից դրական պատասխան է ստացել և տեղափոխվել է կիսաբաց հիմնարկ, բայց ընդամենը  մեկուկես ամիս է ապրել այնտեղ: Հուլիսի 7-ին դատախազությունը կասեցրել է որոշումը վերանայման նպատակով:

Մի կես տարի էլ պահանջվել է վերանայման համար: Նոյեմբերի 19-ին նույն  տեղաբաշխման հանձնաժողովը որոշել է, որ սխալվել է, և չեղարկել է իր իսկ որոշումը:

Զարմանալի փաստ՝ միևնույն մարմինը երկու տրամագծորեն տարբեր որոշումներ է ընունել միևնույն անձի վերաբերյալ:  «….Դատապարտյալ Ալեքյանը մասնակցել է 23.03.21 շախմատի միջոցառմանը: Բնութագիրը՝ շփվող, հետաքրքրասեր, նախաձեռնող: Ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, դրսևորում է դրական վարքագիծ», — գրված է ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովի 08.06.21 կայացված որոշման մեջ:

Իսկ արդեն նոյեմբերին ն ույն  հանձնաժողովը գտել է, որ Արտակ Ալեքյանը «լիարժեք չի դրսևորել դրական վարքագիծ» և և նրան կիսաբաց հիմնարկ տեղափոխելը նպատակահարմար չէ»:

«Դատապարտյալը չի կարող համարվել դրական վարքագիծ դրսևորող միայն այն բանի համար, որ մասնակցել է մարզական մրցաշարերին, այն դեպքում, երբ նա պատժի կրման ընթացքում  12 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի, պատժի կրման ավելի քան 21 տարիների ընթացքում չի աշխատել, ավելի քան 3 տարի հաշվառվել է որպես փախուստի հակում ունեցող, դատապարտյալը չ ի մասնակցել ինքագործ միավորումներին, մշակութային և այլ ծրագրերի», — ասվում է մերժման  հիմնավորման մեջ, նաև նշելով, որ անձնական գործի ու անհատական քարտի ուսումնասիրությամբ դրական վարքագիծ դրսևորելու հանգամանքը ու դրական դինամիկան չեն հիմնավորվում:

Երբ Ալեքյանը պնդել է, որ, ախր, մասնակցել է բոլոր միջոցառումներին, ինքնագործ խմբերի, և այլն, կենտրոնական  մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական բնոյւթի աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադեւոսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է դատապարտյալին մի չափազանց աբսուրդ իրողությա ն մասին. բանն այն է, որ «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարված հարցման արդյունքների համաձայն, 2006 թվականին իրականացված դասընթացների և սպորտային միջոցառումների վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն, քանի որ դրանք ոչնչացվել են պահպանման ժամկետը լրանալու հիմքով»:

Փաստաթղթերը ոչնչացրել են, իսկ դատապարտյալին մերժում են, քանի որ չկան փաստաթղթեր, որոնք կփաստեին նրա մասնակցությունը 2006 թվականի միջոցառումներին: Այսպես ցմահների ճակատագրերը խաղալիք են դառնում ԱՆ միջին դասի չինովնիկի ձեռքին:  

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest