-Ես պիտի մեծանամ, զինվոր դառնամ, հայրենիքս պիտի պաշտպանեմ․  Եղեռնի օրն եմ ծնվել, էդ հենց նենց չի, էդ մեծ բան ա։

Զինվոր դառնալու ցանկություն Աբրահամ Սադոյանը դեռ փոքր ժամանակվանից ուներ, ծնվել էր ապրիլի  24-ին, ու դա ճակատագիր էր համարում։

Աբրահամը

Բարի էր, ազնիվ, ընկերասեր էր ու հարմարվող։ Դեռ չէր կողմնորոշվել մասնագիտության հարցում, ասում էր՝ գնամ բանակ, գամ, նոր կորոշենք։ «Դոսաֆ» էր գնում, վարարոդական իրավունքը վերցրեց ու զորակոչվեց բանակ 2020 թվականի ամռանը։ Ծառայությունից երբեք չի բողոքել, չի դժգոհել, էդպիսի բնավորութուն էլ չուներ։

Պատերազմն սկսվեց

Աբրահամը երկու ամսվա զինծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Ինքը Մեղրիի Ագարակում էր ծառայում, բայց պատերազմի ընթացքում տեղափոխել են Ջեբրայիլ, մենք դրա մասին չենք իմացել։

Հոկտեմբերի 2-ին հոր հետ խոսեց, ասեց՝ «ես Մեղրիից 10 կմ հեռու ճամբարում եմ, ոչ մի բանից խաբար չեմ, դուք ձեր մասին մտածեք, ես շատ լավ եմ»։ Ոնց-որ ուզում էր հասկացներ, բայց պարզ չասեց տենց էլ։  Մենք էլ սննդից, տաք հագուստից էինք հարցնում, ասում էր՝ «ամեն ինչ ունենք, նորմալ ա»։ 

Մենք գիտեինք, որ պատերազմ ա, բայց չէինք մտածում, որ ինքը պատերազմի մեջ ա։ Չէինք մտածում, որ երկու ամսվա զինծառողին կարող ա տանեն դիրքեր։ Եթե ես իմանայի, որ ինքն էնտեղ ա, իրա կողքին կլինեի։

Պատերազմի ընթացքում շուտ-շուտ զանգում էր, բայց ոչ մի բան չէր պատմում, մենակ մեզնից էր հարցնում։ Ու էդպես էլ չասեց, որ  պատերազմի դաշտում ա, ամենաթեժ կետում ա, մինչև վերջին օրն էլ չասեց։ Ինքը շատ հանգիստ, հանդարտ ա խոսել միշտ, որ մենք չզգանք՝ ուր ա։ Տագնապ չի եղել ձայնի մեջ։ Ինքն անգամ նկար չի ուղարկել զենքով, որ չկասկածենք՝ կռվի դաշտում ա։ Հետո ամիսներ անց պարզվեց՝ ուր ա եղել, ոնց ա եղել դեպքը։

Բերեցին

Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին ա զանգել։ Ասեց՝ «տանում են, բայց էլ հարցեր մի տուր, մեկա գիտես, որ չեմ ասելու ոչ մի բան։ Երկու օր հետո՝ հոկտեմբերի 11-ի առավոտը,  իմացանք լուրը։ Հենց նույն օրն էլ բերեցին տղուս։

Դեպքի մասին զոհվելուց հետո իմացանք։ Անօդաչուի հարվածից ա զոհվել, էդ օրը թեժ մարտերի մեջ են եղել, զոհեր շատ են ունեցել։ Իրանց խմբից 9 հոգի են մնացել, մարտը վարել են, դիրքն ազատագրել են, հետո իրանց խմբին ասել են՝ հետ ենք տանում Մեղրիի զորամաս, բայց ինքն իր 8 ընկերների հետ ինքնակամ նորից մեկնել ա մարտի դաշտ։ Ինքը շատ առաջադրանքներ ա կատարել իր ընկերների հետ միասին։ Իրանք 8 հոգով 700 հոգու դեմ են կռվել։ Ու իրանց էդ օրը տարել են սկզբից Հադրութ, հետո նորից Ջեբրայիլ, հենց էդտեղ էլ զոհվել ա։ Շատ դաժան ա։

Ձայնագրություն կա վերջին մարտից, որ Ադբեջանցիները գալիս են, իրանք էլ առաջ են գնում, էդ ինչ ոգևորությամբ ա ինքը գնում, կռվում, ես չգիտեմ՝ երկու ամսվա զինծառայողը էդքան ոգևորված ո՞նց կարող էր կռվել։

Երկրորդ հարվածը երևի տարա նոյեմբերի 9-ի առավոտը, երբ արթնացա, լսեցի, որ հողերը հանձնել են։ Ահավոր վիճակ էր իմ մոտ։ Ու էն հողը հանձնեցին, որտեղ իմ էրեխեն արյուն էր թափել։ Ինքը կռվել էր, ազատագրել էր, պահեի՛ք էդ հողեր բա, կամ ժամանակին տայիք, որ մեր էրեխեքը չզոհվեին։

Պատերազմից մեզ մնաց

․․․ցավ, վիշտ, տառապանք։

Կարոտ, որ երբեք չենք առնելու, իրա բացը ոչ մի բանով չի լրացվելու։ Ամեն րոպե նկարներին ես նայում, բայց դրանով էլ չես մխիթարվում։

Ամեն ինչ կորցրեցինք․ մեր ուրախությունը, երջանկությունը, լավ ապրելու հույսը։ Ամեն ինչ։ Ամեն ինչ անիմաստ ա։ Ապրում ենք, բայց ո՞նց ենք ապրում, դա ա կարևորը, ո՛չ լիարժեք կարողանում ես ապրել, ո՛չ լիարժեք ուրախանալ։ Էդ զգացողությունը շատ դժվար ա, որ ամեն առավոտ արթնանում ես էն գիտակցումով, որ էլ չի գալու, որ էլ չես տեսնելու։

Անի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest