Գնդացրորդ Իսահակ Ղարիբյանը զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 13-ին` Քարվաճառում: ԱԹՍ հարվածի պահին նա օգնում էր բարձունքից իջեցնել վիրավոր ընկերներին:

Մայրն ասում է, Իսահակը երբեւէ որեւէ մեկին վնասելու սիրտ չի ունեցել, այդ պատճառով ինքը չէր պատկերացնում, թե ինչպես է որդին պատերազմի ընթացքում զենք կիրառում ու մասնակցում թեժ մարտերին:

«Ինքը ինձ ոչինչ չէր ասում: Ինքը այդ երեխան չէր: Բայց առաջին գծում էր եղել ու այդ մեծ զենքն էր կիրառել, ու թշնամուն շատ վնաս էր տվել… Երբ զանգահարում էր, ասում էր` մեզ մոտ խաղաղ է, բայց ինքը կրակների միջով էր անցնում` ընկերներին հասնելով, բոլորին փրկելով… ուրիշ հայրենասիրությամբ էր ինքը պատված… ինքը հերոս էր ծնվել: Լուսո որդի էր: Երկնքից տրված պարգեւ էր ինձ:  Ասում էր` տասը հատից ինը ես եմ կրակել: Ասում էի` բալես, ինչի ՞ էլի դու: Ասում էր` ես ո ՞նց չանեմ, նրանք էլ են երեխա, չեն կարողացել կրակել: Պատերազմի ընթացքում նրա հրամանատրն եկավ մեր տուն: Պատմում էր, ասում էր` Իսո երկրնքից կրակները թափվում են,  բարձրունք ենք բարձրանում, գոռում եմ, որ արագ բարձրանան, ինքն էլ այդ ծանր զենքը ոնց էր բարձրացնում:  Մեկ ասում էմ` շուտ-շուտ արի, մեկ ասում եմ` այդ զենքով է: Ու բարձրունք ենք գնում: Ասում է` մի շնչով բարձրացավ: Ինչ ասեին, խոնարհաբար կատարում էր, ինքը ուրիշ երեխա էր »,- պատմում է զինվորի մայրը` տիկին Վարսենիկը:

Մայրն ասում է, երբ որդու հետ վերջին անգամ խոսեց, Իսահակը շատ մտամոլոր էր, ցանկացել էր խոսել ընտանիքի բոլոր անդամների հետ: Նաեւ զանգել էր այդ պահին ՌԴ-ում գտնվող հորը: Որեւ հուսահատեցնող բան նա հարազատներին այդպես էլ չէր ասել, ուղղակի ցանկացել էր լսել բոլոի ձայները:

 «Հրամանատարի հետ վիրավոր ընկերներին է իջեցրել, Շտապ օգնության մեջ են դրել, նորից բարձրացել է դիրքեր, այդ ժամանակ ԱԹՍ-ն խփել է: Հենց այդ հրամանատարն է եկել մեզ ամեն ինչ պատմել, մենք ոչինչ չենք իմացել պատերազմի ամբողջ ընթացքում: Հրամանատարին զեկուցել են, որ դիրքում էլի դեպք է պատահել, հրամանատարն ասել է` մենակ չասեք, որ Իսոն է: Ասել են` հենց ինքն է»,- ասաց մայրը:

Տիկին Վարսենիկը պատմում է, որ որդին սիրահարված էր, ընկերուհի ուներ եւ շատ էր ցանկանում, որ ինքը որպես մայր հավանություն տա աղջկան: Այդպես էլ եղել էր:

«Մայրը այլ բան է ուզում, ոչ թե որդու նկարի հետ ամեն օր խոսալ: Ես միայն չեմ համակերպվում նրա հետ, որ այս կյանքում այլեւս նրան չեմ տեսնելու:

Նա ընդմիշտ մնալու է քսան տարեկան, ես` հիսուն: Այլեւս ոչ նա է մեծանալու, ոչ ես… Թող գար, չլիներ մի ոտքը, թեւը չլիներ, բայց ինքը գար»,- ասում է զոհված զինվորի մայրը:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest