Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած  Հակոբ Բողարյանը 2019 թվականին հուլիսին էր զորակոչվել բանակ ու ծառայության անցել Արցախում՝ Ջրականում։ Զինվորական ծառայության մեկնելուց առաջ հասցրել էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Նա թիավարության Հայաստանի չեմպիոն էր, նաև միջազգային մրցաշարերում էր հաջողություններ գրանցել։ Հակոբի հաջողությունների  ու նվաճումների շղթան պիտի շարունակվեր, եթե չլիներ պատերազմը․․․  

«1 տարի և չորս ամիս էր, ինչ  ծառայության մեջ էր, երբ պատերազմը սկսվեց։ Քանի որ տղաս  ուրալի վարորդ էր, պիտի դիրքեր մարտական հերթապահության չբարձրանար, բայց ասում էր՝ ընկերներիս հետ պիտի պոստեր բարձրանամ և այդպես էլ անում էր։ Պատերազմի սկսվելուն պես Հակոբը մտել է կռվի մեջ։ Ընկերներն ու սպաներն ասում են՝ Հակոբը համարձակորեն կռվում էր։ Մեր տղաները կռվել են ու իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի», — ForRights.am-ին պատմեց Հակոբի Հայրը՝ Գագիկ Բողարյանը։

Հակոբն ու իր ընկերները Ջրականում Չռիկներ կոչված դիրքերում են եղել ու կռվել մինչև հոկտեմբերի 5-ը`չլքելով բարձունքը, Նրանք դիմակայել են թշնամուն, որպեսզի այդ ընթացքում իր մյուս ընկերները կարողանան ետ նահանջել։ Հենց այդ օրը  Հակոբը իր կողքին գտնվող  ընկերների հետ միասին զոհվել է թշնամու դիպուկահարի գնդակից։ Ընկերները,  ցավոք, չեն կարողացել Հակոբի ու մյուսների մարմինները բերել, իսկ դիրքն անցել է թշնամու տիրապետության տակ։

«Հրադադարից  73 օր հետո, Հակոբի մահից մոտ 3 ամիս հետո են կարողացել տղայիս մարմինը բերել։ Ես ճանաչել եմ նրա մարմնի, գլխի, ատամների կառուցվածքից։ Դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում հուղարկավորեցինք Հակոբին։  Պատկերացրե՛ք, ես տղայիս  մարմինը ճանաչել եմ ու նրան հուղարկավորել ենք նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ ԴՆԹ-ի պատասխանը եկել է շատ ուշ՝ մոտ երկու ամիս առաջ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ սարսափելի է այս ամենը։ Միայն մենք գիտենք՝ ինչ ենք զգացել և ինչ ենք զգում», — պատմեց հերոս Հակոբի  հայրը։

Հակոբը հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով։ Հակոբի ծնողներն ամեն  օր գնում են եռաբլուր։ Ասում են՝ Եռաբլուրն իրենց երկրորդ տունն է դարձել։ Հերոսի ծնողները  բակում պուրակ ու հուշաղբյոր են կառուցել։ 

«Հակոբի զոհվելուց հետո նրա սպաներից մեկը որդի է ունեցել ու փոքրիկին կոչել իմ որդու անունով։ Այդ սպան՝ Վասիլը, զանգեց ինձ ու ասաց՝ հիմա արդեն փոքրիկ Հակոբիկ ունենք։ Այդ ժամանակ սպան Արցախում էր, իսկ կինը Երևանում էր որդուն լույս աշխարհ բերել։ Լուրն իմնանալուց հետո  գնացի հիվանդանոց ու գիրկս առա փոքրիկ Հակոբին․․․  Իմ տղան շատ նպատակներ ուներ։ Պիտի բանակից գար ու շարունակեր ուսումը, պիտի մրցումների մասնակցեր և նվաճումներ ունենար բայց ․․․ եղավ այդպես», — հուզմումքից խոսքը կիսատ թողեց հերոսի հայրը։

Հասմիկ Բալեյան

Մանրամասները՝  տեսանյութում

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest