19- ամյա Աշոտ Ավետիսյանը հոկտեմբերի 12, լույս 13-ի գիշերը Մարտունիում երկու ոտքից վիրավորում է ստացել, նահանջի հրամանից հետո նրան թողել են ու նահանջել: Մայրն ասում է, որ որդին զոհվել է` արնաքամ լինելով:  

Մարտունիում 28 տղաների, այդ թվում Աշոտի հետ տեղի ունեցածի վերաբերյալ արդեն մեկ տարի է, ինչ քննություն է ընթանում, սակայն ծնողները համոզված են, որ մեղավորները չեն պատժվելու:

Աշոտը ընտանիքի սպասված որդին էր: Երկու դուստր ունենալուց հետո որդի ունենալը հոր համար մեծ ուրախություն էր:

«Պատերազմի ժամանակ Աշոտը ոչինչ չէր ասում, ասում էր` լավ ենք, բունկերներում ենք, ոչ մի բան չկա: Միայն խոսք տուր, որ հայրիկիս լավ ես նայելու (Հայրը` Լյովան 70 տարեկան էր- հեղ.)…  Մինչեւ բանակ գնալը վերջին օրը շատ տխուր էր: Հարցրի` ինչո ՞ւ ես տխուր, ասեց` չմտածես վախենում եմ բանակ գնալուց, մենակ հայրիկիս համար եմ մտածում, որ գնամ բանակ, էլ չեմ տեսնելու, հարցրի` ինչի՞ ես էդպես ասում, ասեց` հայրիկս մեծ է … չգիտեր, որ մենք պետք է իրեն չտեսնեինք », — պատմում է Աշոտի մայրը` Լալան:

Պատերազմի օրերին Աշոտը ընկերներից մեկին պատմել էր, որ բազմաթիվ փորձության միջով է անցել ու ողջ է մնացել: Նախ պատերազմի հենց առաջին օրը նրա տանկը հետ է մնացել շարասյունից ու նա կորել էր, ավելի ուշ նրա տանկը պայթեցվել է, հետո էլ Աշոտը հայտնվել է ականապատ տարածքում:

Լալա Պետրոսյանը հիշում է. «Ամսի 9- ին զանգեց, հարցրեց` ի՞նչ են ասում էդտեղ, ի՞նչ է լինելու, ասեցի` ասում են, որ լավ է լինելու: Ասեց` մի հավատա, ոչ մի բանն էլ լավ չի, սուտ են ասում: Որ հարցեր սկսեցի տալ, ինքը իր խոսքը փոխեց, սկսեց ասել, որ ինքը լավ է, հանգիստ է, իր համար անհանգստանալու կարիք չկա… ամսի 10-ին  իր տանկը տրաքացնում են: Էլի մենք չգիտեինք: Իրեն ոչ մի բան չի լինում: Ընկերոջն էր զանգել, ասել էր` 06-ս էլ չկա, բայց ինձ վրա մի խազ չկա: Իր լեյտենանտի պատմածով գիտենք, որ թեթեւակի վիրավոր է եղել ոտքից էլ, ձեռքից էլ, երկու անգամ հնարավորություն է ունեցել, որ ուղարկեն` գա, բայց չի եկել, ասել է` կմնամ տղերքի հետ… վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12- ին»:

Աշոտից օրեր շարունակ զանգ չստանալուց հետո հարազատները սկսել են զբաղվել որոնողական աշխատանքներով, սեփական հետաքննությունն են սկսել ` պարզելու համար, թե ինչ է պատահել նրա հետ:

Տիկին Լալան  նշում է, որ իր որդու Վաշտի կապիտանը Անդրեյ Ավագյանն էր, ով հայտնի էր զինվորների նկատմամբ ուշադրությամբ, հոգատարությամբ, բոլորն ասում էին, որ նրա ծառայողներին ոչինչ չի լինի, որ նա տղաներին լավ է նայում: Սակայն հայտնի է դարձել, որ Անդրեյը զոհվել է: Նրա դին հանել են մարտի դաշտից, մյուս տղաներինը` ոչ:

«Տղաներին չէին հանել: Մենակ զենքերն էին հանել: Մենակ այն գիտեմ, որ էրէխաս երկու ժամ ողջ է եղել ու նրան թողնել են անօգնական: Ինձ ասում են` թե օգնել ենք, չենք կարողացել հանենք, արդեն արնաքամ էին լինում, թողեցինք: Ասում եմ` բայց գոնե դիակը բերեիք, տայիք ինձ: Անդրեյին հանել էին, տղաներին վեցին էլ թողել էին… ավիացիայի հարվածից է եղել: Անդրեյն իմանում է, վազում է օգնության, երկրորդ հատվածն է լինում: Անդրեյն էլ հենց տղաների մեջտեղն է մնում… թե առաջին հարվածից են զոհվել, թե երկրորդից, թե ինչպես է եղել, ոչ ոք ճիշտը չի ասում… Ցավն այն է, որ բոլորը գիտեին, թե ոտեղ են թողել էրեխեքին, բայց ոչ մեկ չէր ասում: Օտարների միջոցով, ուրիշների միջոցով, ծանոթներով,  մարդ մեջ գցելով ենք ամենը իմացել… »,- ասում է զոհված տանկիստի մայրը:

Նույն տանկային գումարտակից զոհված զինծառայող Վարդան Կոնջորյանի մասին պատմությունը կարդացեք այս հղումով:

https://www.youtube.com/watch?v=x9XZLjWXNK0

Անի Գևորգյան

Pin It on Pinterest