Արցախի Հանրապետության նախագահի հրամանով Արագածոտնի մարզի Արագած գյուղում ծնված, իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանին շնորհվեց «Ոսկե արծիվ» շքանշան, «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Հայկ Կիրակոսյանի մահվան առաջին տարելիցի օրը «Ոսկե արծիվ» շքանշանը հերոսի որդուն հանձնեց գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը։ Արարողությանը ներկա էին նաև գեներալ-լեյտնանտ Ջալալ Հարությունյանը, ՀՀ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, բարձրաստիճան սպաներ և այլք։

Հայկը ռազմական կրթություն ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել էր Արցախ՝ Հադրութ, և վերջին 14 տարում ծառայել Արցախի Պաշտպանության բանակում։ Նա իր ընտանիքի՝ կնոջ, 11-ամյա որդու և 13-ամյա դստեր հետ ապրում էր Հադրութում։ Պատերազմի առաջին օրը  Հայկ Կիրակոսյանը մարտադաշտում էր եղել, չնայած բեկորային վիրավորում էր ստացել՝ չէր լքել մարտի դաշտը․ ինքն իր վերքերը մշակել էր ու շարունակել պայքարը։

Նրա զինակից ընկերներից փոխգնդապետ Արման Հակոբյանը ForRights.am-ին պատմեց՝ Հայկ Կիրակոսյանին 2017 թվականից է ճանաչում և միշտ հիացել է նրա արիությամբ, հայրենասիրությամբ ու մարդկային բարձր որակներով։

«Սեպտեմբերի 27-ին՝ մարտական գործողությունների սկսելուն պես, առաջին իսկ վայրկյանից գտնվել ենք մեր ղեկավարման կետում։ Մեր մարտական հիմնական դիրքերը եղել են Կարախանբեյլիի բնակավայրի հատվածում՝ Վարանդայից 10-11 կիլոմետր առաջ։ Առաջին իսկ օրվանից Հայկ կիրակոսյանը Շտաբի պետն էր, ես՝ հրետանու գծով տեղակալը․ մարտերի ղեկավարումը միասին պիտի իրակացնեինք։ Ռազմական խոր գիտելիքներ ուներ,  իսկապես, շատ հմուտ էր», — պատմեց փոխգնդապետ Արման Հակոբյանը։

Հերոսի զինակից ընկերը պատմում է՝ փոխգնդապետ Կիրակոսյանը նաև  պատժիչ գործողություններ էր  պլանավորում ու իրականացնում․ դա Հայկ Կիրակոսյանի մոտ շատ լավ էր ստացվում։ 

«Նա ռազմադաշտում ամեն ինչի տիրապետում էր։ Նույնիսկ հրետանու կրակ ենք միասին ղեկավարել․ երեք դիվիզիոն ունեինք մեր ենթակայության տակ։ Պահեր են եղել, որ չէի հասցնում երկու դիվիզիոնին ղեկավարել, ուստի երեքից մի դիվիզիոնը Կիրակոսյանն էր ղեկավարում։ Կարախանբեյլիի հատվածում 13 օր շրջափակման մեջ ընկանք։ Մեր առաջնագիծը, որը պետք է պաշտպանեինք, ինչպես մեզ  վստահվել էր, այդպես էլ մինչև վերջ մնացինք այնտեղ, չնահանջեցինք։  Իսկ, երբ հակառակորդը Վարանդան գրավեց, մենք ինքնըստինքյան ընկանք շրջափակման մեջ։ Հայկ Կիրակոսյանն այդ ժամանակ արդեն հրամանատար էր նշանակվել։ Մենք՝ հրամանատարներս, երեք-չորս հոգի էինք ղեկավար կազմում՝ ես, օպերատիվ բաժնի պետը, և իններորդ պաշտպանականից մեզ միացած երկու գումարտակ՝ նրա հրամանատարով։ Բոլորս միասին երդվեցինք, որ մեզանից որևէ մեկը չպետք է զոհվի, բայց և գիտակցում էինք, որ այնտեղից չենք կարող ողջ դուրս գալ։ Շրջափակման մեջ գտնվողներս 1763 հոգի էինք», — պատմեց Արման Հակոբյանը։

Այդ ժամանակ ամբողջ պաշտպանական շրջանը ղեկավարել է Հայկ Կիրակոսյանը։ 13-15 օր շրջափակման մեջ մնալուց հետո որոշում է կայացվել մի ելք գտնել ու դուրս գալ շրջափակումից։

«Մի փոքրիկ արահետ կար դեպի ձախ՝ «Մարտունի-2» պաշտպանականի ուղղությամբ։ Փոքր կամուրջ կար, որն ընկնում էր մեր թիկունքում՝ մեր ու Վարանդայի արանքում, պիտի հակառակորդի բերանով անցնեինք, այլ տարբերակ չկար։ Աջ թևն արդեն ամբողջությամբ վերցրել էին, այնտեղ մնալու իմաստ այլևս չկար, ուստի որոշում կայացվեց, որ դուրս գանք։ Հոկտեմբերի 27-ին՝ գիշերը պլան կազմեցինք, հետո Հայկ Կիրակոսյանը կազմակերպեց, ղեկավարեց, ու այդ 1763 հոգին նրա հրամանատարությամբ դուրս եկավ շրջափակումից, ոչ մեկը չզոհվեց այդ ժամանակ, ավելին՝ նույնիսկ մեզ հետ ռազմական տեխնիկա դուրս բերեցինք», — պատմեց փոխգնդապետ Արման Հակոբյանը։

Հոկտեմբերի 30-ին՝ երեկոյան, Հայկ Կիրակոսյանը վերադասից թույլտվություն է ստացել, գնացել է տուն, ընտանիքին տեսակցել ու վերադարձել ռազմադաշտ։ Հարազատների հետ խոսելիս Հայկ Կիրակոսյանն ասել է՝ լավ է, որ ընտանիքին տեսակցել է, և հիմա որ իրեն մի բան էլ պատահի, հոգ չէ, գոնե հասցրել է կնոջն ու զավակներին տեսնել։

«Հայկ Կիրակոսյանը հոկտեմբերի 31-ին վերադարձավ։ Նրա մահը տարօրինակ հանգամանքներում եղավ․․․ Ես լսել եմ, որ նա ինչ-որ զանգ էր ստացել, ասել էին՝ գումարտակը խնդիրներ ունի, լավ չի կռվում, շո՛ւտ ետ արի։ Ինձ ասացին՝ Կիրակոսյանը եկել է։ Այդ օրը նրան տեսա։ Հաջորդ օրը ծնդդյանս օրն էր, բայց մի օր առաջ շնորհավորեց ինձ։ Ասացի՝ Հայկո՛, ծնդդյանս օրը վաղն է, հիմա՞ ես շնորհավորում, ասաց՝ այո՛․․․․ Հաջորդ օրը նա չէր հասցնի շնորհավորել, չէր կարողանա։ Մարտունու շրջանում՝ նռան բաղեր հատվածում, ուժեղ ռմբակոծություն էր, ԱԹՍ-ի ու հրետանու հարվածներ էին։ Հենց այնտեղ զոհվեց Հայկ Կիրակոսյանը․ նրա հետ էին եղել ու հերոսաբար զոհվել շտաբի պետը՝ մեր ընկեր Համզոյանը և կապի պետը», — պատմեց Արման Հակոբյանը:

 «Մենք չէինք կարող պատկերացնել, որ պատերազմի ավարտն այսպիսին կլինի, բայց ավաղ․․․ Ցավոք, ստեղծվեց այնպիսի վիճակ, որ այլևս անկարելի էր Հադրութում մնալ։ Հայկի կինն ու զավակները անտառներով, դաշտերով մի կերպ դուրս էին եկել։ Նրանք վերջինն են դուրս եկել Հադրութից։ Այլևս ելք չկար, այլապես Մարգարիտան չէր հեռանա Հադրութից», — պատմում է Արցախի հերոսի քույրը:

Հասմիկ Բալեյան

Pin It on Pinterest