Ժամկետային զինծառայող Գրիգոր Մուրադյանը 2020թ-ի հոկտեմբերի 18-ին զոհվել է Գռադի պայթյունի հետեւանքով` Աղդամում: Հարազատները փնտրել են նրան ու ոչ մի կերպ չեն կարողացել գտնել: Պարզվել է, որ նորակոչիկի աճյունը մոտ մեկ ամիս է գտնվում է Հերացու դիահերձարանում:

Գրիգորը ծնվել էր Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, մինչեւ զորակոչվելն էլ ընտանիքի հետ ապրում էր Երեւանում` Շենգավիթում: Մայրը` Սոնա Թովմասյանը հիշում է, որ որդուն արցունքներով էր բանակ ճանապարհում. «ասում էի` ես առանց քեզ չեմ դիմանա: Ասեց` մամա, մի լացիր, կարող է գնամ, մի բան լինի… ես ուրախ եմ գնում»:

Գրիգորը ծառայության էր անցել Մարտունի 3-ում։ Պատերազմի նախօրեին որդին զանգել էր մորն ու ասել, որ առաջիկա օրերին գուցե չկարողանա զանգահարել, որ իր համար անհանգստանալ պետք չէ:

«Ես չպատկերացրեցի, թե ինչ է դա նշանակում: Ամսի 27- ին գնացի աշխատանքի, այնտեղ էի, երբ տեսա, որ լուրն է տարածվել` պատերազմ է: Ես մտածում էի` տղաս նորակոչիկ է, երեք ամսվա ծառայող է, էրեխուն պատերազմի դաշտ չեն հանի: Բայց չէ: Հանել էին: Ինքը ինձ ոչինչ չէր ասել: Բայց ինձ հետ աշխատողներից այնտեղ մարդ էր եղել, հետո իրան տարել էին ուրիշ տեղ: Երբ եկավ, ասեց` ես Գրիգորի հետ եմ եղել »,- ասում է տիկին Սոնան:

Վերջին անգամ Գրիգորը զանգել է հոկտեմբերի 16-ին: «Վազում էր, հարցրեց` մամ, եկեղեցի գնում ես, ասեցի է, հա ու ոչ միայն քո համար եմ մոմ դնում, այլ բոլոր տղաների: Տանը սրբապատկերներով անկյուն էի պատրաստել, ամեն լուսաբաց դիմավորում էինք այնտեղ` մոմ վառելով: Անդադար աղոթում էի, բայց աղոթքներս տեղ չհասան…»,- պատմում է զոհված զինվորի մայրը:

Երկու օր անց Գրիգորը զոհվել է: Նրա աճյունը նախ գտնվել է Գորիսում, ապա տեղափոխվել է Հերացիի դիահերձարան, սակայն այդ մասին տղայի հարազատներին մեկ ամիս անց են տեղեկացրել: Արդեն բոլորին լուրը հայտնի է եղել, սակայն ընտանիքի անդամները չեն իմացել, թե ինչպես տիկին Սոնային այդ մասին ասեն: Նախ ասել են, թե Գրիգորը վիրավոր է, ապա միայն հայտնել ճշմարտությունը:

Տիկին Սոնան աշխատում է Երեւանի Մետրոպոլիտենում: Ասում է, ամեն զինվորի տեսնելուց նրա մեջ Գրիգորին է փնտրում. «Շիրմաքարն եմ գրկում, անունն եմ տալիս ու ոչ մի արձագանք: Ամեն օր որ երեկոյան ժամը ութն է գալիս, նրա զանգին եմ սպասում… ավելի է ցավ տալիս ինձ դա, որ մտածում եմ` իմ էրեխեն էլ տուն չի գալու: Ամեն մի զինվորի համազգեստով որ տեսնում եմ իմ էրեխուն, իմ Գրիգորին եմ տեսնում: Կարոտով նայում, նայում եմ, ու ոչ մի բան…»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest