Վանաձորում  ծառայած  երեւանցի  Վանիկ Մաթեւոսյանն  արցախյան երկրորդ պատերազմից  մեկ տարի առաջ էր զորացրվել: Իսկ երբ անցյալ տարի, սեպտեմբերի 27-ին, սկսվում է պատերազմը, Վանիկը մեկնում է Արցախ` որպես կամավոր:

«Սկզբում իրենց տարել են Խոջալու, այնտեղ  կռվել է,  հետո տարել են Աղդամ, Ասկերան, մասնակցել է թեժ մարտերի: Նոյեմբերի 5-ի  լույս 6-ի գիշերը Վանիկին իր ընկերների հետ տարել են Շուշի, որտեղ էլ նա զոհվել է: Մենք արդեն նոյեմբերի 5-ին գիտեինք, որ Շուշին մերը չէ այլեւս: Իսկ մեր երեխեքը նույնիսկ Շուշի չէին մտել, բերդի վերեւից  Շուշին շրջափակված է եղել, այդտեղից էլ  դիպուկահարը խփել էր: Մենք արդեն նոյեմբերի 7-ին գիտեինք, որ զոհվել է, քանի որ չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 6-ին  «Շտապ օգնությունը »  գնացել էր, որ վիրավորներին տեղափոխի, ուղղակի այդ ժամանակ եղել են ահավոր շատ կրակոցներ,  «Շտապ օգնությունը »  չի կարողացել ոչ մեկին փրկել, միայն տեսել են, որ յոթ դիակ կա, եւ յոթից  մեկը մեր տղայի դիակն է եղել: Այնքանով ենք հանգիստ, որ մեր երեխայի դեմքը տեսանք, համոզվեցինք, որ ինքն է, հետո  հուղարկավորեցինք »,- հիշում է  մայրը` Անուշ Հակոբյանը: 

Տիկին Անուշը  պատմում  է , որ Վանիկը շատ էր սիրում նուռ, զոհվելուց  երկու օր առաջ խնդրել է, որ  իրենց  հողամասում գտնվող նռան ծառը նկարեն, ուղարկեն: Այդպես էլ արել են, բայց  Վանիկը, ցավոք, չտեսավ դա: Անցյալ տարի ծառին եղել է տասնմեկ նուռ, դրանք դրել են զոհված Վանիկի հետ: Մեկ նուռ էլ այս տարի է եղել, տարել են Եռաբլուր, որտեղ հուղարկավորված է Վանիկը:

Անուշը  հիշում է  նաեւ, թե  որդին ինչ է ասել Շուշի մեկնելուց առաջ. «Շուշի տանելուց առաջ ասաց, որ իրենց տանում են, մի տեղ կա, պետք է «սանրեն », հետ գան: Մեզ  ուրիշ  բան չի ասել,  միայն այդքանն է ասել: Չի ասել, որ Շուշի են գնում, ասել է, որ մեկ օրով տեղ են գնում, եթե չզանգահարի, թող չանհանգստանան: Ինքն ամսի 5-ի գիշերն է խոսել, մոտ երկու ժամ, մինչեւ այդ, որ զանգում էր, խոսում էր մի քանի րոպե: Իսկ այդ օրը բոլոր ընկերների հետ խոսել է մինչեւ  գիշերվա ժամը երեքը, լուսադեմին նոր իրենց տարել են Շուշի: Նույնիսկ ընկերներին հեռախոսով գրել է` ձեզ  լավ կնայեք: Որդիս ասում էր, որ գլխարկը բարձր է դնում, որ եթե իրեն դիպուկահարը  խփի, ինքը գլխից  չվնասվի:  Բայց  իրեն  հենց  գլխից  խփեցին: Երեւի  նկատել էին, որ դիպուկահար է, խփել էին իրեն ու իր հրամանատարին: Այդ ջոկատում եղել է 105 հոգի, որից 35 հոգի է ողջ մնացել: Այդ ընթացքում Շուշիում շատ զոհեր են եղել: Բայց երեխեքը չեն էլ հասել Շուշի, կադրեր կան, որ երեւում են դիակները, նրանց  մեջ մեր երեխան էլ կա  »:

Հոկտեմբերի 28-ին Վանիկի ծննդյան օրն է եղել, եւ նրան ընկերները նվերներ են հանձնել:  Անուշն  ասում է, որ  երբ իր որդուն տարել են Շուշի, գիշերը կանգնել է ուրիշ պոստում, ավտոբուսը կանգնեցրել է  եւ այդ նվերները հանձնել մեկ ուրիշ տղայի: Եվ այդ նվերներն իրենց հասել են Վանիկի զոհվելուց օրեր անց…

Իսկ  Վանիկ Մաթեւոսյանին հետմահու ոչ մի  պարգեւի չեն արժանացրել, ոչ մի պետական կառույցից  անցած մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի այցելել նրա հարազատներին:

«Հոկտեմբերի 27-ին Վանիկի խաչքարի բացումն էր, այդ ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ շքանշանի է արժանացել նա,  ամուսինս ասաց, որ ոչ մի պարգեւ էլ չեն տվել: Այդ լուրի տարածումից հետո, նոյեմբերի 7-ին,  մեզ զանգահարեց  «Եռաբլուր » պանթեոնի տնօրենը, ասաց, որ գեներալի մոտ բան են թողել, եկեք, վերցրեք: Ամուսինս ասաց, որ ինքը չի գնա եւ ոչինչ չի վերցնի: Իրենք գիտեին, որ մենք ամեն օր` առավոտյան եւ երեկոյան, գնում ենք Եռաբլուր, գնում, ասում ենք` բարի լույս եւ բարի գիշեր,  կարող էին հանգիստ ձեւով բերել եւ հանձնել, ինչ, որ ցանկանում էին տալ, ոչ թե մեզ կանչեին իրենց կաբինետը, որը դոմիկ է եւ  ասեին, թե ձեզ բան ունենք տալու, տվել են, որ փոխանցեն: Ամուսինս ասաց, որ պետք չէ եւ չգնաց»,-  հուզված պատմում էր Անուշը:

Թագուհի Հակոբյան   

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest