Արագածոտնի մարզի Օշական գյուղը 44-օրյա պատերազմին տվել է 4 զոհ: Տղաներից երեքը համադասարանցիներ էին ու մտերիմ ընկերներ: Հարություն Մելքոնյանը նրանցից մեկն էր:

Հարութի մայրը իր հեռախոսի մեջ է պահում եւ օրվա մեջ անընդհատ դիտում է որդու հին տեսանյութերը: «Հարութը, Ռազը ու Սերգեյը միշտ իրար հետ էին: Մանավանդ, երբ դասարանով գնում էին ինչ-որ մի տեղ: Վիդեոներ եմ նայում, կամ ֆոտոներ ու տեսնում եմ, որ նրանք ամեն տեղ միասին են: Եղածից հետո որ դա տեսնում ես, մի ուրիշ զգացողություն է լինում », — ասում է զոհված տղայի մայրը:

Տիկին Լիդան պատմում է, որ որդին պետք է բանակ զորակոչվեր դեռ 2019թ-ի դեկտեմբերին, սակայն Ռազմիկի եւ Սերգեյի հետ ծառայության մեկնելու համար դիմում էր գրել զինկոմիսարիատ եւ իր զորակոչը հետաձգել մինչեւ 2020-ի հունվարը:

Հարությունը ծառայում էր Հադրութում: «Դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 25-ին, 27-ին սկսեց պատերազմը: Մի քանի օր չկար զանգ: Հետո զանգեց, համարյա ամեն օր զանգում էր… ասում էր` մամ մի անհանգստացի, ամեն ինչ լավ է: Մինչեւ հոկտեմբերի 27-ը եղել են Հադրութում, հետո երբ Հադրութը հանձնվել է, տեղափոխել են Մարտունի 2: Զանգեց, անունը չէր տալիս, ասեց` էնտեղ, որտեղ որ մենք էինք, էլ չկա էդ տեղը: Բայց ասեց` չեմ կարող ասել, թե որտեղ ենք»:

Մի քանի օր անց Հարությունը մորն ասել էր, որ ծառայակիցների հետ հանգստանալու, լողանալու հնարավորություն է ունեցել, ինչից մայրը մտածել էր, թե  հավանաբար տղաները արդեն ապահով տեղում են եւ նրանց որեւէ վտանգ չի սպառնում:

Նախ հայտնի էր դարձել Սերգեյի զոհվելու մասին լուրը: «Հոկտեմբերի 28-ին Հարութը իմացել էր լուրը…  Ինքը շատ ծանր տարավ, լացում էր: Ասեց` մամ, չեմ կարող խոսալ», — պատմում է մայրը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվել է նաեւ Ռազմիկը:

Մոր հետ հեռախոսով խոսելիս Հարութը հարցրել է, թե ինչ լուր կա Ռազմիկից, մայրը սկսել է ստել, թե ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա, ինչին ի պատասխան Հարությունն ասել է. «Մամ ջան, ես գիտեմ, թե Ռազին որտեղ են ման գալիս… ինքը անգամ էդ ժամանակ էլ մտածում էր իր ընկերների մասին»:

Հարությունը զոհվել է Ճարտարում հոկտեմբերի 30-ին: «Նրանք երեք- չորս հոգով են եղել… չգիտեմ… ասում են` պայթյունի ալիքն է նրան խփել: Նրա վրա ոչ մի վնասվածք չի եղել, կարծես որեւէ բան եղած չլիներ… Փեսաս` աղջկաս ամուսինը ասում էր` Հարութին խփել են… ասում էի` բա որ խփել են, որտե  ՞ղ է, որտե  ՞ղն է վիրավոր…ասում էր` չե  ՞ս հասկանում, խփել են Հարութին… »,- պատմում է մայրը:  

Անի Գևորգյան

Pin It on Pinterest