ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը փաստացի միշտ համարվել է ԱԱԾ մի մասը: Անգամ Քրեակատարողական ծառայության պետը, որի ձևական ենթակայության տակ է «Երևան-Կենտրոնը», այնտեղ մտնելու համար պետք է անցագիր ունենա: Կարգն այս գործում է դեռևս խորհրդային տարիներից:

Բանտապահները ԱԱԾ աշխատակիցների վկայական ունեն: Մինչև վերջերս ազատազրկված անձանց անգամ հեռուստացույց նայելն էր արգելված:  Նրանք չէին կարող նաև օգտվել հոսանքից և սուրճ ու թեյ եփելու համար սովետական սպիրտայրոցներ էին օգտագործում: Այս կենցաղային մանրամասների, բանտարկյալների կյանքի, այն ամենի մասին, ինչ նրանց հետ կատարվում է ներսում, խորհրդային ժամանակներից մինչ օրս ընունված չի խոսել:

Զուտ ձևականորեն «Երևան-Կենտրոն» ՔԿ -ն նթարկվում արդարադատության նախարարին: Իրականում դրա գործունեությունը չի կարգավորվում ՀՀ օրենքներով: Այն միշտ ղեկավարվել է ԱԱԾ պետի կողմից՝ դրվածք, որը պահպանվում է նաև հեղափոխությունից հետո:

ԱԱԾ-ն, փաստորեն, մի մարմին է, որն իր ներսում ապօրինի կառույց ունի: Նոր դատական օրենսգրքով ԱԱԾ-ն նաև նոր լիազորություն է ունենալու՝ խոշտանգման գործերի նախաքննություն, որը ՀՔԾ-ից անցնում է ԱԱԾ-ին: ՀՔԾ-ն, որը ժամանակին ստեղծվել էր բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահների հանցագործությունները բացահայտող անկախ մարմին, լուծարվելու է:

Մարմինը, որը պատասխանատու է անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանային հսկողության համար, այժմ նաև պետք է խոշտանգումներ բացահայտի:

Փոփոխությունն այս ամրագրված է նոր դատական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում: Սահմանվում է, որ նախաքննությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ծառայողների կատարած մի շարք հանցագործությունների, այդ թվում խոշտանգման /Քր. Օր-ի 309.1/ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

ԱԱԾ-ն, ի տարբերություն ՀՔԾ-ի, ենթարկվում է վարչապետին և դուրս է հանրային և խորհրդարանական վերահսկողությունից:

Ահա ինչու օրինագիծն այս շաբաթ սուր քննադատության ենթարկեցին  Մարդու իրավունքների ոլորտում գործող ՀԿ-ները, որոնք համարում են՝ խոշտանգումների գործերով նախաքննության փոխանցումը ԱԱԾ-ին չի համապատասխանում խոշտանգման արդյունավետ քննության համար ընդունված միջազգային չափանիշներին։

Հոկտեմբերի 22-ին 5 ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին, որում խոշտանգման դեպքերով նախաքննության  փոխանցումը ԱԱԾ-ին որակում են որպես հետընթաց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

ՀԿ-ները նշում են, որ հանրությունը և մասնագիտական համայնքը հնարավորություն չի ունեցել ժամանակին տեղեկանալու և իր կարծիքը ներկայացնելու նման արմատական փոփոխության վերաբերյալ, այն հակասում է կառավարության 2019 թվականին  ընդունած հակակոռուպցիոն ռազմավարությանը, որով ԱԱԾ քննչական գործառույթները կրճատվում էին, իսկ ՀՔԾ-ինը՝ որպես անկախ մարմնի՝ ավելացվում:

ՀՔԾ-ն, ըստ ՀԿ-ների, չի ապահովում ՀՀ միջազգային պարտավորությունների հիման վրա խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի քննության արդյունավետությունը դրա անկախության և անաչառության երաշխիքների բացակայության հիմքով:

Նրանք առաջարկում են խոշտանգման գործերով քննչական ենթակայությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին, ամրապնդելով վերջինիս անկախության երաշխիքները, հատուկ ստորաբաժանում ստեղծել դատախազությունում, որը կվերահսկի խոշտանգումների գործերը:

Հոկտեմբերի 26-ին «Խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին. հետընթաց խոշտանգումների դեմ պայքարո՞ւմ» թեմայով կազմակերպված առցանց քննարկման ժամանակ թեմայի շուրջ արտահայտվեցին նաև իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը, Արթուր Սաքունցը,  իրավաբան Հայկ Մարտիրոսյանը:

Ըստ Արթուր Սաքունցի, խոշտանգման քննությունը հանձնելով ԱԱԾ-ին, ոտնահարվում է քննության անկախության սկզբունքը: «Սկսած գերեզմանափոսերի հետ կապված կոռուպցիոն գործերից մինչև մանկապարտեզներ՝ ամեն  ինչով զբաղվում են ԱԱԾ քննիչները: Մենք ունենք համոզմունք, որ ԱԱԾ-ն առհասարակ չպետք է քննչական գործողություն իրականացնի, նրանց քննչական մարմինների աշխատակիցներն են ներգրավված եղել մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի գործերով», — նշեց նա իր խոսքում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիորսայնը նշեց, որ և ԱԱԾ քննչական ստորաբաժանումը, և մյուս մարմինները անկախ չեն, և այս իմաստով չեն տարբերվում  մեկը մյուսից:  «ԱԱԾ ղեկավարը նշանակվում է վարչապետի կողմից, ինչպես մյուս քննչական մարմինների ղեկավարներն են նշանակվում վարչապետի կողմից: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է դրսևորել միասնական մոտեցում քնչական մարմինների աշխատանքի որակի նկատմամբ»:

Ժաննա Ալեքսանյանը խոսեց խոշտանգումը որպես իրական խնդիր չընկալելու մասին: Ըստ նրա, բռնությունը, մարդու նվաստացումը, խոշտանգումները մեր երկրում ութերորդական հարցեր են, և միջազգային կառույցները՝ հենց տեսնեն, ԱԱԾ-ի վերահսկողության տակ խոշտանգումների քննություն, դա ծիծաղելի է դառնալու:

«Այնպես չի, որ հանրությունը վստահում է ԱԾԾ-ին: Երբ որ մարդիկ լսում են «ԱԱԾ», մեծ մասը հանրության ճնշվում է, ուր մնաց, թե այնտեղ խոշտանգման գործեր քննեն: Դա բացահայտ անտարբեր, անլուրջ մոտեցումն է խոշտանգման գործերին: Դա նշանակում է բացարձակապես հաշվի չնստել միջազգային կառույցների հետ, որոնք հետևում են խոշտանգումների իրավիճակին, այն պարբերաբար տեղ է գտնում նրանց զեկույցներում։ Այդ խնդիրները մեր երկրում առաջնային չեն»: 

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest