30- ամյա կամավոր Հրայր Եգանյանը զոհվել է Ջրական ում` ԱԹՍ պայթյունից թիկունքից ստացած բեկորային վնասվածքից: Նա ամուսնացել էր օգոստոսի 9-ին, կինը սպասում էր նրանց առաջնեկին:

Հրայրը աշխատում էր բանկում, առաջարկ էր ստացել ժամանակավոր զբաղեցնել բանկի կառավարչի տեղակալի, այնուհետ` կառավարչի պաշտոնը, սակայն հրաժարվել էր:

Մայրը` տիկին Շուշանը պատմում  է, որ պատերազմը սկսվելու պահից որդին շատ անհանգիստ էր եւ  որոշել էր կամավորագրվել։ Երբ մայրն ասել է`գուցե սպասի մինչեւ ծանուցում ուղարկեն, Հրայրը ասել է, որ այժմ 18 տարեկան տղերք են զոհվում ու ինքը իրավունք չունի այլեւս որեւէ բանի սպասել: «Կամավորների երեք ավտոբուս կար, երեքին էլ ծափերով ճանապարհեցինք: Այդ պահին կարծես ինձնից ինչ-որ բան պոկվեր, լացեցի, մեկը կողքիցս ասեց` մի լացի, ծափ տուր», – հիշում է տիկին Շուշանը։

Հրայրը նախ տեղափոխվել է Արարատի մարզ` Նախիջեւանի հետ սահմանը հսկելու։ Մոր խոսքով, որդին նեղվում էր, որ ինքը գտնվում է  բուն պատերազմական գործողություններից հեռու: Եւ ահա հոկտեմբերի 15-ին եւս քառասուն հոգու հետ որպես ջոկի հրամանատար Հրայրը Երասխից տեղափոխվում է Արցախ:

«Արդեն մեկ տարի է որեւէ մեկը մեզ չի մոտեցել, չի ասել, թե իմ տղան ինչ հանգամանքներում է զոհվել: Բայց ամեն դեպքում ինքը իրեն դյուցազունի ու հերոսի պես է պահել; Մինչեւ վերջին պահը նվիրված փորձել է ինչ-որ բան անել, անհնարինը անել… Հրետանակոծության տակ են ընկել: Խառնաշփոթ վիճակ, եւ տեղանքին ծանոթ որեւէ մարդ չի եղել… Թիկունքից բեկորային վնասվածք է ստացած եղել: Երբ վիրավոր է եղել, այդպես էլ որեւէ օգնություն չի հասել: Տղաս արնաքամ է եղել: Ես բան չգիտեմ, բաձարձակ ոչինչ: Որդի եմ կորցրել, բայց մինչեւ հիմա չգիտեմ հանգամանքները», — ասում է կամավորի մայրը:

Որդու մահից հետո տիկին Շուշանին են հանձնվել մահվան պահին Հրայրի պարանոցին եղած խաչը` արնաշաղախ վիճակում: Մայրը այժմ այն պահում է, որպես հիշատակ ու որդու մասունք:

«Վերջերս մի մարդ գրառում էր արել: Մանվել Թովմասյան: Ես չեմ ճանաչում իրեն, բայց շատ հուզվեցի, լացեցի: Գրել էր` մեկ ամիս եմ ճանաչել ձեր տղային: Աստվածային տղա ունեք, զրուցել ենք, խոսել ենք, իմացա, որ մի քանի ամսից երեխա պետք է ծնվի, որ նոր է ամուսնացել: Ասացի` այ տղա, կին ունես, նոր ես ամուսնացել, այս ո ՞ւր ես գնում: Հրայրը վրդովվեց, ասեց` իսկ դո ՞ւ ուր ես գնում, չորս երեխու տեր: Դո՞ւ ուր ես գնում: Ես լռեցի ու հասկացա, որ մենք էստեղ մի նպատակի համար ենք»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest