— Բալե՛ս, տես՝ հանկարծ կսպանվես, տունս չքանդվի։

-․․․

Հոր վերջին ցանկությունն էր, որին ի պատասխան Արամ Սահակյանը լռեց։

Արամը

Շատ նվիրված էրեխա էր։ Շատ էր ուզում գնար ծառայության, միշտ ասում էր «ես գնալու եմ բանակ»։ Որ արդեն պիտի տանեին, ասում էր՝ «մամ, ինչ ուզում ա, լինի, որ 6 ամսով ուրիշ տեղ տանեն, հետո Ղարաբաղ, չնեղանաք, բայց չեմ ուզի․ միանգամից Ղարաբաղ եմ գնալու»։

Սեպտեմբերի 27-ին

Արամս դիպուկահար էր։ Պատերազմի առաջին օրը շատ ուրախ զանգեց, ասեց՝  «մամ ջան, անօդաչու ենք խփել»։  Էնքան ոգևորված էր։

Մի անգամ ընկերոջը՝ Ռաշիդին ա փրկել․ հողի տակ էր մնացել, Արամս տեսել էր՝ ձեռքերն ա երևում, գնացել, հանել էր։ Հենց սկզբից էլ Ռաշիդի հետ շատ մոտ են եղել, միշտ միասին էին։ Մարտունիում են եղել երկուսով՝ կռվի ամենաթեժ կետում հենց։ Հրամանատարները, որ դիպլոմը բերեցին, ասեցին «ինքը նենց տեղ էր կռվում, որ հնարավոր չէր փրկվել»։

Ինչքան դաժան կռիվ էլ եղել ա, ինքն ասել ա՝ «ոչ մի բան չկա, մամ, ամեն ինչ նորմալ ա, սովորական կռիվ ա»։ Սկզբից երևի չգիտակցելով ուրախ էր, չէր հասկանում՝ ինչ ա կատարվում, անընդհատ ասում էր՝ «լավ, անջատենք, չեն թողնում հեռախոսով խոսանք»։ Բայց վերջում՝ արդեն թեժ կռիվների ժամանակ, չէր ուզում անջատել, անընդհատ տխուր էր։

Շատ լավ տրամադրված ա եղել պատերազմի ընթացքում, էնքան ուրախ էր, որ կրակում էր, որ «պոստ» կանգնեց զենքով, պատերազմ տեսավ։ Մի օր կողքից ձայներ էի լսում, ասեցի «զգույշ եղի», ասեց․

-Այ պապ, դե սամալյոտ են, գռռում են, հո չե՞ն գալիս մեր գլխին։

Նոյեմբերի 8-ին էլ զանգեց, բոլորիս հետ ուզեց խոսել, երևի արդեն զգում էր, ինչ ա կատարվելու։ 

Հետո եկավ ժամանակ, պատերազմը դադարեց, նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մի քանի ժամ առաջ, զոհվեցին՝  ինքն էլ, Ռաշիդն էլ։ «Բլինդաժի» մեջ են լինում 7-ով, որ անօդաչուն խփում ա, հողը լցվում ա իրանց վրա, խեղդվում են, Ռաշիդը տեսնում ա, գնում ա, որ օգնի Արամին, երկրորն են խփում, ու ինքն էլ ա զոհվում։

Լույս 9-ի գիշերը ես երազ տեսա, իմացա, որ տղես զոհվելու ա։ Սաղին ասեցի, որ իմ տղուն գերիների, վիրավորների կամ անհայտ կորածների մեջ չփնտրեն․ ինքը «մորգում» պիտի լինի։ Իրեն «նակոլկով» գտանք, բանակ գնալուց առաջ էր արել, երևի հենց սրա համար էլ արել էր։

Մենք` (ծնողները)

Մենք հիմա ապրում ենք, բայց ներքուստ մեռած ենք։ Ամեն օր ոնց որ սպասենք, որ հեսա գալու ա։ Հազարավոր անմեղ երեխեք մահացան։ Ինչքա՞ն ծնողներ մրմուռի մեջ մնացին, ի՞նչ կյանքով պիտի ապրեն հիմա։ Իմ կորուստը դուշմանիս չեմ ցանկանա։ Ահավոր բան ա, բայց մյուս կողմից էլ ես էնքան հպարտ եմ, որ իմ տղեն հերոս զինվորի կոչումով ա մահացել։

ԱՆի Թորոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest