Մանվել Ավանեսյանը ժամկետային զինծառայության էր մեկնել երկվորյակ եղբոր` Արտյոմի հետ: Հադրութում ընթացող մարտերում եւս 28 հայ տղաների հետ նրանք դիմադրել են թշնամու 400 հոգանոց խմբի հարձակմանը: Մանվելը զոհվել է  հոկտեմբերի 9- ին` հոսպիտալի վիրահատարանում:

Հոկտեմբերի 10 –ին պետք է տեղի ունենար տղաների քույրիկի` Էմմայի հարսանիքը: Ընտանիքը արդեն նախատեսում էր, թե երբ ու ինչպես պետք է դիմում գրի ՊՆ-ին, որ եղբայրներին թույլ տան այդ օրը ազատվել ծառայությունից եւ մասնակցել ընտանիքի ուրախությանը: Սակայն սեպտեմբերի 27- ին սկսվեց պատերազմը եւ ամեն ինչ հետաձգվեց:

Ծնողները պատմում են, որ եղբայրները իրենց հետ անընդհատ հեռախոսային կապի մեջ էին, վստահեցնում էին, որ անհանգստանալու կարիք չկա: Տղաների մայրը` Անահիտը նշում է, որ Մանվելից միշտ ավելի հանգիստ էր, քան Արտյոմից, քանի որ նա բնավորությամբ ավելի հանգիստ էր, ավելի կազմակերպված ու թվում էր, թե նրա հետ որեւէ վատ բան լինել չի կարող:

Եղբոր հետ տեղի ունեցածի եւ առհասարակ պատերազմի մասին Արտյոմը մինչ օրս անգամ հարազատներ հետ չի խոսում:

Ծառայակիցներից հաջողվել է պարզել, որ եղբայրները մարտերի են մասնակցել միմյանցից 300 մետր հեռավորության վրա: Երբ Մանվելը վիրավորում է ստացել, Արտյոմը մյուս վիրավորների հետ եղբորը տեղափոխել է հոսպիտալ: Ճանապարհին եղբայրները անընդհատ խոսացել են, Մանվելը Արտյոմին հարցրել է, թե ինչպես է ծնողներին ասելու իր վիրավորման մասին լուրը, ասել է, որ հոսպիւտալում հինգ րոպե քնի- արթնանա, նորից կվերադառնա դիրքեր: «Դու գնա կռվի, ես կգամ »,- Մանվելի վերջին խոսքերն էին: Արտյոմի մոտ տպավորթյուն է եղել, թե եղբոր վնասվածքը լուրջ չէ, որ նա իսկապես շատ արագ կապաքինվի, սակայն որոշ ժամանակ անց նրան է մոտեցել բժիշկը ու ասել . « Ցավակցում եմ, դու գնա, ես եղբորդ կուղարկեմ»:

Արտյոմին մեկ շաբաթով ազատել են ծառայությունից եւ ուղարկել են տուն, սակայն Մանվելի դին տուն է հասել մեկ շաբաթ անց միայն:

«Երբ եկավ, հարցրի` եղբայրդ ուր է, ինչու չես բերել: Ասեց` մամա, չեմ կարողացել բերել… Մենք երեխային փնտրում, չէինք գտնում:Ամեն տեղ գնում ու զանգում էինք, բայց չկար: Մի պահ սկսեցինք վիրավորների մեջ փնտրել: Մտածում էինք` գուցե երեխան հետ է եկել, Արտյոմն էլ ասում էր` ես նստել եմ նրա մոտ կես ժամ, իմ եղբայրը չկա… Բայց մենք էլ ամեն ինչ մտածում էինք: Հետո գտանք Գորիսի մոռգում»,- պատմում է մայրը:

Մանվելն ու Արտյոմը բանակ էին զորակոչվել Չարենցավանից: Պատերազմի ընթացքում Չարենցավանը տվել է 45 զոհ:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest