Սեպտեմբերի 13-ին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված մեղրեցի  Տիգրան Հայրապետյանը կդառնար քսանմեկ տարեկան:

Մայրը՝ Աննա Նավասարդյանը, պատմում է, որ դեռ վաղ մանկությունից է հայտնաբերել Տիգրանի՝ անսովոր լինելը:

«Մանկությունից էլ շատ ակտիվ էր, աչքի էր ընկնում իր կամային հատկանիշներով, արտաքինով էլ էր տարբերվում, բարձրահասակ էր:  Ըմբոստ էր, համառ, իր տարիքի համեմատ՝  հասուն: Ես հումորով ասում էի, որ ինքը Սասունցի Դավթի նման ժամով է մեծանում: Տիգրանիս նույնիսկ մեծերն էին պատկառանքով մոտենում, հարգում: Դպրոցական առաջին օրերից էլ նա աչքի ընկավ մաթեմատիկական ընդունակություններով: Դասվարն ասում էր, որ նա պոտենցիալ մաթեմատիկոս է: Նա դեռ մանկապարտեզից էր հետաքրքրվում մաթեմատիկայով: Երբ երեկոյան իր  համար հեքիաթ էի կարդում, ընդհատում էր եւ ասում՝ մա՛մ, ինձ մաթեմատիկայից հարցեր տուր: Դպրոցում նա բոլոր առարկաներն էր լավ սովորում, լավ հիշում էր պատմական բոլոր տարեթվերը: Տիգրանս հրապուրված էր նաեւ սպորտով, դա իր տարերքն էր: Վեց տարեկանից խնդրում էր հորը, որ հաճախի ֆուտբոլի խմբակ, սիրում էր ֆուտբոլը: Նույնիսկ առաջին անգամ ձեռքը վերցնելով թենիսի ձեռնաթիակը՝ իրեն փայլուն դրսեւորեց նաեւ այդտեղ: Երբ  Տիգրանն ընդունվեց Երեւանի պետական համալսարանի  մաթեմատիկայի ֆակուլտետի մեխանիկայի բաժինը,  ընդգրկվեց նաեւ ԵՊՀ-ին կից գործող բասկետբոլի թիմում: Ցավոք սրտի, որդիս միայն մի կիսամյակ գնաց դասի ԵՊՀ-ում, հետո՝  2019թ., զորակոչվեց բանակ:  2021թ. հունվարին պետք է գար…Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ պատվոպահակային խումբ զորակոչվելու համար հատուկ կազմվածքով, բարետես երիտասարդների են հավաքագրում: Տիգրանն ուներ այդ բոլոր տվյալները: Ամբողջ հանրապետությունում, այպես կոչված, քասթինգ էր հայտարարված: Երկու հարյուր տղաներից պետք է ընտրվեին  երեսունվեցը: Ինքն էլ ընտրվեց: Երբ եկավ վիճակահանության ժամանակը, Տիգրանին առանձնացրել էին որպես պատվոպահակային, չգիտենք, թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ, իրեն  եւ եւս մի քանի տղաների ուղարկեցին Արցախ: Դա, իհարկե, Տիգրանիս երազանքն էր: 2016թ. ապրիլյան  քառօրյա պատերազմից հետո որդուս երազանքն էր Մատաղիսում ծառայելը: Եվ բոլորին ինքն ասում էր, որ պետք է ծառայի Մատաղիսում: Երեւի դա նախախնամություն էր, ճակատագիր, որից չէիր կարող փախչել: Երբ տղաս իմացավ, որ պետք է ծառայի Մատաղիսում, ամուսինս տեսել է, թե ինչպես է նա հրճվում:  Չորս ամիս էր մնում, որ զորակոչվեր: Այդ ընթացքում նա երբեք նեղություն չի տվել մեզ, մենք ոչնչից տեղյակ չենք եղել: Առաջին իսկ ամսից  ընդգրկվեց  որպես  հետախույզ: Երբ զանգեց եւ այդ մասին ասաց մեզ, մենք մի քիչ վախեցանք, բայց ինքը համառեց, ասաց՝  ես հետախույզ եմ: Հետո մենք իմացանք, որ ինքը տարբեր շքանշանների, պատվոգրերի, պարգեւների է    արժանացել, բայց այդ մասին մեզ ոչինչ չի ասել: Այդ մասին մենք իմացանք իր ընկերներից, հրամանատարից: Տիգրանը հետմահու նաեւ «Արիության շքանշան »-ի է արժանացել»,- պատմում է Աննան:

Տիգրանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին, Մատաղիսի դիրքերում:  Այդ ժամանակ չի հաջողվել  դիրքերից  դուրս  բերել  Տիգրանի եւ նրա զոհված ընկերոջ դիերը: Միայն վեց ամիս հետո՝ մարտի 24-ին է հաջողվել գտնել նրան: Տիգրանին հուղարկավորել են Մեղրիում:

Որդեկորույս մայրը կարծում է, որ ամենամեծ դասն իր կյանքում իրեն ավագ որդին է տվել. նրա զոհվելուց հետո ամիսներ շարունակ ինքը շատ արժեքներ յուրովի է վերաիմաստավորում:    

Աննան հիշում է, որ որդին սերժանտ է եղել, եւ մինչեւ պատերազմը սկսելը, վաշտին ճամբար էին տարել Թալիշի հատվածում:

«Մենք այդ ժամանակ ուզում էինք գնալ, իրեն տեսնել, բայց նա հրաժարվեց, ասաց, որ ճամբարից գալու են, բարձրանալու են դիրքեր: Հետո նա ասաց՝ ես կգամ, մի ձեւ կգամ: Ես հետաքրքրվեցի, թե ինքը ծառայության ընթացքում պատվոգրերի,  շքանշանների չի՞ արժանացել, ասաց՝ մա՛մ, ես ուրիշ բան եմ բերելու: Ինքն, ի դեպ, շատ անտարբեր էր պատվոգրերի, շքանշանների հանդեպ: Ամուսնուս հարցրեցի, թե ինչ ասաց, ինչ պետք է բերի ինքը, նա էլ ասաց՝ դե մի բան է, ասաց: Մինչեւ հիմա ինձ տանջում է այն միտքը, թե ինչ նկատի ուներ Տիգրանս, ինչու այդ խոսքն ասաց: Մեկ էլ ինձ համար անսպասելի էր պատերազմից առաջ՝ սեպտեմբերի 25-ին,  Տիգրանի  տեսազանգը: Զարմացա, որովհետեւ հնարավոր չէր դիրքերից տեսազանգ հղելը: Ես ուրախանալու փոխարեն հուզվել էի, հարցնում էի, թե ոնց է զանգել, միայն իր դեմքն էր երեւում մթության մեջ, եւ ինքը ժպտում էր: Ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ, դիրքերում եմ: Իսկ իրենց դիրքերը շատ մոտ էին թշնամու սահմանին: Ինքը հեռախոսի լույսը վառեց, տեսա ընկերներին, հանգստացա, որ ընկերների հետ է, բայց  էլ  չկարողացա խոսել: Չգիտեմ ՝ ինքը գիտե՞ր, իրենց ասե՞լ էին, որ պետք է պատերազմ լինի: Միայն ասաց՝ մա՛մ, շատ լավ ենք, մեզ իջեցրել են դիրքեր: Բայց իրենք պետք է ճամբարում լինեին, ավելի շուտ էին իջեցրել դիրքեր: Իսկ հաջորդ օրը մենք լսեցինք, որ սահմանին կուտակումներ կան: Այդ օրը Տիգրանս անջատել էր հեռախոսը, ոչ մի կերպ չկարողացանք կապ հաստատել իր հետ: Սեպտեմբերի 27-ը բոլորիս համար բացվեց պատերազմի գույժով: Որդիս զանգեց, ասաց, որ լավ է, ինքն այնպես էր խոսում այդ եւ հետագա օրերին, որ մենք չընկճվենք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ապահով ենք: Հետո իմացանք, որ չորս օր, սոված-ծարավ,  դիրքերից  դիրքեր են գնացել, ինչերի միջով են անցել: Այնպիսի վիճակ է եղել, որ ուտելիքն էլ են թողել ու գնացել մեր տղաները: Հոկտեմբերի 2-ին՝ առավոտյան,  ժամը 10-10.30-ի սահմաններում,  խոսեցի Տիգրանիս հետ, ասացի՝ Տիգրան ջան, ես իմ բոլոր -ուժերը քեզ եմ ուղարկում, ուժեղ մնա՛: Ամուսինս շատ էր ցանկանում կամավոր գնալ, ասել էր՝ պա՛պ, չգաս հանկարծ: Մի վայրկյան անգամ չեմ մտածել,  չեմ ասել ՝    թաքնվի՛ր, փախի՛ր  Տիգրան, ասել եմ՝ իմ ուժերն ուղարկում եմ քեզ, կրկնապատկիր ուժերդ, որ հաղթենք: Դա վերջին զանգն էր: Հետո իմացանք, որ զոհվել է…Նույն խրամատում զոհվել էր նաեւ ապրիլյան պատերազմի  «Մարտական խաչ»   շքանշանի  լեգենդար հերոս Արթուր Աղասյանի եղբայրը: Ամուսինս ՝  Կարենը, վեց ամիս հետո գտավ զոհված որդուս եւ Աղասյանի եղբորը ՝ Արսենին: Արթուր Աղասյանին էլ չէին գտնում: Երկու ամիս առաջ ամուսնուս եւ ընկերների ջանքերով գտանք նաեւ Արթուր Աղասյանին: Երկու եղբայր զոհվել էին նույն օրը, մեկը ՝ Թալիշում, մյուսը ՝     Մատաղիսում: Տղայիս բոլոր ընկերները, բոլորը kjkjhgdsa՝ հերոսներ, զոհվեցին…  »,- հուզմունքից խեղդվելով ասում է Աննան:

Աննան հիշում է, որ որդու զորակոչվելուց հետո գրպանում գտել էին  «Պրիմա նոստալգիա »  սիգարետի տուփը, որը պահում էր որպես հնություն: Որդին շատ է սիրել հնություններ պահել, իր ասելով ՝   որտեղ կուժի, կուլայի կտոր էր տեսնում, տուն էր բերում:

Իսկ ահա այդ սիգարետի տուփի վրա պատկերված են  եղել Էջմիածնի եկեղեցու տաճարը եւ Անդրանիկ Օզանյանը: Տուփին էլ գրված են եղել  «Մշո սուլթան սուրբ Կարապետ, թող լինի Ձեզ պահապան »  եւ Անդրանիկ Օզանյանի հետեւյալ խոսքերը. «Իմ ամենաջերմագին փափագն է, որ մեզնից ամեն մեկը, ամեն հայ մարդ, օրվա քսանչորս ժամից քսաներեքը հատկացնի իր հոգսերին, իսկ մի ժամը ՝ իր ժողովրդին: Եթե բոլորն այդ մի ժամը նվիրեն ժողովրդի հոգսերին, մեր բոլոր հոգսերը լուծված կլինեն: Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, կքնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին»:

Եվ Տիգրանն այդ տուփը դպրոցական տարիքից պահել է իր գրպանում, բանակ զորակոչվելուց հետո էլ մայրն այն պատահաբար է գտել բաճկոնի գրպանում եւ զարմացել, թե ինչն էր  մղել 17-18-ամյա պատանուն այն սրբորեն պահելուն:

Թագուհի  Հակոբյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest