Օգոստոսի 6-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել էր «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելուն։

Նախագիծն ընդունվել էր նույնը օրը կառավարության նիստին։ Համաձայն նախագծի՝ ՀՀ հարկային օրենսգրքում ավելացվելու է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը։ Օրենքը վերաբերում է խոշոր օնլայն հարթակներին՝ Facebook, Google, Booking, Netflix, Yandex եւ այլն), որոնք ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց, գովազդ են դնում և այս օրենքի կիրառման դեպքում այդ ընկերությունները Հայաստանին ավելացված արժեքի հարկ են վճարելու։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, այս օրենքով ՀՀ բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 միլիարդ դրամով, և որ օրինագծով նաև հավասար մրցակցություն կլինի տեղական և այն դրսի ընկերությունների միջեւ, որոնք ՀՀ-ում ծառայություններ են մատուցում։ «Օրինակ` Yandex-ն ԱԱՀ չէր վճարում, իսկ GG-ն վճարում էր։ Այսինքն` օրենքն ընդունելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի»,- ասել էր Քերոբյանը։

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից։

«Դե տեսեք, իմաստը հետևյալն է՝ Հայաստանից անհատները շատ մեծ քանակի ծառայություններ են առնում դրսից, ու դա բացարձակ ոչ մի ձևով հարկային դաշտ չի մտնում։ Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ում գովազդի մեծ մասը դրվում է անհատների կողմից ու այդ փողը փաստացի մաքուր դուրս է գալիս, կամ օրինակ «Նեթֆլիքս»-ից կինո նայելու ծառայություններն են առնում։ Տասնյակ բաներ կարելի է նշել», — «Forrights»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ սա աշխարհում տարածված բան է, և այս օրիանագծով ծառայությանը մտցնում են հարկային դաշտ։ «Պայմանավորվում են ծառայություն մատուցողի հետ, ինքն ԱԱՀ ներառում է գնի մեջ, ու հետո հետ փոխանցում պետությանը։ Դրական այն է, որ մեծ դրամային հոսքերը, որոնք դուրս են գնում, մի մասը հետ է գալու հարկի ձևով։ Բացասականն այն է, որ այդ նույն բանի պատճառով բերելու է ծառայությունների 20 տոկոս թանկացման», — նշեց նա։

Ինչ վերաբերում է, թե այս օրենքի ընդունումն ինչ հետևանքներ կունենա շարքային քաղաքացու վրա, ապա Մարտիրոսյանն ասաց. «Եթե «Նեթֆլիքս»-ից գնում եք, ապա մի քիչ շատ կծախսեք։ Կամ «Սփոթիֆայ»-ից [աուդիոհոսքի ինտերնետ ծառայություն, որը թույլ է տալիս օրինականորեն լսել երաժշտություն, աուդիոգրքեր և փոդքաստեր] եթե երաժշտություն առնեք լսելու համար, գինը 20 տոկոսով կբարձրանա»։

Ֆեյսբուքյան գովազդների հետ կապված, մեդիափորձագետն ասաց. «Ինձ չի թվում, որ դա լուրջ բաների կբերի, որովհետև գովազդային բյուջեները մեծ մաս չեն կազմում բիզնեսում»։

Ինչ վերաբերում է, թե այս օրենքով հնարավո՞ր է «Յանդեքս» ծառայության կողմից տաքսիների սակագնի բարձրացում, Մարտիրոսյանի կարծում է, որ դա սխալ մեկնաբանություն է. «Որովհետև «Յանդեքս»-ի դեպքում, որքանով ես գիտեմ, իրենք այստեղ միջնորդավորված այլ ծառայությունների միջոցով այդ հարկը վճարում են արդեն երկար ժամանակ է։ Այնպես որ, դա իրենց վրա չի անդրադառնա։ Այսինքն՝ սակագինն արդեն բարձրացել է»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուկան Դոյդոյանի կարծիքով՝ վաղուց ժամանակն էր այս հարցին լուծում տալու համար։

«Դա վաղուց էր անհրաժեշտ անել, դա կիրառվում է շատ արդյունավետ այլ երկրներում, դրա մասին խոսք լինել չի կարող։ Հուսով եմ, կառավարությունը կկարողանա իր գրածն իրականության դարձնել», — նշեց Դոյդոյանն՝ անդրադառնալով հարցին, թե սա ինչ ազդեցություն կունենա լրատվամիջոցների աշխատանքի վրա, որոնք օգտվում են այսպիսի գովազդներից։

«Մեդիա.am» կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն նույնպես այն կարծիքին է, որ այս կարգավորմանը պետք է գայինք։ ««Ֆեյսբուք»-ում գովազդն ինքն իրենով մեծացնում է մրցակցությունը գովազդային դաշտում։ Ենթադրենք՝ ես գյուղմթերք եմ արտադրում, կամ ինչ-որ գովազդ եմ ուզում դնել PR ընկերությունում, ես այդ գովազդը տեղադրում եմ «Ֆեյսբուքում» ավելի լավ թիրախավորում եմ, ավելի լավ արդյունք եմ ստանում, գուցե ավելի քիչ եմ ծախսում կամ նույն գումարով ավելի լավ արդյունք եմ ստանում։ Եվ այդ բյուջեի որոշակի մասը, չեմ կարող ասել, թե որքանը, հենց ուղիղ «Ֆեյսբուքին» է գնում, ոչ թե օրինակ լրատվամիջոցին», — նշեց նա։

Վարդանյանի խոսքերով՝ այս պարագայում «Ֆեյսբուք»-ն այդ գովազդի բյուջեն տանում է իրեն, դա չի մնում լրատվամիջոցին։ «Չնայած տարեցտարի, այդ մասին պետք է խոսել, «Ֆեյսբուք»-ում գովազդի գինն աճել է, տարբեր երկրներում տարբեր է։ Պայմանականորեն ասած, «Ֆեյսբուք»-ը կամ այլ ցանցերը գովազդ դնելու համար շատ մեծ մրցակցություն են ստեղծել։ Եվ եթե այդ հարկման մեխանիզմն ինչ-որ կերպ աշխատի, ուղիղ սպասելիքն այն է, որ լրացուցիչ հնարավորություններ կլինեն, որ գովազդ տեղադրողը կմտածի՝ միանգամից «Ֆեյսբուք»-ո՞ւմ տեղադրել, թե՞ նաև կայքերում։ Եվ հնարավոր է, որ այդ գումարի մի մասը գնա դեպի տեղական լրատվամիջոցներ։ Դա երևի նախագծի հեղինակների սպասելիքն է», — հավելեց «Մեդիա.am»-ի գլխավոր խմբագիրը։

Իսկ ամբողջական գնահատականի համար Գեղամ Վարդանյանն առաջարկեց սպասել արդյունքներին:

Սերգեյ Առաքելյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest