Արտյուշ Մարտիրոսյանը կրտսեր եղբոր հետ որպես կամավոր սեպտեմբերի 27-ին մեկնել էր Արցախ: Պատերազմի 5-րդ օրը Հադրութում նա ԱԹՍ հարվածի հետեւանքով ստացել է բեկորային վնասված եւ մահացել է եղբոր ձեռքերի մեջ:

Արտյուշը 34 տարեկան էր, ամուսնացած էր, ունի երկու երեխա: Պատերազմի մասին լուրն իմանալով առանց երկմտելու գնացել էր մոտակա զինկոմիսարիատ: Այնտեղ տեսել էր կրտսեր եղբորը, ով եւս եկել էր կամավորագրվելու: Եղբայրնեի միջեւ վեճ էր առաջացել: «Մեծը փոքրին է ասել, որ նա չպետք է գնա, փոքրը մեծին է ասել: Բայց վերջում բարիշել են ու որոշել են երկուսով գնալ»,- պատմում է նրանց մայրը` Ալվարդ Մարտիրոսյանը:

Եղբայրները մեկնել են Հադրութ ու մասնակցել են մարտական գործողությունների, պարբերաբար զանգահարել են հարազատներին ու ասել են, որ լավ են, իրենց համար անհանգստանալու կարիք չկա:

Մեկ օր որդիներից զանգ չստանալով, մայրը սկսել է անհանգստանալ, տղաների որդիների ծառայակիցներին, ովքեր ասել են, թե հեռախոսը նրանց չեն կարող փոխանցել, քանի որ հեռու են: Այս պատասխանները ավելի են խորացրել ծնողների անհանգստությունը:

«Ես արդեն լռիվ ինձ կորցրել եմ, ասում եմ` էրեխեքիս բան է եղել: Իջանք ներքեւ: Ամուսինս ինձ տանում էր գործի: Ճանապարհի հենց սկզբին փեսաս տաքսիով դուրս եկավ դեմներս: Ռիսկ չէր անում դուրս գալ մեքենայից: Ես իջա, առաջ գնացի,  ինքն էլ իջավ: Ասեցի` Արամ, ի՞ նչ ա եղել էրեխեքիս: Ասեց` ոչ մի բան : Նորից ասեցի` Արամ էրեխեքիս ի՞նչ ա եղել: Էլ չկարողացավ իրան պահել: Ինձ գրկեց ու լացեց: Ասեցի` ասա, ո՞ր մեկն ա: Ասեց` Տյուշը… ու ես էլ չեմ իմացել, թե ինչ է կատարվել, ոնց են ինձ տուն բերել»,- հիշում է տիկին Ալվարդը:

Նրան պատմել են, որ որդին վիրավոր վիճակում օգնուոյթւն է սպասել, եթե օգնությունը ժամանակին հասներ, նա գուցե ողջ մնար. «Վիրավոր է եղել: Մի երեխու էլ ոտք է կտրվել: Հրամանատարը փախել է: Ում որ երեխաներին վստահել էին, ով որ էրեխեքին պետք է ուշադիր լիներ: Նա թողել, փախել է: Շտապ օգնության մեքենա են սպասել, բայց ուշացել է: Ասում են` եթե շուտ գար, կարող ա փրկեին: Բեկորը պոչկի մեջ էր մտել: Ներքին արնահոսությունից է մահացել»:

Նա հիշում է, որ սկսել է խնդրել հարազատներին զանգել իր կրտսեր որդուն, որ գոնե նրա ձայնը լսի, համոզվի, որ գոնե նա ողջ է: Ասել են` չեն կարող, որ եղբոր մահը տեսնելուց հետո նա կորցրել է խոսալու ունակությւոնը. «Ոնց որ ֆիլմերի մեջի զոմբիներից լիներ: Ինքը քայլելով տուն չի եկել, նրան քարշ տալով բերել են տուն: Երկու օր նա ոչ քայլել է, ոչ խոսացել է… ինքը մինչեւ հիմա էլ ինձ ոչ մի բան չի պատմում»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest