Այս պահի դրությամբ Հայաստանում գործող դատարաններից 12-ում գործերի բաշխման եւ մակագրման համակարգը չի աշխատում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության գործերով եւ վարչական գործերով Երեւան քաղաքի առաջին ատյանի 2 դատարանների, ինչպես նաեւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության 7 դատարանների համակարգերին։  

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ աշխատում են մարզային բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի գործերի բաշխման համակարգերը։ Նշենք, որ մարզերում գործում են ընդհանուր իրավասության 9, վարչական՝ 4, սնանկության՝ 2 դատարաններ։

Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առգրավել է մի քան դատարանի համակարգիչներ, ինչի հետեւանքով խաթարվել է գործերի բաշխման եւ մակագրման գործընթացը։ Վերջինս սահմանված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով, որի համաձայն՝ դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի շահագործման կարգը սահմանում է ԲԴԽ-ն: ԲԴԽ-ն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը, Համակարգչային ծրագիրը գործարկելը եւ սպասարկելը, իսկ ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը վերաբերում է հենց ծրագրին ապօրինի միջամտելու դեպքի, սակայն դրա վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր զանգերին չպատասխանեցին։ Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն կտարածի, սակայն առայժմ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը նաեւ սահմանում է, որ երբ գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Գագիկ Ջհանգիրյանն այսօր նշեց, որ թեեւ այդ քրեական գործի հարուցումը իրենց արտառոց իրավիճակի մեջ է դրել, բայց օրենքի տառը եւ ոգին պահպանվել են․ «Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազից մենք հուլիսի 20-ին ստացանք իրազեկում դատարանների շենքերում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ, այդպիսի իրազեկումներ ստացել էին այն բոլոր դատարանների նախագահները, որոնցում նախատեսվում էր իրականացնել այդ գործողությունները»։

Նա նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտից փորձել է ճշտել հնարավոր ժամկետներ, սակայն նրանք հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ, նշանակվել է փորձաքննություն, եւ ինքն այսօր չի կարող ասել, թե դա ինչքան կտեւի․ «Բայց իրենք նշեցին, որ ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ որ այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործով, հետեւաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննության առարկա»։

Ջհանգիրյանը նաեւ տեղեկացրեց, որ զուգահեռ բանակցում են նոր ծրագրի համար, քանի որ գործող ծրագրից բազմաթիվ դժգոհություններ կան․ մակագրման ընթացքում այն հաշվի է առնում միայն թվային, այլ ոչ որակական հատկանիշներ, ինչպիսիք են, օրինակ, գործի բարդությունը, աշխատատարությունը․ «Ինձ զեկուցվել է նաեւ, որ այդ ծրագիրը ի սկզբանե դրսից միջամտության հնարավորություն է նախատեսում, ինչը ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլ նաեւ խիստ ռիսկային եւ քրեորեն պատժելի, թե այդ միջամտողը ով կլինի՝ ծրագրի հեղինակները, սպասարկողները, շահագործողները, ես չեմ կարող ասել»։

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք նա բացառում է ընտրողական մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր որոշ գործիչների փաստաբաններ նման խնդիր էին բարձրացնում, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը պատասխանեց․ «Ժամանակային առումով գուցե համընկել են այդ գործերի հետ, դրանց հետ են կապում, բայց կարեւորը այն է, որ պատճառահետեւանքային կապ չկա այդ գործերի մակագրման եւ ԱԱԾ-ում հարուցված գործի միջեւ, եւ ես չեմ կարող ասել, թե դատարանի նախագահը որ սրտի ուզած դատավորին ինչ է մակագրում, ավելին, դա մակագրվում է ԲԴԽ որոշման համաձայն, որով պետք է հաշվ առնվեն որոշ սահմանափակումներ»։

Ջհանգիրյանի խոսքով՝ թեեւ ինքը կողմ է գործերի բաշխման եւ մակագրման ավտոմատ համակարգին, բայց դատարանների նախագահների կողմից մակագրման դեպքում էլ դրական է այն, որ նրանք կարող են ինչ-որ չափով հարթել ծանրաբեռնվածության այն անհավասարությունը, որ եղել է ավտոմատ մակագրության արդյունքում։

Լրագրողներից մեկը դիտարկում արեց՝ նշելով, որ բաշխման եւ մակագրման լիազորությունը այժմ տրվել է դատարանի նախագահներին, մինչդեռ տեսականորեն հնարավոր է, որ ենթադրյալ միջամտությունը դատարանների ներսից եւ նաեւ նրանց կողմից կատարված լինի, ինչին Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց՝ ասելով․ «Բացի Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահից, որը ունի լիազորությունների մեկ տարի ու կես ժամկետ, մնացած բոլոր նախագահները նոր նշանակված դատավորներ են»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները ապրիլ 15-ից կասեցված են։ Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, եւ դատական կարգով բողոքարկել է իրեն մեղադրյալ ներգրավվելու որոշումը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 31-ին բավարարել է Վարդազարյանի պաշտպանների բողոքը, եւ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել  նրա իրավունքների եւ օրինական շահերի խախտումը: Դատարանի այս որոշման դեմ էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ դատախազությունը։

Միլենա Խաչիկյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest