«Առավոտից իրիկուն` կոռուպցիայի դեմ պայքարենք, ձեզ թվում է, կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է… Հեսա կոռուպցիան: Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»,- այս սուր քննադատության հեղինակը ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ 2014 թվականին, երբ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր էր:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին քննադատում էր գործող իշխանություններին՝ ապօրինի հարստանալու եւ իրենց մերձավորների ընկերություններից պետգնումներ անելու համար: Նա վարչապետության առաջին տարիներին խոստանում էր  բաց եւ թափանցիկ կառավարում՝ իր ղեկավարած կառավարությունը անվանելով «անկախ Հայաստանի կառավարություններից ամենաթափանցիկը»:

Փաշինյանի իշխանության տարիներին նկատվում է բաց եւ թափանցիկ կառավարման սահմանափակումներ: Նախ   2019 թվականին Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշմամաբ նախարարների, փոխնախարարների եւ նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը էական բարձրացրեց: Նախարարի աշխատավարձը դարձավ 1,5 մլն դրամ: Այս մասին հանրությունը տեղեկացավ լրատվամիջոցներից: 2021-ին կառավարությունն ընդունեց որոշում, որով սահմանամերձ համայնքերում նկարահանում իրականացնելու համար լրագրողները պետք է ունենան ԱԱԾ-ի թույլտվությունը:

Այժմ էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կողմից մշակվել է նախագիծ, որով նախատեսվում է փակել մեկ անձից կատարվող գնումների, ինչպես նաև պաշտոնյաների գործուղումների մասին տեղեկատվությունը, որոնք հրապարակվում էին կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում: Առաջարկվում է սահմանափակել նաեւ ռեեստրների ու ցանկերի համակարգում առկա օգտակար հանածոների, ստորերկրյա ջրերի արդյունահանման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրերի մասին տեղեկատվությունները:

Իշխանություններն այս սահմանափակումներն արդարացման հիմք ներկայացնում է  44-օրյա պատերազմը, նշելով՝ ուսումնասիրել են և պարզել՝ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում, որը երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել ի վնաս Հայաստանի պետական շահի։

Այս սահմանափակումների համատեքստում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը նշում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար  Բագրատ Բադալյանի «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետությանը 118 մլն դրամի ճանապարաշինական ծառայություններ է մատուցել:

«Ճիշտ է, նա հավատարմագրային կառավարման է հանձնել, բայց ահռելի գնումներ են կատարվել այդ ընկերությունից, որի բաժնետոմսերից մեծ մասը Բագրատ Բադալյանին է պատկանում: Ես հակված եմ կասկածելու, որ խնդիրը սա է. փակել այն տվյալները, որ հասարակության մոտ հարցեր են առաջացնում»,-ասում է հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող գնահատմամբ՝ այս նախագիծն կարող է հանգեցնել թափանցիկության նվազեցմանը:

«Եթե գանք ավելի բովանդակային հարցին՝ թափանցիկության մակարդակի նվազեցում: Մենք սա ունենք: Հիմա ինչքանով է դա համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին, եթե հաշվի առնենք Հայաստանի վիճակը: Փաստորեն, Ղարաբաղի հարցը լուծված չի, պատերազմի վտանգը կա, կիբերհարձակումների խնդիրը նույնպես՝ պատերազմը ցույց տվեց՝ ինչ խնդիրներ ունեցանք:

Սա բավականին բարդ հարց է: Այստեղ այս խնդիրն է շատ կարևոր՝ արդյո՞ք դա ազգային անվտանգության, պաշտպանության շահերից ելնելով պետք է մնա բաց, թե՞ պետք է գաղտնի դարձնել դրանք: Սա է խնդիրը, որովհետև այն, որ դա բաց էր, մեզ գովում էին, որ՝ տեսեք, մենք ավելի ժողովրդավար ենք, ավելի թափանցիկ ենք, ավելի հաշվետու ենք, քան թե Ադրբեջանը, բայց դա չօգնեց: Այդ նույն ասողները մեզ առանձնապես որևէ ձևով չօգնեցին, ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին, ու արժի՞ արդյոք մեզ այդ ամենը կոչ անողների կոչերին շարունակել հետևել: Մյուս կողմից էլ մյուս խնդիրը կա այստեղ, որ այդ անվան տակ կարելի է շատ-շատ բաներ գաղտնիք դարձնել, չհրապարակել»:

Ըստ Վարուժան Հոկտանյանի կառավարության հեղինակած այս նախագիծերը թափանցիկության սահմանափակում է, բայց փորձագետն ասում է՝ մյուս կողմից էլ որպես հիմնավորում՝ բերվում են բավականին լուրջ պատճառներ՝ պատերազմը և կիբերհարձակումներիը: 

Հասարակական կազմակերպությունները սուր քննադատում են  կառավարության հեղինակած այս նախագիծը եւ առաջարկում են չիրականացնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող փոփոխությունները։

Այս կառավարությունն ասում է՝ իմ գործունեության հիմքում թափանցիկությունն է, հաշվետվողականությունը, հիմա քաղհասարակությանը զրկում է այդ գործիքներից։ Պատերազմի հետ են կապում, այսինքն՝ պատերազմի թեման են շահարկում, ես դա ցավով եմ նշում, որ դա որպես պատրվակ են ուզում օգտագործել։ Գիտեք, ցանկացած տվյալ կարելի է սահմանափակել՝ էդ ձևակերպումները տալով։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ որտեղ է հանրային, պետական շահն էս ամեն ինչում, արդյոք հանրային շահն ասում է, որ գաղտնի պահենք, էդպես ապահով է, թե հանրային շահն ասում է՝ բացենք, հրապարակայնացնենք և քաղհասարակությունը թող օգնի պետությանը՝ առողջացնելու ոլորտը, բացառելու կոռուպցիան այս ոլորտում, էդ է պետք քննարկել, հասկանալ», — ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest