Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում սիբիրախտի պատճառով արդեն 20-րդ խոշոր եղջերավոր անասունն է սատկել: Տեղեկությունը փոխանցում են համայնքի բնակիչները եւ նշում, որ փոխհատուցման մասին որեւէ խոսք չկա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ հունիսի 22-ից սկսած Վանեւան համայքնում խոշոր եղջերովոր անասունների անկման մասսայական դեպքեր են արձանագրվում:

Վանեւանում ամենամեծ կորուստը կրել է ֆերմեր Վալտեր Ասլանյանը: Նա ութսուն գլուխ խոշոր եղջերավոր անսանուն ունի, որից ութ հատը սատկել են, իսկ մի քանիսն էլ վատառողջ են:

«Սա ընդհանուր 8-րդն է, որ սատկում է»,- ցույտ տալով անասնագումում գտնվող անկած կովին ասում է Վալտեր Ասլանյանը եւ նշում, որ  սիբիրախտի պատճառով նաեւ կաթը չեն կարողանում մթերել:

«Չորս օր է կաթը չեն մթերում, օրը  30 հազար դրամի կաթ էի հանձնում, բայց հիմա օրը 220 լիտր կաթ եմ թափում: Ով է պատասխան տալու իմ վնասների համար»,- նշում է ֆերմերը:

Վանեւանցի Վարդուշ Գալստյանն էլ նշում է՝ սիբիրախտի պատճառով սատկել են իր ունեցած երկու կովերը, բայց տարեց կնոջ միակ հույս այն է, որ ինքն ու ընտանիքի այլ անդամներ չեն վարակվել: Վանեւանում երեք բնակիչ վարակվել է սիբիրյան խոցով: Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ հունիսի 29-ին կատարվել է նմուշառում Վանեւան եւ Տորֆավան համայնքների 7 բնակչի։ Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։ Նրանք հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կենտրոնում:  «Մեզ մոտ բուժում է ստանում երեք հոգի, նրանց ձեռքերին առկա են վերեքր գանգատներով»,- ասաց Մարտունու ԲԿ ինֆեկցիոնիստ Մանուկ Երիցյանը:

Ի դեպ, Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից  և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Այնուհանդերձ, առեղծվածային է շարունակում մնալ սիբիրախտի տարածման պատճառները: Գյուղացիները եւ պատասխանատու պաշտոնյաները միմյանց հակասող պնդումներ են անում: Մեծ վնասներ կրած Վալտեր Ասլանյանը հավաստիացնում է, որ սիբիրախտը համայնքում գլուխ է բարձրացել, քանի որ պատվաստանյութի դոզան կիսով չափ է եղել:

«Պատվաստանյութի 50 մլ գրամանոց սրվակը բացել են հարյուր մլ գրամ ջրով, բերել անասունները սրսկել են, բայց մի քանի օր առաջ Երեւանից եկած մասնագետներից իմացա, որ 50 մլ գրամանոց պատվաստանյութը պետք է բացել 50 մլ ջրով, հիմա ստացվում է, որ դառնում է կես դոզա»,- խնդրի միակ պատճառ ներկայացնում է Վալտեր Ասլանյանը:

Ֆերմերին, սակայն, հակադարձում է Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը: «Նման բան հնարավոր չէ, անասնաբույժը փորձառու է, գուցե խոսակցության ընթացքում թյուրիմացություն է եղել, եթե նման բան լիներ, ապա իր ֆերմայի ամբողջ գլխաքանակը հիվանդացած կլիներ»,- ասում է պաշտոնյան եւ շեշտում, որ ապրիլին, երբ խոշոր եղջերավորներին պատվաստել են սիբիրախտի դեմ գյուղացիները թույլ չեն տվել պատվաստել հղի կովերին, ինչն էլ, ըստ էության, դարձել է վարակի տարածման պատճառ:

Վանեւանում հույս ունեն, որ կառավարությունից փոխհատուցումներ կլինեն կրած վնասների համար: Էկենամիկայի նախարարի պաշտոնակատարն ասում է՝ փոխհատուցման մեխանիզմներ չկան: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում, որ փոխհատուցում լինի կամ նման մի բան, նման մեխանիզմ մինչ այս չի եղել մեր գործիքակազմում, բայց պետք է նայենք խնդրի չափը, մեծությունը  եւ ըստ դրա կատարենք ճիշտ որոշում»:

Նշենք, որ գյուղացիների կրած վնասները բավականին մեծ են: Ընտանիք կա, որ զրկվել է իր ունեցած բոլոր անասուններից: Մյուսների վնասները համեմատաբար քիչ է, բայց երկու-երեք կովի անկում, միանշանակ ունեցել: Կան նաեւ ոչխարների անկման դեպքեր:

Pin It on Pinterest