Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է  «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը: 

Այս օրենքի կարգավորմամաբ պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի։ Օրենքը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը՝ պատերազմի մեկնարկը ներառյալ ընկած ժամանակահատվածում 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկամտամբ։ Այս համաներումից կարող է օգտվել շուրջ 5 հազար շահառու։

Դավիթն այն երիտասարդներից մեկն է, որը  17-ամյա դադարից հետո այս օրենքի շնորհիվ կրկին վերադառնալու է հայրենիք: Դավիթը վերջին անգամ տասը տարեկանում է եղել Հայաստանում: Երեւանից նախ հեռացել են Դավիթի ծնողները՝ սոցալիական խնդիրների պատճառով, որոշ ժամանակ անց ծնողներին միացել է նաեւ Դավիթը:

«1999 թվականին մայրս աշխատում էր պետական համակարգում, նրան դուրս հանեցին համակարգից, պատճառները չեմ ցանկանում ասել եւ սպիտպված նա դուրս եկավ երկրից, որ մենք կարողանանք գոյատեւել Հայաստանում: Ես ապրում էի տատիկիս ու պապիկիս հետ, բայց տարիների ընթացքում էլ չկարողացան ինձ պահել, ես տեղափոխվեցին ծնողներիս մոտ՝ Հունաստան: Կապս կտրվեց Հայաստանի հետ»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Դավիթը:

Դավիթը 27 տարեկան է, բնակվում է Հունաստանում: Նա մասնագիտությամբ լուսանկարիչ է, հիմնել է ֆոտոստուդիա: Նշում է՝ այս օրենքը հնարավորություն կտա վերադառնալ հայրենիք եւ հույս ունի, որ կապը Հայաստանի հետ կամրապնդի ոչ միայն մասնագիտական գործունեություն ծավալելով, այլ ժամանակ առ ժամանակ ՀՀ-ում բնակություն հաստատելով:

Դավիթը ծառայել է Հունաստանի բանակում: Մեզ հետ զրույցում նշեց՝ շատ բարդ է ապրել այլ միջավայրում եւ ծառայության անցնել լրիվ այլ երկրում, որտեղ չունի բարեկամներ։

«Հայաստանում ծառայելու մտադրություններ չեմ ունեցել, եթե ունենայի՝ կգայի: Երբ չգիտակցված հեռանում ես, տասը տարեկան երեխա գալիս ես ինչ-որ երկիր եւ ձեւավորվում ես տվյալ երկրի չափանիշներով, դժվար է 18 տարեկանում ասել՝ գնում եմ ծառայելու: Այս խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա, պետությունը չպետք է ասի՝ գնացողները պետք է գան ծառայեն, իսկ գնացողները չպետք է ասեն՝ գնացել ենք, չենք ծառայի»-ասաց նա:

Դացիթն այժմ շատ կարեւոր է համարում հայրնիքի հետ  այս տարիների ընթացքում կորցրած կապը հնարավորինս շուտ վերականգնելը: Նա ընդգծում է՝ չի ցանկանում վերջնականապես կորցնել Հայաստան գալու հնարավորությունը: «Հիմա ամեն ինչ պետք է անել, որ այդ կապը վերականգնվի, հակառակ դեպքում հայրենիքը կկորցնի այդ տղաներին, իսկ այդ տղաները՝ հայրենիքը»,- նշեց նա:

 Դավիթը մեզ հետ զրույցում անդրադառնում է նաեւ այն քննադատություններին, որոնք հնչում են բանակում չծառայած, համաներման արդյունքում քրեական պատասխանատվությունից ազատված տղաների մասին: Նշում է՝ անարդարություն կա բանակում ծառայած եւ չծառայած տղաների միջեւ, բայց ընդգծում է՝ անարդարությունը մեր պետությունում եղել է երեսուն տարի:

«Ես եւ իմ ընտանիքն էլ ենք անարդարության պատճառով երկրից հեռացել: Բոլորիս հանդեպ էլ անարդարություն եղել է, բայց ես կարծում եմ, որ նրանք ովքեր քննադատում են, եթե հնարավորթյուն ունենային կլքեին երկիրը: Հիմա, եթե դա կարելի է  համարել անարդարություն, ես էլ եմ համարում անարդարություն այն տղաների նկատմամաբ, որոնք ծառայելու են, իսկ ես համաներվելու եմ, բայց դա ոչ մի խնդիր չի լուծում»,- ասաց նա:

Նշենք, որ այս համաներումը 2019 թվականի դեկտեմբերից չէր կիրառվում եւ այժմ ուշագրավ է, որ կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս ընտրությունների նախաշեմին:

Այժմ քննարկումներ կան, որ այս օրենքի կյանքի կոչվելուց հետո բանակից խուսափողների թիվը կմեծանա։ Սակայն, վերջին պատերազմը ցույց տվեց, որ երիտասարդները բանակում ծառայելուց չեն խուսափում՝ դրա ապացույցը պատերազմական օրերին կամավորագրվողների մեծ թիվն է, պարտադիր զինվորական ծառայության մեկնողները պարզապես խուսափում են բանակում տիրող բարքերից: Իշխանափոխությունից հետո մշտապես հայտարարվում է, որ բանակում փոփոխություններ են եղել, սակայն, այն հիմնականում առնչվում է սննդի որակի եւ աշխատավարձերի բարձրացմանը, իսկ զինվորների հետ բարոյահոգեբանական աշխատաքներ գրեթե չեն տարվում՝ միջանձնային կոնֆլիկտներ կանխելու նպատակով:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest