Ոստիկանության զորքերի պայմանագրային ծառայող Մեսրոպ Նազարյանը իր գումարտակում ամենաերիտասարդն էր, ընդամենը 21 տարեկան: Նա զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում` ոստիկանության զորքերի 45 ծառայողների հետ:

Ընտանիքի միակ որդին իր ջոկատով սեպտեմբերի 29-ին մեկնել էր Քարվաճառ, որտեղ մեկ ամիս մասնակցել էր թեժ մարտերի, ապա երեք օրով վերադարձել էր տուն: Մայրը` Կարինե Ծատրյանը պատմում է, որ եռօրյա հանգստից հետո, երբ հավաքում էր որդու իրերը, հուզվել է ու ասել. «Մեսրոպ, մի գնա: Հիմա թող մի ուրիշը գնա»:  Ինչին ի պատասխան Մեսրոպն ասել է. «Մամա, ես եկել եմ, դուք ինձ տեսել եք: Չէ ՞ որ  վերեւում (դրքերում- հեղ.) էլի մարդ կա, պետք է հասնի իր ծնողին»:

Հայրը` Գեւորգ Նազարյանը չգիտեր, որ որդին Շուշիում էր եւ մասնակցում էր ամենաթեժ մարտական գործողություններին: Մի քանի օր նրանից զանգ չստանալուց հետո նա գնացել է զորամաս, որտեղ էլ իրեն հայտնել են, որ որդին իր ջոկատի հետ միասին Շուշիում է եղել, մի քանի հոգին շրջափաումից դուրս են պրծել, սակայն 45 հոգուց, այդ թվում Մեսրոպից, տեղեկություն չկա: Ծնողները օրեր շարունակ փնտրել են որդուն: Շրջել են բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաններում, սակայն որեւէ բան պարզել չի հաջողվել: Արդեն մի քանի օր անց ոստիկանությունից հայտնել են, որ Շուշիից ոստիկանության ծառայողների դիեր են տեղափոխվել Սեւան, ապա Երեւան:

Մեսրոպի զինակից ընկեր Արթուրը վերջին անգամ Մեսրոպի հեռախոսահամարով զանգահարել է եղբորը, ասել, որ իրենք վիրավոր են, իրենց փնտրեն Շուշիում:

«Հայ ազգի համար այսքան հերոս ունենալ պետք չէր: Սա շատ- շատ է: Բացի դա, մենք սրանից որեւէ օգուտ չքաղեցինք, միայն վնասվեցինք: Տվեցինք իրենց ուզած տարածքը` մի բան էլ ավելին ու մինչեւ հիմա էլ չգիտենք թե էլ ինք է լինելու… Միակ զորախումբն է եղել, որ իրենց գնդի հրամանատարը իրենց կողքն է եղել… 3 մլն հայություն ենք, 1100 գեներալ ունենք, բայց այդ պահին բոլոր գեներալները չգիտես ուր էին»,- ասում է Մեսրոպ Նազարյանի հայրը  ու ավելացնում, որ չնայած ձեռքի վնասվածքին ինքը պատրաստ է եղել պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել ծառայության, սակայն իրեն այդպես էլ չեն կանչել:

Մեսրոպի ծառայակից Գրիգոր Օրդյանը այն հաջողակներից մեկն է, ով նահանջի հրամանից հետո կարողացել է փրկվել: Նա պատմում է, որ մինչ օրս չի հասկանում, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս պրծնել շրջափակված Շուշիից: «Շուշի տեղափոխվեցինք նոյեմբերի 2-ին, ամսի 3-ից արդեն շրջափակման մեջ էինք… Հենց շարժվում էինք` կրակում էին: Եթե ընկերոջդ վիրավորում էին, գնում էիր օգնեիր, քեզ էին կրակում: Այ այսպես պատրաստ կանգնած էին: Ու այնպես էր, որ հենց գլխից էին խփում»,- պատմում է նա:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest