Ազգային ժողովը 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված ռեյտինգային ցուցակները և մնում են միայն պարզ համամասնական ցուցակները, երբ քաղաքացին ընտրում է միայն կուսակցություններին։

Նախորդ ընտրություններում կուսակցություններին ընտրելուց բացի, քաղաքացիները կարող էին քվեարկել նաև իրենց ընտրական տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածի օգտին։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն ընդհանրապես չէին ներկայացել նիստին։

Այսպիսով իշխող ուժի երկու պատգամավորների և որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ Արման Բաբաջանյանի և Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը ստացավ 82 կողմ ձայն։Նախագծի հիմնական զեկուցող, իմքայլական Վահագն Հովակիմյանն ասաց, թե հրատապությունը պայմանավորված է հունիսին նախատեսված արտահերթ ընտրություններով․ —

«Մի քանի օրից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամներ լինելու դասընթացների և լիցենզավորման գործընթացը, և այս փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մինչև այդ գործընթացի սկսվելը այս փոփոխությունները տեղի ունենան, և արդեն հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ընթացքում և նաև լիցենզավորման ընթացքում այս փոփոխությունների իրացվածության պայմաններում լիցենզավորումը անցնեն»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե արտահերթ ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխվում են, ապա կասկածի տակ է դրվում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը․ —

«Էս պահից սկսած ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է, սակայն դուք ձեր ընդունած Ընտրական օրենսգրքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը։ Սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժը որ իր համար Սահմանադրություն ա ընդունել կամ Ընտրական օրենսգիրք, ինքն իր գլուխը կտրել ա»։

Իշխանությունը կարծիք ստանալու համար Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմին՝ Վենետիկի հանձնաժողով էր ուղարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ, այդ թվում այն, ինչ ներկայացվեց այսօր։ Բայց քանի որ իշխող մեծամասնությունը որոշում ունի առաջիկա համապետական ընտրություններին մասնակցել պարզ համամասնական ցուցակներով, մեծ փաթեթից առանձնացրել ու միայն այդ փոփոխությունն ու հատուկ ընթակարգով բերել են խորհրդարան։

«Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ, Վենետիկը կարդում ա մի հատ ուրիշ նախագիծ, ու խորհրդարան եք բերել արտահերթ նիստով ընդունելու մի հատ ընդհանրապես ուրիշ նախագիծ։ Ո՞ւմ եք ուզում խաբեք, մոլորեցնեք․․․ մտածում եք էնտեղ մարդիկ չե՞ն տեսնում», — զեկուցողին ասաց Մարուքյանը։

«Էստեղ ընդամենը տարբերությունը կայանում է նրանում, որ այն մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ուղղակի ավելի շուտ են առաջարկվում ընդունել», — արձագանքեց Հովակիմյանը։

«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս Ռուբեն Ռուբինյանն ընթերցեց Էդմոն Մարուքյանի նախկին ելույթներից մի հատված՝ հայտարարելով, թե վերջինս միշտ կողմ է արտահայտվել պարզ համամասնական ընտրակարգին․ —

«Ասում էր՝ հիմա ունենք այդ ռեյտինգային համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են։ Կրկին ոչինչ չունեմ ավելացնելու, ստորագրում եմ 2018 թվականին Էդմոն Մարուքյանի հնչեցրած փաստարկի տակ։ Շարունակությունը՝ ժամկետների վերաբերյալ․ հիշեցնում եմ, որ 2018 թվականին, երբ որ պարոն Մարուքյանն ունենում էր այս ելույթը, ընտրություններին մնացել էր ընդամենը 45-50 օր»։

Մարուքյանն արձագանքեց․ — «2018 թվականին հեղափոխությունը նոր էր էղել, և Ընտրական օրենսգրքի փոփոխությունը շատ հապճեպ պրոցես էր, և պետք էր դա անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, որովհետև իշխանության ներքևի հատվածը դեռևս նախկին համակարգին էր պատկանում, և էդ ժամանակ, այո, մենք կողմ ենք քվեարկել։ Բայց միշտ պնդել ենք, որ տարածքները ուղղակի անտեսել և միայն համամասնական ցուցակով ընտրակարգ սահմանել, դա սխալ է։ Եվ մենք, հանձնաժողովում աշխատելիս ձեր հետ, առաջարկել ենք էդ բաց համամասնական տարբերակը»։

Նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտարարեց, որ դեռևս 2019 թվականին Կառավարությունը ռազմավարություն է ընդունել, որում նշված էր թեկնածուների տարածքային ցուցակների վերացումն ու պարզ համամասնականի անցումը, ուստի սա ամենևին էլ անսպասելի փոփոխություն չէ․ —

«Հաշվի առնելով, որ տարածքային ընտրական ցուցակների մեխանիզմի առկայությունը համամասնական ընտրակարգում ըստ էության ներդնում է մեծամասնական ընտրակարգի տարրեր, այս առումով նշեմ, որ մեծամասնական ընտրակարգը տարիներ ի վեր հետևողականորեն քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես նաև արձանագրվել է, որ մեծամասնական ընտրակարգով անկախ թեկնածուները կարող են կապեր հաստատել կամ ազդել գործարարների կամ իրենց առանձին շահերը հետապնդող այլ շրջանակների հետ»։

Իշխանությունները վստահեցնում են, թե միայն մեկ դրույթի փոփոխությունը չի նշանակում հրաժարում ընտրական օրենսգրքի ծավալուն փոփոխություններից։ Պարզ չէ, սակայն, Ազգային ժողովը ինչ ժամկետներում կքննարկի ու կընդունի այդ փաթեթը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» մինչև ընտրությունները դեմ է ցանկացած փոփոխութան, իսկ «Բարգավաճ Հայաստանը» արդեն հայտարարել է, որ իրենց համար միևնույն է ինչ ընտրական համակարգով կգնան արտահերթին, սկզբունքային է միայն ընտրությունները չհետաձգելը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest