ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ

104

Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի և ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, և իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: