«Քոչարյանն այստեղ ճաշում էր, իսկ նրա մեձավորներից Սամվել Մայրապետյանը՝ քանդում». «Դոլմամա»-ի սեփականատեր

322

Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից գործարար Սամվել Մայրապետյանը, որը նաեւ մեղադրյալի կարգավիճակ ունի, ըստ ՀՔԾ-ի՝ կաշառք ստանալուն նպաստելու համար, իրեն պատկանող «Լոկալ դեվելոփերս» ՍՊԸ-ի միջոցով  «Դոլմամա»-ի սեփականատիրոջը ռեստորանը քանդելու դիմաց առաջարկում է 92 մլն դրամ: Այս գումարը, «Դոլմամա»-ի սեփականատերերի փոխանցմամբ, տարեցտարի իրենց համար անհասկանալի  բարձրացել է:

Forrights.am-ի հետ զրույցում ռեստորանի սեփականատերերը նշեցին, որ 2014-ին Մայրապետյանն իրենց առաջարկել է  56 մլն դրամ,  2016-ին՝ 64 մլն դրամ, իսկ այժմ որպես վերջնական գին սահմանված է 92 մլն դրամը: «Դոլմամա»-ի սեփականատերերն ընդգծում են․ իրենց գումարի որեւէ թիվ չի հետաքրքրում, ցանկանում են պահպանել 1998 թվականից ստեղծած իրենց կոլորիտային ռեստորանը:

Հիշեցնենք՝ Պուշկինի 10 հասցեում գտնվող ռեստորանի տարածքը 2008-ին կառավարության որոշմամբ  ճանաչվել է հանրային գերակա շահ, որը  ձեռք է բերել  մի շարք քրեական հոդվածներով անցնող եւ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը:

«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը մարտի 1-ին ԴԱՀԿ-ից նամակ է ստացել, որ 15 օրվա ընթացքում պիտի ազատի տարածքը։ Վերջնաժամկետն արդեն լրացել է, բայց ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը տարածքից հրաժարվում է դուրս գալ՝ այն որակելով անօրինական:

«Երբ գան եւ ստիպեն, որ դուրս գամ, այդ ժամանակ ես կօգտագործեմ իմ բոլոր կապերը եւ իրենց կկանգնացնեմ դռան մոտ»,- ասաց Ժիրայր Ավանյանը:

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոչ միայն «Դոլմամա»-ի, այլ նաեւ գերակա շահ ճանաչված այլ շենքերի բնակիչներ հույս ունենին, որ իրենց գործեը կվերանայվեն եւ արդարություն կհաստատվի:

 «Իշխանափոխությունը չկարողացավ դատարաններին ստիպել, որ օրինական լինեն»,- նշեց ռեստորանի սեփականատերը:

«Դոլմամա» ռեստորանի սեփականատերերն, այդուհանդերձ, պնդում են, որ չեն պատրաստվում հանձնվել:  «Դոլմամա»-ի գործով փաստաբան Ալինա Ավետիսյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդում է. ՀՀ Կառավարության 958-Ն որոշումը, որով ռեստորանի տարածքը օտարվել է Սամվել Մայրապետյանի ընկերությանը, խնդրահարույց կետեր ունի:

Ալինա Ավետիսյանն ասում է, որ նախքան Կառավարության 958-Ն որոշմումը եղել է եւս երկու որոշում, որոնցով տարածքը ճանաչվել է գերակա շահ, բայց Սամվել Մայրապետյանի ընկերությունը օտարման գործընթացը չի իրականացրել:

 «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 16-րդ կետի համաձայն՝ առաջին երկու որոշումները դարձել են անվավեր, ինչից հետո գործադիրը 958-Ն որոշումն է կայացրել, ինչն էլ նոր խնդիրների պատճառ է դարձել: Բանն այն է, որ հողատարածքների ձեռքբերման համար, կառավարության նոր որոշումից հետո, նոր մրցույթ չի հայտարարվել: Նախկին մրցույթների արդյունքերը կառավարության նախկին որոշումների հետ միասին անվավեր են: Ի դեպ, նախորդ երկու մրցույթներում էլ հաղթող է ճանաչվել Սամվել Մայրապետյանի ընկերությունը»,- ասաց փաստաբանը:

Կառավարության 958-Ն որոշումից հետո, ըստ Ալինա Ավետիսյանի, «Լոկալ դեվելոփերս» ՍՊԸ-ն կասկածելի ճանապարհներով «Դոլմամա» ռեստորանի գույքի գնահատում է իրականացրել:

« «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը, հասկանալով, որ, ըստ էության, արդեն երրորդ անգամ կառավարության ժամկետը բաց կթողնի,  դիմում է «Անիկոմ» ընկերությանը, որ գնահատի այդ գույքերը, քանի որ նախկին բոլոր որոշումներով էլ հիմնական գնահատողը եղել է այս կազմակերպությունը: Կազմել են հաշվետվություն, որտեղ բացակայում է փաստաթղթի կազմման ամսաթիվը: Այս պահին քրեական գործ կա, թե ինչու «Անիկոմ» ընկերության փաստաթղթի վրա ամսաթիվ չկա»,- ասաց Ալինա Ավետիսյանը:

Փաստաբանը նաև այլ խախտումների մասին է բարձրաձայնում:  Նշում է, որ  Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերությունը ռեստորանի շենքի ձեռքբերման համար նախատեսված գումարը չի մուտքագրել  դատարանի կամ նոտարի  դեպոզիտային հաշիվներին, ինչը ենթադրում է օտարման գործընթացի չիրականացում:  

«Այդ գումարն առնվազն յոթ օր հետո պետք է լիներ նոտարի կամ դատարանի դեպոզիտին՝ ամբողջ գումարի տեսքով, ինչը չի եղել: Ես որպես փաստաբան պնդում եմ․ օտարման գործընթացի չպահպանումը խոսում է այն մասին, որ ձեռքբերողը հրաժարվել է գույքից: Ստացվում է, որ կառավարության 958 Ն որոշումը «Դոլմամայի» մասով անվավեր է, եւ անվավեր են դրանից բխող բոլոր փաստաթղթերը: Եթե «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը չի տարել եւ դրել նոտարի կամ դատարանի դեպոզիտին, ապա ինձ օրենքը թույլ է տալիս գալ եզրահանգման, որ ձերքբերողը հրաժարվել է գույքից: Օրենսդիրը չի ասում փոխանցիր ցանկացած հաշվի, այլ հստակ նշվում է, թե որտեղ: Օրենքի պահանջով՝ դեպոզիտային հաշվին պետք է փոխանցվի գույքի այն արժեքը, որը գնահատվել է փոխանցումից ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ»,- պնդում է փաստաբանը:

Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ՍՊԸ-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հակված չէ մեկնաբանել «Դոլմամա»-ի սեփականատերերի եւ մյուս ներկայացուցիչների մեղադրանքները: Forrights.am-ի հետ զրույցում միայն հաստատում է, որ «Դոլմամա»-ի օտարման գումարը գույքը ձեռք բերողը փոխանցել է ԴԱՀԿ-ի դեպոզիտային հաշվին, սակայն, ասում է, որ չի կարող նշել, թե ինչու չի փոխանցվել նոտարի կամ դատարանի հաշվին, քանի որ տարիներ են անցել․

«Հինգ տարի հետո ինչի՞ մասին ենք խոսում, երբ կա Վճռաբեկ դատարանի որոշում, օրինական ուժի մեջ մտած վճիռ է: Գույքը պատկանում է Ժիրայր Ավանյանին, որը պետական ծրագրով օտարվում է «Լոկալ դեվելոփերս» ընկերությանը: Մենք կառավարության որոշումն ենք կատարում»:

Ալեքսանդր Սիրունյանը վստահեցնում է, որ «Լոկալ դեվելոփերս» ընկերությունը նշյալ տարածքում իրականացնելու է միայն կառավարության որոշած ծրագիրը․«ընկերությունը կանի այն, ինչ կառավարությունը կասի»:

Ալեքսանդր Սիրունյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ «Դոլմամայի» փաստաբանի այն պնդումներ, թե «Անիկոմ» ընկերության կողմից իրականացված գույքի գնահատման օրն ու ամիսն անհայտ են: Սիրունյանը կրկին առաջ քաշեց այն տեսակետը, որ գործի քննությունից անցել են տարիներ եւ ոչինչ չի հշում: Սիրունյանը տեղյակ չէր, որ «Անիկոմ» ընկերության կողմից տրված եզրակացության հիման վրա քրգործ կա:

«Եթե կա փաստաբան, որը կարող է հինգ տարի հետո քննարկել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ես ուրախ կլինեմ: Ես չեմ կարող հիշել: Եթե քրեական գործ կա, թող զբաղվեն դրանով։ Ես տեղյակ չեմ, թե ինչ գործի մասին է խոսքը»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Եթե «Դոլմամա» ռեստորանը դադարեցնի գործունեությունը, ապա գործազուրկ կդառնա 30 աշխատակից, իսկ Երեւանը կկորցնի իր կոլորիտային վայրերից մեկը․ նշում է Ժիրայր Անանյանը՝ հավելելով, որ իր հիմնած ռեստորանում ճաշել են Շառլ Ազնավուրը, Վլադիմիր Պուտինը, Քիմ Քարդաշյանը, Ալեն Դելոնը, Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այլ հայտնիներ:

«Ռոբերտ Քոչարյանն այստեղ ճաշում էր, իսկ նրա մեձավորներից Սամվել Մայրապետյանը քանդում է այս ռեստորանը։ Մոտավորապես այդպես է ստացվում….Չի քանդելու, ես թույլ չեմ տալու»,- ասում է Ժիրայր Ավանյանը:

2013 թվականին, երբ ՀՀ կառավարությունը կայացրել է 958-Ն որոշում, ՀՀ վարչապետ եղել է Տիգրան Սարգսյանը, իսկ Երեւանի քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ այս որոշման համաձայն՝ գերակա շահ ճանաչված տարածքներում նախատեսվում է իրականացնել բազմաֆունկցիոնալ կառուցապատում:

Նարեկ Կիրակոսյան