Պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածների համար անկախ կյանքի կենտրոններ կհիմնվեն 6 մարզերում

85

Կառավարությունը հաստատեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, և առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից:

«Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք հասարակական կյանքում առերեսվելու են նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում:

Ֆունկցիոնալությունը վերականգնելու նպատակով նրանք վերականգնողական բուժում են ստանում մի շարք վերականգնողական կենտրոններում՝ Հայրենիքի պաշտպանի, Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական և մի շարք այլ բժշկական կենտրոններում: Սակայն նրանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումները բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

Ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ զբաղվածության, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների համալիր իրականացման միջոցով»,- ասաց նախարարը:

Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:

Նախարարի խոսքով, միջազգային փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Այդ կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Այդ կենտրոնները առաջին փուլում նախատեսվում է ստեղծել 6 մարզերում»,- ասաց նա: