Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223 և մահվան 1 նոր դեպք

103

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով՝ հասնելով 169 հազար 820-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 101-ով և հասել 161 հազար 577-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 211 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 694 հազար 357-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 156-ի, ևս 794 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 293 մարդ։