«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, որը նաև ռազմական փորձագետ է, 2004-2013 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, զրուցեցինք պատերազմի և այսօվա փխրուն խաղաղության հարցերի շուրջ:

Պարոն Ավետիսյան, Ձեր կարծիքով, մենք պատրա՞ստ էինք պատերազմի: Վերջերս շատ ենք լսում կարծիքներ, որ մենք բանակում չունեինք խրամատներ, կահավորված ինչպես որ պետք էր, որ եղած խրամատները վերևից բաց էին, որ  բնագիծը բավական պաշտպանված չէր: Ձեր գնահատականը որպես փորձագետի, ինչպիսի՞ն է: 

Այն  պատերազմի համար, որը մենք տեսանք, բավարար սարքավորվածություն ոչ բանակը, ոչ էլ առավել ևս պետության տարածքը չունեին: Այդ սարքավորվածությունը խիստ անբավարար էր այսօրվա պատերազմի համար, և մենք տեսանք հետևանքները: Ոչ քաղաքներում ռմբապաստարաններ կային քաղաքացիական անձանց համար և կարևոր հիմնարկների աշխատանքը այնտեղ տեղափոխելու համար, ոչ պաշտպանական բնագծերն էին կահավորված: Բայց ասել, որ ընդհանրապես խրամատ չկար, սխալ կլիներ: Կային, իհարկե, կային: Բայց սովորական խրամատային պաշտպանվածությունը բավական չի այսօրվա սպառազինության դեմ:

Դա ո՞ւմ մեղքն էր՝ Պաշտպանության նախարարության, Արցախի ՊԲ-ի: Կոկրետ  ո՞վ է պատասխանատու դրա համար:

Առաջին հերթին պետության խնդիրն էր դա, պետության ռազմաքաղաքական ղեկավարության  գործն է դա, ոչ թե հրամանատարների: Դա լուրջ միջոցներ պահանջող գործ է և համակարգելու կարիք ունի: Բանակը՝ ես համոզված եմ, հիմնական մասով իր պահանջները ներկայացրել է: Իհարկե, որպես պետական կառավարման համակարգի մաս, բանակը իր թերությունները, սխալները իր էական բացթողումները ունի, որոնք նաև հին մտածողության արդյունք են: Բայց բանակի սարքավորվածությունը պետության պրոբլեմն է, պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել դրա համար անհրաժեշտ միջոցներ: Բանակը չեն պատրաստել պատերազմի: Բանակը անձնական կլանային իշխանությունը ապահովելու ռեսուրս է եղել ընդամենը՝ որ քվեարկեն, երբ որ պետք է, իրենց օգտին, կամ բանակի միջոցով ինչ-որ հարցեր լուծեն, կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշեն բանակը, թալանեն, և այլն:

Լուրջ չե՞ն նայել բանակին:

Ոչ թե լուրջ չեն նայել, այլ իրենք մասամբ չեն էլ հասկացել, թե ինչ պետք է արվի, մասամբ էլ որպես կիսագաղութային վարչակազմի  կառավարիչներ, նայել են Հյուսիս և արել են այն ամենը, ինչը որ հաճելի կլինի նրանց ու ինչը որ  թույլատրված է եղել: Որևէ ազգային տրամաչափ, ազգային նկրտում չի դրսևորվել, ոչ մի լուրջ ռազմավարական նախաձեռնություն չի արվել:

Պետությունը կարո՞ղ էր կանխատեսել, թե ինչ պատերազմ է լինելու ու դրան, այդ նոր պատերազմին համապատասխան նախապատրաստվել:

Անշուշտ, բա պետության իմաստը ո՞րն է: Պետության առաջին գործառույթը իր տարածքը, իր քաղաքացիներին, ինքնիշխանությունը պաշտպանելն է: Բուն բանակը կատարողն է: Պետությունը պետք է դրանով զբաղվի:

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները միֆ էին ստեղծում, թե մենք ունենք ուժեղ բանակ, ու մեղադրում էին այն իրավապաշտպաններին, լրագրողներին, որոնք հանդգնում էին խոսել բանակի արատների մասին: Այսօր կրկին որոշ լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր թիրախավորել են իրավապաշտպաններին: Արդյո՞ք մեր պարտությունը նաև այն անարդարության, բանակում տիրող հանցավոր բարքերի հետևանքը չէր:

Ամեն ինչ ակնհայտ է: Բանակում և հարաբերությունների, և արդարության, և կառավարման որակի առումով մենք էապես, այո, հետ ենք մնացել, և այդ բոլոր արատների պատճառով, որ եղել են բանակում: Իմ խորհրդատվական աշխատանքի փորձով կարող եմ ասել, որ իրավապաշտպաններն իրենց գործունեությամբ փորձ են արել ինչ-որ չափով այդ արատներից զերբազատվելու, և ինչ-որ բան հաջողվել է՝ մեծ չարչարանքի գնով, տառապանքի, մերժումները հաղթահարելու գնով հնարավորություն է ստեղծվել ինչ-որ չափով բարելավելու վիճակը: Այսօր նրանք, ովքեր ուզում են հակադրել առողջ իրավապաշտպան գործունեությունը բանակի պաշտպանունակությանը, նրանք իրականում հակառակ նպատակներ են հետապնդում: Ի՞նչ են ուզում իրենք ասել: Մեր բոլոր արատները եկեք թաքցնե՞նք: Ինչի՞ են ձգտում:

Ասում են՝ վարկաբեկում եք բանակը:

Ոչ, բանակը չի վարկաբեկվում դրանով: Իրականում նրանք մանիպուլյացիա են անում, աղավաղում են փաստերը, փորձում են վերքի վրա աղ լցնել, այն էլ այս օրով: Բացարձակ մերժելի է դա, և պետք է այնպես անել, որ այդ մտայնությունները չտարածվեն: Եթե բանակում հանցավորության դեմ ես պայքարում, այն արատավոր երևույթների, որոնք առաջացնում են այդ հանցավորությունը, հատկապես միջանձնային հարաբերություններում, կամ ենթակայության հարաբերություններում, ապա դա միայն առողջացնում է բանակը:

Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ կատարվում է Սյունիքում, տեղի ունեցող սահմանների որոշման գործընթացը:

Սահմանազատումն արվում է սովետական սահմանի գծով, այդ նույն  զիգզագաձև, ատամնավոր սահմանով: Այդ մարդիկ «սովետական» մարդիկ են, այսօրվա Հայաստանի տիտղոսակիր վերնախավը Սովետի վերջին մոհիկանների հավաքածու է:

Դա գաղտնի, հանրությունից թաքուն է կատարվում, ինչո՞ւ:

Նրանք այնպիսի դավաճանական, կապիտուլյացիոն ակտ են ստորագրել, որ աշխատում են ինչքան որ հնարավոր է, դրա իրականացումը թաքուն պահել ժողովրդից: Դա ձեռագիր է, կառավարման ոճի արդունք է: Այն, ինչ կատարվում է, բացարձակ ու բացառիկ ապօրինություն է, դավաճանություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ:  

Հայաստանի Հանրապետության սահմանը հայկական ԽՍՀ-ի սահմանը չէ: Հայաստանի սահմանը 100 տարի առաջ որոշվել է 1920 թվականի փետրվարի 24-ին Ազգերի Լիգայի որոշմամբ, և այդ սահմանը մինչև հիմա արձանագրված է որպես միջազգայնորեն ճանաչված: Այս ամենի հիմքն այն է, որ մենք Առաջին հանրապետության իրավահաջորդությունը հռչակելու ու դա ապահովելու փոխարեն, փաստացի մեզ դիրքավորեցինք որպես գոյություն չունեցող Սովետական Հայաստան պետության իրավահաջորդ:

Այդ պետությունը չկար, իրականում դա վարչատարածքային միավորում էր: Մինչ օրս էլ մենք մեզ այդպես ենք դիրքավորում: Հայաստանի Հանրապետություն ասելով, մենք հասկանում ենք ոչ թե 1918-20 թվականների ՀՀ թուրքական օկուպացիայով ընդհատված պետության շարունակությունը, այլ որպես լենին-աթաթուրք-ստալինյան վերաձևումներով մնացած այդ կրճոնի՝ Սովետական Հայաստանի իրավահաջորդը, ու այդ կրճոնային մտածողությամբ, ուղեղով ու կամքով քաղաքական դաս ունենք: Եւ այսօրվա, և նախկին բոլոր ռեժիմները նույն  տեղից են, նույն կատեգորիան են ու իրար փոխանցելով, կառավարում են մեր երկիրը, հասցնելով ճգնաժամի: Այս համակարգը սպառվում է:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest