«Մարտական ծառայություն» մեդալին արժանացած 20-ամյա զինծառայող Ռազմիկ Մադաթյանը, ում մասին ընտանիքը 60 օրից ավել է, լուր չուներ, զոհվել է Հադրութի մատույցներում․

«Հոկտեմբերի 12-ին արդեն մահացած ա եղել, իրենց վաշտի 76 տղաներից բոլորը զոհվել են։ Մենք դեկտեմբերի 4-ին ենք իմացել, մինչ այդ՝ Ռազս անհետ կորածների շարքին էր դասվում»,- Forrights-ին պատմում է զինծառայողի մայրը՝ տիկին Շողիկը։

Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել էր հոկտեմբերի 7-ին։ Ասում է՝ շատ ոգևորված զանգահարել ու հայտնել էր, որ կարող է հպարտանալ, հերոս տղա ունի․

«Վախեցած հարցրի՝ ի՞նչ ես արել, ասեց՝ սենց երկու բառով ասեմ՝ փրթել-թափել ենք։ Ինչ իմանայի, որ վերջին անգամ եմ խոսելու Ռազիս հետ, ինչ իմանայի, թե հետո ինչ էր լինելու․․․»։

Որդու հերոսական սխրանքի և արժանացած մեդալի մասին տիկին Շողիկը տեղեկացել է Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

ՊՆ նախկին ներկայացուցիչն իր էջում գրել էր, որ շարքային Ռազմիկ Մադաթյանը և մի խումբ այլ զինծառայողներ պարգևատրվել են հակառակորդի դիրքեր գրավելուն, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելուն անմիջական մասնակցություն ունենալու համար։

Forrights-ն այս առիթով այցելել էր Մադաթյաններին դեռ հոկտեմբերի 21-ին, մայրը սպասման մեջ էր, որ ամեն պահ որդին կարող է զանգել․․․

Ընտանիքի փոքր տղան, ով դեռ ծառայության մեջ է գտնվում, չգիտի եղբոր զոհվելու մասին։ Արտյոմը պատերազմի ընթացքում պահպանել է Հադրութի շրջանի Մեխակավանը (Ջաբրայիլ), այս պահին շարունակում է ծառայությունը Պաշտպանության բանակում։ Որդեկորույս կինը երկմտում է՝ չգիտի ինչպես հայտնել դաժան լուրը։

Մայրը ցավով է նշում, որ մեկ ամիս անց կլրանար Ռազմիկի ծառայության երկրորդ տարին, սակայն նա կզորացրվեր միայն դրանից մեկ տարի անց։ Տղան նախընտրել էր ծառայության անցնել «Ես եմ» ծրագրով, որը նախատեսում էր երեք տարի ծառայություն՝ որոշակի գումարի դիմաց։ Ծառայության գումարը նպատակային է․ տուն պետք է առնեին։ Գրեթե ողջ կյանքը վարձով, ապա պապիկի տանն ապրած երկու տղաները հստակ որոշել էին՝ սկզբից իրենց համար տանիք ապահովել, ապա միայն նոր այլ մտադրություններ իրագործել․

«Ես համաձայն չէի, չէի ուզում, որ երեք տարով ծառայեր, վախենում էի, բայց Ռազը համառեց՝ գնամ, որ տուն առնենք։ Էդ տարիքին մտածում են՝ ինչ անեն, որ կրիշ ունենան գլխներին»։

Տիկին Շողիկը տղային չէր տեսել գրեթե մեկ տարի։ Վերջին հանդիպումը հունվար ամսին է եղել, դրանից հետո, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, տեսակցություններն ու արձակուրդներն արգելվել են։

Այս պահին Ռազմիկին հողին դեռ չեն հանձնել, սպասում են ԴՆԹ-ի պատասխանին․

«Գիտեմ, համոզված եմ, որ Ռազս ա, բայց ես ուզեցի ԴՆԹ անալիզ հանձնեմ»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest