Իր տեղահանման մասին պատմում է Շուշիի բնակիչ, Լուսինե Առուշանյանը․

«Շուշիում ապրում եմ 2012 թվականից, հենց բնակարան ձեռք բերեցինք միանգամից տեղափոխվեցինք Շուշի։ Աշխատում էի Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղում։

Մարին, որ ծնվել ա, դադարել եմ ինչ որ բանով զբաղվել, հետո, որ մեծացավ սկսել եմ ինքնակրթությամբ զբաղվել։ Լրագրություն եմ ուսումնասիրել և այլն։ Մասնակցել եմ տարբեր ծրագրերն։ Հիմնականում անգլերեն էի պարապում երեխեաների հետ տանը։ Հետո փոքրս ծնվեց՝ իրենով եմ զբաղվել։ Երկու երեխա ունեմ՝ աղջիկս՝ 4 տարեկան, տղաս՝ 3 ամսեկան։

Ի դեպ՝ տղաս պետք է ծնվեր հենց սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, բայց ծնվեց օգոստոսի 10-ին, մի քիչ տխրեցինք, որ ինչու էսպես շուտ ծնվեց, բայց արդյունքում հասկացանք՝ ճիշտը դա էր։

27-ը չի էլ մոռացվի։ Սովորական ամենօրվա նման արթնացել էի, փոքրին էի կերակրում, մեկ էլ հզոր պայթյուն, սկզբից մտածեցի որոտ ա, որովհետև գիշերը անձրև էր, աղջկաս խնդրեցի վարագույրը բացի, որ տեսնեմ ինչ եղանակ ա, տեսա արև արև ա։ Հետո մի հատ էլ պայթյուն, արդեն հասկացա, որ էստեղ ինչ որ բան էն չի։ Բնազդով արդեն, արագ փոքր երեխային փաթաթում եմ աձյալի մեջ, աղջկաս էլ ասում եմ՝ մտի վերմակի տակ, որ եթե էլի պայթյուն բան լինի, ապակի բան կոտրվի էդ բեկորներից պաշտպանված լինի։

Դուրս եմ գալիս պատշգամբ, որ տեսնեմ՝ ինչ ա կատարվում։ Տեսնում եմ, որ դիմացի բարձրունքում, որտեղ հակաօդային պաշտպանության աշտարակներն են, դրանք են պայթեցվել։ Սարսափահար, խառնված դուրս եկա մյուս պատշգամբ, որ տեսնեմ մարդիկ ինչ են անում։  Տեսա, որ մեր շենքի ժողովուրդը իջել են ցած, ինձ էլ ձեռքով են անում, որ ես էլ իջնեմ։

Աղջկաս պիժամայի վրայից սպորտային հագուստ եմ  հագցրել, իմ վրա էլ հազիվ մի բան գցեցի, փոքրիս էլ աձյալով փաթաթում եմ ու իջնում եմ նկուղներ։

Ու էդպես պայթյուններ, օդային տագնապ՝ բոլորս դողալով, աղջիկս հարցնում ա՝ էն ինչ ա, ասում եմ՝ անտառում գայլերին են սպանում։ Դե ինչ ասեմ։ Հետո հարևանուհիս ասեց՝ գնա գոնե երեխեքի համար շոր մոր վերցրու, որովհետև հնարավոր է երկար մնանք նկուղում։ Բարձրացա վերև, մի երկու շոր բան, փոքրին հիմնականում կերակրելու բաները տաք ջուր, բան վերցնելու։

Շատ սարսափելի էր։ Մեզ որ ասեցին ապաստարանում պետք ա մնանք գիշերը, նայեցի պայմաններին, մտածեցի 3 ամսեկան երեխայի հետ ոնց պետք ա լինի էդ խոնավ, գարշահոտ պայմաններում։ ։

Ընկերուհիս՝ Նոնան առաջարկեց, որ գնանք թատրոնի շենքի նկուղը, որը երևի Շուշիում առաջին շինությունն էր, որ պայթեցրել են։  Առաջարկեց գնանք այնտեղ, որ ավելի ապահով ա՝ ջուր են փոխում, մոմ կա և այլն, որ հնարավոր ա գիշերել էնտեղ։

Գնացինք, տեսանք, որ վրա-վրա գալիս են, մտածեցինք Բերձորում տուն ունենք, գուցե էնտեղ ավելի ապահով կլինենք, գոնե մեր տանը կլինենք ու երեխաներին խնամելն ավելի հարմար կլինի։

Առանց ինչ-որ իր, բան Շուշիից վերցնելու դուրս ենք գալիս Բերձոր, իբր ապահով տեղ։ Բերձորում, հենց մեր բակում, ավտոմեքենայի մոտ ուժեղ պայթյուն, հենց մեր գլխավերևում անօդաչու թռչող սարք են պայթեցնում, այսինքն նրանք հասել են Բերձոր, Հասկացանք, որ այնտեղ էլ ապահով չէ, երեխաներին պահելն անհնար ա։ Այդպես, միանգամից, տկլոր կարելի է ասել, վեր կացանք եկանք Երևան։ Մինչև այսօր այստեղ ենք, հույսով սպասելով, որ էսա մեր բանակը բաղձալի հաղթանակը կտանի և մենք կվերադառնանք մեր տները, բայց ունեցանք այն, ինչ ուենք հիմա․․․

Ես սովորություն չունեմ թևաթափ լինելու, եթե ինչ որ բան ձեռնարկել կամ պլանավորել եմ ու չի ստացվել, ուրեմն լավ, սա անցած էտապ է անցնենք առաջ, բայց Շուշիի մասին լուրը, որ իմացանք, որ ոչ թե գրավվել, այլ հանձնվել է՝ թևաթափ եղա։ Երբ գրավում են գոնե հասկանում ես, որ պայքար ա եղել ու չի ստացվել, բայց որ գիտես՝ դռները բացել են ու ասել՝ համեցեք, լռիվ թևերս ջարդվել ա, արդեն ոչ մի ապագա չեմ տեսնում, ուժ չեմ գտնում ապագայի համար ծրագրեր կազմելու, որովհետև չգիտեմ․․․ սրտի մղկտոց հիմա եմ զգում՝ Շուշին կորցնելուց հետո․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest