Պատմում է Շուշիի նախկին բնակիչ Նոնա Մինասյանը․

«Ծնվել և մեծացել եմ Ստեփանակերտում, բայց միշտ սիրել եմ Շուշին։ Երևան սովորում էի, որ գնում էի Ստեփանակերտ արդեն չէի մնում, միշտ տուն էի վարձում Շուշիում։

Հետո, որ ավարտեցի որոշեցի գնամ Շուշի, 10 տարի է, որ ապրում եմ Շուշիում։ Աշխատում էի Նարեկացի արվեստի միությունում որպես լուսանկարիչ, ունեի 36 երեխա։

Հետո ամուսնացա։ Ամուսնուս ասեցի, եթե դու ապրելու ես Շուշիում, ես ամուսնանում եմ։ Ու իրոք ինքը Ստեփանակերտից տեղափոխվել ա Շուշի, հետո տուն առանք, վերջապես մեր երազանքը կատարվեց։ Ամեն ինչ սկսել էինք շատ լավ ա, տունը ունենք, խանութ կբացենք, վարսավիրանոց կբացենք ու թղթաբանություն բան ամեն ինչ եղել էր, հարմարվել էինք, որ պետք ա ապրենք Շուշիում։

Միանգամից, մի առավոտ ամեն ինչ տապալվեց՝ ժամը 7-ին։

Քնած էինք, ամուսնուս ասեցի՝ խփում են, ասեց՝ չէ, կայծակ ա, անձրև ա։ Ասեցի՝ չէ, չէ խփում են, մի քանի անգամ շարունակվեց։ Ամուսնիս հենց պատուհանը բացեց, վարագույր բան թռան։ Հասկացանք, որ չէ, ավելի լուրջ բան ա, բոլորս  պատուհանից նայում ենք ամբողջը կրակի մեջ ա։ Ես էլի չէի հասկացել, որովհետև կանգնած լուսանկարում էի, մտածեցի՝ հիմա կանցնի ամեն ինչ։

Հետո, որ երկրորդ պայթյունը եղավ՝ ով ինչ հասցրեց, ոնց հասցրեց… իջա ներքև, հետո տեսա ամուսինս հետս չի, բարձրացա վերև, ասում եմ՝ ինչի ես կանգնել․․․ բոլորը խառը վիճակի մեջ էին, չէին հասկանում, որ իրոք պատերազմ ա սկսվել ու սա շատ լուրջ ա։

Հետո գնացի ընկերուհուս հետևից, տեսա երեխեքի հետ լացելով գալիս ա։ Մեր նկուղներում ահավոր վիճակ, հետո որոշեցինք դուրս գանք Բերձոր, Բերձորորից էլ հասկացանք որ էլի վտանգավոր ա, հասանք Երևան։ Զոռով, սաղ ճամփան էլի սարսափը մեջներս, վախեցած, մինչև եկել հասել եմ Հայաստան, եղունգներս ձեռքերիս մեջ էր խրված, մտածում էի ամեն ինչ վտանգավոր ա՝ ճամփեքն էլ։

Հիմա ստեղ էլ, առաջին օրերը սարսափի մեջ էի, ինքնաթիռները ձենը մինչւ հիմա էլ ասեմ, որ ազդում ա։ Ծայրամասերում չէի ուզում մնայի, որովհետև ավելի վախենալու ա իմ համար, մնացի՝ Երևանի կենտրոնում։

Չեմ կարողանում պատրեկացնել։ Հիմա, որ մտածում եմ հետ գնամ Ստեփանակերտ ապրեմ, բայց ո՞նց՝ Շուշիս վերև, ես ներքև։ Չեմ կարա, չեմ գիտակցում։ Իմ Շուշիում ես էլ չքայլեմ։ Ծուշիի մեջ էր մեր ամբողջ պլանները։

Ինձ բոլորն ասում էին՝ իջի Ստեփանակերտ, էնի մայրաքաղաք ա, էս արա, էն արա․ էնտեղ ավելի լավ կստացվի ու իրոք տենց էլ կար՝ Շուշին փոքր ա, քիչ մարդ կա, բայց ես ասում էի՝ չէ, ժողովուրդ, սաղս Շուշիում գործենք ինչ որ բան, կստացվի՝ քաղաքը ավելի լավ կապրի։Միշտ ուզել եմ Շուշին զարգացնեմ։

Հենց առաջին օրվանից էլ հետևում էինք կայքերով՝ ադրբեջանական կայքերով էլ։ Երբ Շուշին արդեն հանձնեցինք լիքը վիդեոներ նայեցինք, թե ոնց են մտնում մեր տները, ինչ են ջարդում։ Մզկիթներում նամազ են անում, չգիտեմ , ամեն օր նայում էի այդ մզկիթին ու երբեք չեմ պատկերացրել, որ էնտեղ կարա տենց բան լինի։

Մեր շենքը հենց մզկիթի կողքնա և հիմա նայել եմ, ընկերուհուս տունն ա՝ էնտեղ լիքը ծնունդ ենք նշել ու լիքը լավ պահեր ենք ապրել, երբեք վատ բանի մասին չենք մտածել։ Ու հիմա նայում ենք՝ ինչ են անում իրենք, սարսափում ենք՝ մեր վեշերը շենքից թափած ա դուրս, մեկի տունը վառել են, իմ տունը սևացած ա։ Չգիտեմ, լավ ա, որ տենց ա, թող պայթի իրանք չվայելեն։

Չգիտեմ։ Կարող ա հետ գնանք։ Էդ հույսը դեռ կա։ Կարող ա մի բան լինի ու մենք հետ գնանք, որովհետև ես ինձ չեմ պատկերացնում ուրիշ տեղ։ Ես ասել եմ, եթե ես վերադառնում եմ Արցախ, ես պետք է ապրեմ, Շուշին չկա, չեմ պատկերացնում ուրիշ տեղ, ուզում եմ՝ Շուշին տան մեզ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest