Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանում մահացավ զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձ 84-ամյա Միշա Մելքումյանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համոզված է՝ Մելքումյանի մահը վրա չի հասել բնական ճանապարհով․

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», — շեշտել է Թաթոյանը:

Ըստ տեղեկությունների՝ ռազմագերին պետք է Հայաստան տեղափոխվեր հոկտեմբերի 29-ին, սակայն առողջական խնդիրները թույլ չեն տվել նրա տեղափոխումը Հայաստան։ Իրավապաշտպանները վստահ են՝ հակառակորդը ցանկացել է Միշա Մելքումյանին արտահանձնել Հայաստան և «ձեռքերը լվանալ» նրա մահից։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, ով այս պատերազմական օրերին զբաղվում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, զոհված զինծառայողների և ռազմագերիների, Մարդու իրավուննքերի եվրոպական դատարան դիմելու գործընթացով, Forrights-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ Ադրբեջանը Մելքումյանի նկատմամբ թույլ է տվել կոնվեցիայով սահմանված կյանքի, խոշտանգումների և խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավուննքերի խախտումներ․

«Չկա ոչ մի երաշխիք, որ ադրբեջանական կողմը կարող է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Հաշվի առնելով, որ արդեն իսկ միջպետական դիմում կա ընթացքի մեջ, դրա շրջանակներում կարող է պետությունը քաղաքացու անունից դիմել ՄԻԵԴ, ինչը, կարծում եմ, կանենք»,- նշում է Զեյնալյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան հավաստմամբ՝ Մելքումյանի մահը խիստ իրավական հետևանք կառաջացնի Ադրբեջանի համար։ Փաստաբանն ընդգծում է՝ եթե գերեվարված անձը մահանում է այլ պետությունում, աներկբաորեն պատասխանատվությունն անցնում է տվյալ պետության վրա, մինչև նա հակառակը չի ապացուցում, որ անձն իր բնական մահով է մահացել։

«Հաշվի առնելով այս ընթացքի ամբողջ դեպքերի կոնտեքստը, այս տարբերակն անհավատալի է, ամենայն հավանականությամբ նրան սպանել են, ուղղակի պարզ չէ` ինչ եղանակով։ Ադրբեջանը նման դեպքերում միջազգային հանրությանը և դատարաններին հրամցնում է այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են, իբր անձն ինքնասպանություն է գործել։ Այնինչ, նույնիսկ, եթե գերին իսկապես ինքնասպանություն է գործել, այդ հանգամանքն պատասխանատվությունից չի ազատում պետությանը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է փաստաբանը և հավելում՝ երբ Մելքումյանի մարմինը փոխանցվի ՀՀ-ին, դատաբշկական փորձաքննությունը կպարզի մահվան պատճառը, եթե իհարկե հակառակորդը չփորձի ապացույցներ վերացնել։

Հիշեցնենք, որ հայկական կողմը մինչ օրս տեղեկացրել է 17 ռազմագերու մասին։ Զեյնալյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը, ովքեր մինչ օրս հոսպիտալում էին գտնվում, տեղափոխվել են մեկուսարան․

«Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի մասով Ադրբեջանը Եվրոպական դատարանին առանց փաստարկների, առանց փաստաթղթավորված հիմքերի «պատասխաններ» է տվել և խնդրել է, որպեսզի փակվի գործը 39 կանոնով: Մենք պատրաստվում ենք շուտով պատասխան ուղարկել և պնդել՝ պետք է պահպանվի գործը բաց վիճակում և ներկայացնենք մեր փաստարկները»,- նշում է Արտակ Զեյնալյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն տրամադրել գերության մեջ հայտնված ևս 5 հայ զինծառայողի գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Բարձրագույն դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 3-ը:

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest