Երբեք այդքան երկար չեմ նայել երկրնքին, որքան այս պատերազմում։ Խրամատի հատակին պառկած, գիշերային ռմբակոծության կամ փխրուն դադարի լարված լռության ժամերին, եթե պահակախմբի քո հերթափոխը չէ, ակամա նայում ես վերեւ, աստղազարդ երկնքին։ Առանց այն էլ նոսր բնակեցված Արցախը պատերազմի ժամանակ սովորականից էլ մութ է, խուսափելով ավելորդ լուսավորությամբ թշնամու թիրախ դառնալուց։ Հավանաբար ոչ մի այլ տեղ աշխարհում աստղերն այդքան պարզ չեն երեւում, որքան Արցախում 2020 թվի աշնանը։ Համաստեղությունները ճող փնջերով ծաղկում են երկնակամարում, անվախ դուրս գալով խավարից, կարծես մարդկանց բացակայությամբ քաջալերված վայրի կենդանիները դուրս են եկել մութ անտառից։ Ոչինչ չի նմանվի աստղազարդ գիշերային երկնքին, անգամ արեւածագն ու մայրամուտը՝ չէ՞ որ դրանք միայն մեկ աստղի, մեր Արեգակի ձեւափոխումներ են, բայց որքա՛ն ավելի վեհ ու սքանչելի է անթիվ, անհամար համաստեղությունների անզուգական շքերթը․․․

Հայերենն այն եզակի լեզուներից է, որն ունի այս հրաշքի յուրովի բնութագրումն, անունն ու բանաձեւը՝ տիեզերք, այսինքն անընդգրկելի, անպարփակելի, անսահման ու անեզր անվերջություն։ Աշխարհի այլ լեզւներում ընդունված է «կոսմոս» հին հունական բառը։ Ոչ բոլորը գիտեն այդ բառի բուն իմաստը՝ «գեղեցկություն»։ Հազարավոր տարիներ առաջ մարդը հիացավ գիշերային երկնքի գեղեցկությամբ եւ հենց այդպես բնորոշեց տիեզերքը։ Ի դեպ, նույն հունական արմատից է ծագում նաեւ «կոսմետիկա»՝ հարդարվելու ու գեղեցկացնելու արհեստը։ Սակայն հին հունարենից հասած «կոսմոս» բառն ունի ավելի խորը բովանդակություն, որը ստուգաբանվում միայն հայերենով։ Դա «կազմ» բառն է, այսինքն տձեւ ու տգեղ քաոսին հակադրված, կազմակերպված ու այդ պատճառով գեղեցիք աշխարհ՝ ահա թե ինչ է նշանակում կոսմոս հասկացությունը, ահա ինչու հայի բնազդն է կազմավորել, կազմակերպել, գեղեցկացնել տարածքն իր շուրջը։

Քաոսը դարձնել կոսմոս, դժոխքը՝ դրախտ։ Իմիջիայլոց, դրախտի անվանումը գրեթե բոլոր եվրոպական լեզուներում նույնպես ունի հայկական ծագում՝ paradise, paradiso, paradis բառերն անգլերեն, իտալերեն եւ ֆրանսերեն լեզուներում հայերեն «պարտեզ» բառի մի փոքր ձեւափոխված տարբերակներ են։ Եդեմական պարտեզ։ Չէ՞ որ դեռեւս միջնադարյան եվրոպական քարտեզներում հենց Հայաստանն էր նշվում որպես Աստավածաշնչյան դրախտի վայրը։ Աշխարհը համարյա մոռացել է այդ մասին, բայց հայերն էլ դա արդեմ չեն հիշում։

Միգուցե ոմանց այս ամենը զառանցանք կթվա, որը կապ չունի Արցախյան պատերազմին։ Ինչ հիմարություն ասես մարդու գլխով կանցնի անքուն գիշերը։ Անգամ խրամատում։ Բայց ես դա հիշում էի ոչ պատահաբար։ Բանն այն է, որ դիրքերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, լեռնային արցախյան անտառում իմ մարտական ընկերները հաշված օրերում կառուցեցին այնպիսի կատարյալ, հարմարավետ, կազմակերպված ու գեղեցիկ ռազմական ճամբար, որ ես չէի կարողանում զսպել հիացմունքս հայ աշխատավոր մարդու վարպետության ու հմտության հանդեպ։ Հենց դրա՝ ոչնչից, քաոսից, վայրի անտառից, հողից ու ճյուղերից միանգամայն կազմավորված տարածք ստեղծելու հայրենակիցներիս զարմանալի ունակության մասին էի ես մտածում, խրամատի հատակից նայելով աստղազարդ գիշերային երկնքին։ Ահա այդ պահին մտքովս անցավ այս պատերազմի իմաստը բնորոշող բանաձեւը՝ Մարդակերտը մարդակերի դեմ։ Ես գիտեմ, որ Մարտակերտ քաղաքի անվանումը գրվում է «տ» տառով, մենք հենց Մարտակերտի ճանապարհն ենք պաշտպանում մեր կամավորական ջոկատով։ Բայց ես կիրառում եմ այստեղ Մարդակերտ հասկացությունը, որպես հայ մարդու ստեղծագործ շնորհի, որպես քաղաքակրթության ու մարդկային մշակույթի պաշտպանության առաքելության խորհրդանիշ, որի համար մենք կռվում ենք այսօր ըննդեմ քոչվոր վայրի մարդակերների։ Ահա ինչու մեր պատերազմը քաղաքակրթության պատերազմ է վայրենության ու բարբարոսության դեմ։ Տիեզերքի, կազմակերպված աշխարհի, կոսմոսի պատերազմ է քաոսի դեմ։ Եվրոպայի պատերազմն է ընդդեմ Ասիայի։ Մարդակերտի պատերազմն ընդդեմ մարդակերի։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest