Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանին«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել: Այս մասին քիչ առաջ Forrights.am-ին հաղորդեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նաև համապատասխան գրառում անելով իր ֆեյսբուքյան էջին: 

«ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»/ հարուցվել է քրեական գործ:

Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին:

Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են քրեակատարողական ծառայության երկու աշխատակից։

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն՝ դեպքին այլ պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով»։

Բռնության դեպքի մասին առաջինը ահազանգել էր Forrights.am-ը: Դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին Նուբարաշենի բերդում, որի մասին մեզ  հայտնի էր դարձել հաջորդ օրը: Գրել էինք, որ քրեական աստիճանակարգ ունեցող երկու կալանավոր մտել են Ալավերդու քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի խուց եւ նրան դաժան ծեծի ենթարկել, ըստ կալանավայրում տարածվող լուրերի, նաեւ դանակահարել են։ Աբգարյանին արյան մեծ կորստով տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց։ Աբգարյանը իրավապահներին տված բացատրության մեջ նշել էր, որ խցում ընկել է եւ վնասել թեւը։ ՔԿՀ-ն նախ հերքեց կալանավորին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստը, ապա ընդունեց այն հաղորդելով, որ  ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»:

Մեր տեղեկություններով, բարձրագույն կարգավիճակ ունեցողը, որի  մասին ասվում է հաղորդագրության մեջ, Արման Կալուժսկին է՝ Արման Ջանինյանը։ Ըստ լուրերի, որոնց անդրադարձել ենք դեռ 2017 թվականի մեր հրապարակումներում, տարիներ առաջ Ռուսաստանից մի «գողական» է փախել, վերադարձել Ալավերդի՝ Կարեն Սոխիկյանը՝ «Սոխ Կարեն» անունով։ Նա Աբգարյանի ընկերն է եղել եւ սպանվել է 2009 թվականին։ Դրանից հետո սկսվել է վենդետաների շարքը։ Ըստ երկրորդ վարկածի, Կալուժսկու եւ Աբգարյանի միջեւ եղել են ֆինանսական հարցեր: Սակայն այս կոնֆլիկտի փաստը, հին հաշիվները չեն ազատում պատասխանատվությունից ՔԿՀ աշխատակիցներին: Փաստ է, որ նրանք, բերդի պետը անձամբ տեղակ են եղել հաշվեհարդարից, թույլ են տվել , ավելի ճիշտ՝ ապահովել են հանցագործների ապօրինի մուտքը Աբգարյանի խուցշ, այդ կերպ հանցագործության  մասնակից դառնալով:

Մեր տեղեկություններով, Վահագն Աբգարյանը շատ արյուն է կորցրել: Նա վերք է ունեցել նաև լխի շրջանում:

Փաստորեն, 6 ամիս պահանջվեց, որ ՔԿԾ աշխատակիցները ձերբակալվեն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest