Մարտի 6-ին վերջապես քրեական գործ հարուցվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ալավերդի քաղաքում հայտնի գործարար Վահագն Աբգարյանին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ:  Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց. «Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ`

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020 թվանի փետրվարի 24-ի երեկոյան ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողը հիշյալ հիմնարկի կալանավորված անձ Վահագն Աբգարյանին  ապօրինի դուրս է բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ հարկաբաժնի խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Հաղորդագրության ձևակերպումներից արդեն երևում է, որ միտում կա պատասխանատվության կանչելու քրեակատարողական հիմնարկի ուղեկցող անձնակազմից մեկին՝ մի հասարակ բանտապահի: Մինչդեռ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին օրերս տեղափոխել են այլ պաշտոնի, նշանակելով «Գորիս» ՔԿՀ պետ:

Զբաղվել է արդյոք արդարադատության նախարարը այս արտառոց միջդեպով, ինչպե՞ս եղավ, որ դրանից հետո կալանավայրի պետին ոչ միայն պատասխանատվության չկանչեցին, այլև տեղափոխել են  աչքից ավելի հեռու գտնվող մի կալանավայր, որտեղ քրեական բարքերի վերահսկողությունն ավելի բարդ է: Այս հարցերին արդարադատության  նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը պատասխանում է.

«Նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ, այդ թվում նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջադեպին: Նախարարը որոշումները կայացնում է խորհրդակցելով ՔԿԾ պետի հետ՝ ելնելով կոնկրետ իրավիճակների առանձնահատկություններից:

Նշեմ նաև, որ քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումները համակարգում կրել և շարունակելու են կրել պարբերական բնույթ, իսկ պաշտոնից նրանց ազատելու կամ պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու գործընթացները կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, որոնցով նախատեսված հիմքերի առկայության կամ առաջին իսկ ստացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համարժեք և ամենախիստ միջոցները։

Ըստ ոչ պաշտոնապես շրջանառվող տվյալների, Աբգարյանը բերդում կալանավորի է ծեծել, և գողականներն այս կերպ, գործի դնելով իրենց կապերը բերդի ղեկավարության հետ, որոշել են պատժել Աբգարյանին: Պաշտոնապես չի հաստատվում նաև դանակահարման հանգամանքը:

Մեր տեղեկություններով, Վահագն Աբգարյանը գլխի շրջանում ունի սալջարդեր: Հիվանդանոցում Վահագն Աբգարյանի անվտանգությունը հսկում են հատուկ ջոկատայինները: Նրանք հերթապահություն են սահմանել նրա պալատ մոտ:

Աբգարյանի հետ կատարվածը ծանր են տանում նրա ընկերները, հարազատները և հատկապես մայրը՝ Անահիտ Գևորգյանը:

«Վահագը միշտ ամեն կերպ ծառայում էր խեղճերին,ոտնահարվածներին, խաբվածներին: Նա գող կոչվածի “մշակույթը” ձախողում էր, և դրա համար նա թիրախավորեց», — ասում է մայրը: Նա հիշում է, որ իր երեխաներին դեռ վաղ տարիքից ասել է. «Երջանկություն է տալը, ոչ թե վերցնելը»։

«Էդպես էլ ապրել ենք, — կիսվում է մեզ հետ նախկին լրագրող Անահիտ Գևորգյանը, — մի միջավայրում են իմ երեխաները մեծացել,որտեղ իշխողը գաղափարն է եղել։ Էս երկու տարվա մեջ իմ որդու մասին գրեցին ու գրեցին, բայց որևէ մի լոռեցի որևէ վատ բան չգրեց մեր ընտանիքի մասին, անգամ թշնամիները։Գիտե՞ս իմ օջախի ցանկացած անդամի համար պատիվը վեր է ամեն ինչից»։

Դեպքի  մասին նա տեղեկացել է Forrights.am-ի հրապարակումից: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին: Բերդից տեղեկություն տարածվեց, որ Ալավերդցի հեղինակությանը ծեծել են և դանակահարել: Անգամ նրա փաստաբանը այն  չէր հաստատում: Իրավապահները սկսեցին նյութեր նախապատրաստել միայն Forrights.am-ի հրապարակումից հետո:

Քրեակատարողական ծառայությունից ներկայացնում էին, թե կալանավոր Վահագն Աբգարյանը խցում վատ է զգացել, վայր է ընկել և, վնասելով ձեռքը, տեղափոխվել է հիվանդանոց, ապա, մի քանի օրից, մարտի 3-ին քրեակատարողական ծառայությունը հայտարարեց, թե օպերատիվ տեղեկություններ ունի, որ Աբգարյանի մարմնական վնասվածքներն առաջացել են այլ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով:

«Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված եւ կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»,- գրված է հաղորդագրությունում։

Նկատենք, որ Ալավերդիում վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ Ալավերդու Վահագը խնդիրներ ունի քրեական աստիճանակարգում բարձր դիրք զբաղեցնող Արման Ջանինյանի հետ:

Վահագն Աբգարյանը, հիշեցնենք, մեղադրվում է իր համաքաղաքացի Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու և քննիչներին կաշառելու համար: Մեղադրանքը  նա չի ընդունում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest