Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադառնալով խորհրդարանի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծին` ակնարկեց, որ այն պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան։

«Այն սահմանադրությունը, որը գործում է, որին ես մասնակցել եմ, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերվելու են Սահմանադրական դատարանին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության», — այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թովմասյանը:

Եթե երեկ Ազգային ժողովի ընդունած նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Հրայր Թովմասյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք զրկվելով Բարձր դատարանի նախագահի պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր:

Նշենք, որ ըստ իշխող ուժի ներկայացրած օրինագծի, իրենց պաշտոնը կթողնեն ՍԴ երեք դատավորներ՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս սակայն համոզված է, որ իշխող ուժի առաջ բերած փոփոխություններն իր վրա չեն ազդում. – «Ինձ վերաբերվել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք` հոկտեմբերի 1-ից, որովհետև պարտականությունների կատարմանը անցել եմ հոկտեմբերի 1-ին»:

«Ազատություն ռադիոկայան»-ի դիտարկմանը, թե փոփոխությունների հեղինակները հաշվում են նաև ՍԴ-ում իր առաջին պաշտոնավարումը, Գյուլումյանն արձագանքեց. – «Դա կամայական մեկնաբանություն է»:

Ալվինա Գյուլումյանը Սահմանադրական դատարանի անդամ էր 1996- 2003 թվականներին, 2003-ի ապրիլից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորն եղել։ Այնուհետև կրկին Բարձր դատարանի դատավոր է 2014-ից։

Գյուլումյանն ասաց, որ պաշտոնից զրկվելու պարագայում իրավական գործընթաց կսկսի:

Իրեն թոշակի ուղարկելու հարցով իրավական գործընթաց սկսելու մտադրություն ունի նաև ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը. — «Որևէ մեկը կասկած ունի՞, որ բոլոր իրավական միջոցներով մենք պայքարելու ենք որևէ խախտման դեմ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest