Մինչև Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը՝ Ազգային ժողովը քվեարկեց Սահմանադրության փոփոխության հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովկիմյանը, ով նշեց որ, ըստ էության, եթե դիմեն ՍԴ այս հարցի սահմանադրականության ստուգման համար, ՍԴ-ն օբյեկտիվորեն զրկված է որոշում կայցնելու հնարավորությունից: Նա նշեց, որ ՍԴ անդամներն իրենց վերաբերող հարցին չեն կարող օբյեկտիվ որոշում կայացնել և կոչ արեց դեմ քվեարկել հարցի սահմանադրականությունը ստուգելու համար այն ՍԴ ուղարկելուն:

Հարցը դրվեց քվեարկության և 88 դեմ, մեկ կողմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, որ պատգամավորներից մեկը սխալմամբ էր կողմ քվեարկել:

Ապա քվերակության դրվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Վահագն Հովակիմյանը վարման կարգով ելույթում նշեց, որ Սահմանադրության 202 հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ին տրված է Սահմանադրության կոնկրետ հոդվածներում փոփոխություններ կատարելու լիազորություն, ՍԴ դիմելու անհրաժեշտությունով պայմանավորված՝ չի կարող ԱԺ լիազորությունը ի չիք դարձվել, այդիսկ պատճառով առաջարկեց, որ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվի հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանն էլ նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածը նվիրված է սահմանադրական փոփոխությունների հոդվածի քննարկման և ընդունման կարգին, և որ հոդվածը չի կարգավորում, թե ինչպես պետք է վարվել, երբ որոշումն ԱԺ-ն ՍԴ ուղարկելու չի ընդունում․ «Ինչպես սովորաբար, նման դեպքերում, մենք պետք է շարժվենք առաջ՝ գուցե նախադեպ ստեղծելով»,- ասաց նա

Նախագիծը դրվեց քվեարկության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները, նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կողմ քվեարկեցին:

Իսկ խորհրդարանական ընդդիմության երկու ուժերը քննարկմանն ու քվերակությանը չմասնակցեցին, ինչպես առաջին ընթերցման ժամանակ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest