Մայիսի 22-ին Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ներկայում ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող և հետախուզվող Վահագն Հարությունյանը իր թաքստոցից հարցազրույց է տվել «Փաստինֆո»-ին, որում ասել է, որ «Մարտի 1-ի» կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ցուցարարներին անվանել է ամբոխ և «հրոսակներ»:

«Ինքս եմ ստորագրել մեղադրանքի որոշումը եւ մեղադրական եզրակացությունը… Հենց նույն Փաշինյան Նիկոլի ելույթների տեսագրությունները, այլոց տեսագրությունները, հեռախոսային խոսակցությունները…Չգիտես, ինչի հիման վրա զանգվածային անկարգություններ կատարողները վերածվեցին ցուցարարների», — ասել է Հարությունյանը:

Ամեն մի  նման հայտարարությունից հետո Հայաստանի քաղաքացիները ծիծաղելի դրության մեջ են հայտնվում: Սստիպված են ապացուցել, որ իրենք մեղմ ասած՝ ուղտ չեն, որ իրականացրել են իրենց սահմանադրական իրավունքները, որ իրենք խաղաղ ցուցարարներ են եղել, այլ ոչ թե հրոսակախումբ ու ամբոխ: Այս թեմայով զրուցեցինք ՀԱԿ իրավական հանձնաժողովի պատասխանատու Արմեն Խաչատրյանի հետ, որը 2008-2010 թվականներին զբաղվել է Մարտի 1-ի գործով բերման ենթարկված, ամբաստանված քաղաքացիների խնդիրներով, շատերին է փրկել ոստիկանության ճիրաններից:

— Ինչպե՞ս եք որակում Մարտի 1-ի գործով  քննչական խմբի նախկին ղեկավարի հայտարարությունները:

— Առանց անդրադառնալու այդ անձնավորության բարոյական, կամ՝ ավելի շուտ, անբարոյական կերպարին, որին հուսով եմ, դեռ կանդրադառնան դասական գրողները, ես մի բան եմ ուզում ասել՝ որ նրա ասածները հետհեղափոխական Հայաստանի ողբերգությունն են: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ քանի դեռ Մարտի 1-ի գործերով դատապարտված անձինք չեն արդարացվել, այդ խնդիրը կախված է մնալու մեր իրավական դաշտում: Ես պնդում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունները, այդ թվում  նաև Մարտի 1-ի գործով օրինական ուժ ունեցող մեղադրական դատավճռով դատապարտված վարչապետ և հեղափոխության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, այնքան ժամանակ են մնալու այդ «խարանի» տակ, քանի դեռ Մարտի 1-ի գործերով դատապարտված անձինք չեն արդարացվել:

— Ի՞նչ ճանապարհով պետք է արդարացվեն դատապարտվածները, Ձեր կարծիքով:

— Ինձ համար միևնույն է, թե ինչ ճանապարհով են նրանք արդարացվելու՝ հիմնարար իրավունքի խախտում ճանաչելով, թե դատավորների կողմից էական կարգապահական խախտումներ թույլ տալու հիմքով: Եթե Հարությունյանի հայտարարությունը ցինիկ, բայց  Փի-ԱՐ ակցիա էր, ապա Ռոբերտ Քոչարյանի գործով նրա փաստաբանների նմանատիպ հայտարարությունները տեղավորվում են մաքուր իրավական անհրաժեշտ պաշտպանության տրամաբանության մեջ: 1000-րդ անգամ, գուցեև ավելի շատ դիմում եմ ՀՀ իշխանություններին, իրավական համակարգին, դատախազությանը մասնավորապես, կոչ եմ անում անհապաղ ձեռնմուխ լինել 2008-2010 թվականներին ապօրինի քրեական հետապնդումների ենթարկված ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ կայացված հանիրավի դատական ակտերը վերանայելուն և նրանց արդարացնելուն:

— Պետությունը կարո՞ղ է դա անել ինքնակամ:

— Ախր, ստացվում է աբսուրդ իրավիճակ, երբ որ մարդկանց ապօրինի, շինծու,  իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվերով դատապարտել են, ու մենք էսօր օրինական ճանապարհներ ենք փնտրում  այդ ապօրինությունները վերացնելու համար: Թող գտնեն այդ ճանապարհը, մենք հուշել ենք ճանապարհը: Օրինակ, 316 հոդվածով ՄԻԵԴ-ը արդեն ունի կայացված վճիռ, որ ոստիկանության գործողությունները Ազատության  հրապարակում եղել են ապօրինի:

— Ինչպե՞ս արդարացնել արագացված դատավճիռներով դատապարտվածներին, որոնք ընդունել են իրենց մեղքը:

 — Այո, մեր տղաներից ոմանք ինչ-ինչ պատճառներով, հաճախ ծայրահեղ, պարտադրված լինելով գնացել են արագացված դատավարության, որովհետև ոմանց կյանքին իրական վտանգ էր սպառնում անազատության  մեջ: Հիմա զուտ իրավական իմաստով ասում են, որ դե, անձը ընդունել է իր մեղքը: Այսինքն, մի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չէր կարող 316-րդ հոդվածի հանցակազմ լինել՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, որովհետև ոստիկանության որևէ գործողություն օրինական չի եղել, բայց մեզ էլ ասում են, որ մենք չենք կարող այս մասով բողոք ներկայացնել արդարացման հիմքով, քանի որ ընդունել աբաստանյալը ընդունել է իր մեղքը: Ինչ մեղքի մասին է խոսքը, եթե այդ նույն իրադարձության մասին շատ խիստ խոսել է ՄԻԵԴ-ը իր հաստատված վճռով:

— Ո՞րն է պատճառը, որ մինչ օրս Մարտի 1-ով դատապարտվածները, այդ թվում, Նիկոլ Փաշինյանը, չեն արդարացվել: 

— Այստեղ ես քաղաքական իշխանության քաղաքական կամքի պակաս եմ զգում, ու չեմ կարող չքննադատել հեղափոխական իշխանությանը, ինձ համարելով ավելի քան հեղափոխական: Մի այլ կարևոր խնդիր՝ մենք այսօր դատական համակարգի բոլոր աստիճաններում ունենք բազմաթիվ դատավորներ, ովքեր Մարտի 1-ով ապօրինի դատավճիռներ են կայացրել և դրանք դեռ չեն վերացվել, այդ վճիռներով անձինք դեռ չեն արդարացվել:   Վեթթինգի չեղարկումը  էլի նորից հնարավորություն է տալիս վահագն հարությունյաններին նմանատիպ հայտարարություններով հանդես գալու: Հեղափոխական իշխանությունը պարտավոր էր այդ դատավորների խնդիրը լուծել: Այսօր մենք չպետք է ունենայինք որևէ դատավոր, որը Մարտի 1-ով կայացրել է վճիռ:

Առաջարկում եք Մարտի 1-ով դատավճիռ կայացնող դատավորներին միայն վեթթինգ՞ի ենթարկել:    

— Չէ, գոնե Մարտի մեկով, գոնե հանրային գերակա շահով, հնչեղություն ունեցած ու Եվրոպական դատարանի կողմից հաստատված գործերով, որ կատարվել է դատավորների կողմից ապօրինություն: Այդ դեպքում Վահագն Հարությունյանը կմտածեր արդարադատությանը չորեքթաթ մոտենալու մասին, ոչ թե ճոռոմ-ճոռոմ մեկնաբանություններ կտար:

— Բայց նա պնդում է, որ մեղավոր է Փաշինյանը ու ինքը տեղյակ է ապացույցներին, քանի որ ստորագրել է մեղադրական եզրակացությունը:

— Ես հուսով եմ, որ իր ստորագրած շինծու մեղադրականի համար նա   կրելու է քրեական պատասխանատվություն արդարադատության դեմ գործած հանցագործության հանցակազմով նախատեսված հոդվածով: Ու ես նաւ հուսով եմ, որ մեր հեղփոխական իշխանությունը կգտնի ճանապարհ շրջանցելու վաղեմության խնդիրը: Վահագն Հարությունյանի ստորագրած շինծու մեղադրական եզրակացությունները աջակցել են Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգի տապալմանը, և նրան պետք է մեղադրանք առաջադրվի սահմանադրական կարգի տապալմանը աջակցելու հոդվածով, որի վաղեմության ժամկետները դեռևս չեն անցել:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest