Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին:

Օդանավակայանում գտնվող հայերից մեկը՝ Արմեն Մարկոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել. «Սիրելի ժողովուրդ, սաղին հանեցին, լարեցին դուրս»,-ասում է քաղաքացին։

Տեսանյութում երևում է, որ հայերը օդանավակայանի տարածքից դուրս հավաքված են և մատնված են անորոշության, չգիտեն ո՞ւր գնալ և ի՞նչ անել.

«Իբր ախտահանում են, բայց խաբեցին, դուրս հանեցին: Թող բոլորը տեսնեն սա, թող Նիկոլը տեսնի, որ ասի՝ իրա գծերն էնքան թուլացրել է, որ իր պետության ժողովրդին հանում են դուրս: Մի հատ սամալյոտն ի՞նչ է, որ չեն կարողանում բերեն»,-ասում է հայերից մեկը:

Ստեղծված իրավիճակին նաև անդրադարցավ ԱԳՆ տեղակալ Ավետ Ադունցը, նշելով, որ դրսում գտնվող մեր հայրենակիցները պետք է հետևեն այն կանոններին, որոնք առաջարկվում են տվյալ երկրի կառավարության կողմից:

Ադոնցի խոսքերով, եթե պահանջ կա, որ երկու հոգուց ավել հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի, եթե պարտադրում են, որպեսզի դիմակներ կրեն, պետք է կրել. «Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները և դրանք իրականացվեն, ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի լինի: Մենք տեղյակ ենք, թե ինչ է եղել: Նորից եմ ուզում կրկնել, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր մինչև հնարավոր կլինի նրանց վերադարձնել Հայաստան: «Դոմոդեդովո»-ում հավաքվելու անհրաժեշտություն չկա»,-ասաց նա, այնտեղ գտնվող մեր հայրենակիցներին կոչ անելով լսել ու համագործակցել մեր դեսպանությունների հետ։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել։ Forrights-ը գրել էր, 400-ից մի քիչ ավելի անձինք են հավաքված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և հարակից հյուրանոցներում: Ընդամենը 400-ից մի քիչ ավելի մարդկանց պետք է առաջնային կարգով տեղափոխել և ապահովել նրանց մեկուսացումը: Բայց Հայաստանի կառավարության համար այս 400 հոգու կարանտինային պայմաններն ապահովելը, փաստորեն, անլուծելի խնդիր է: Մարդիկ անտերության են մատնված: Նրանք չեն ընդունում լոգանք: Քնում են օդանավակայանում: Չունեն համաճարակից պաշտպանվելու հնարավորություն:

Մանրամասնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ: Մոսկվայից Հայաստան չվերթներ եղել են ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։

Ազնիվ Սիրդեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest