Ռուսաստանի օդանավակայաններում, ավտոճանապարհներին՝ սոված, տանջված, հոգեպես ու ֆիզիկապես հոգնած մարդիկ են մնացել, ովքեր տարիներ շարունակ օտար ափերում քրտնաջան աշխատելով, թեթևացնում էին Հայաստան պետության բեռը:

Նրանց քրտինքով երկիրը ապրել է: ՌԴ-ից եկող տրանսֆերտները Հայաստանի բյուջեի զգալի մասն են կազմել: Այսօր այս մարդիկ հայրենիքի կարիքն ունի: Բայց հայրենիքը չի կարողանում ապահովել նրանց համար մեկուսացման պայմաններ:

Հայաստանի վարչապետի խոսնակ, պարետատան մամուլի համակարգող Մանե Գևորգյանը մի քանի օր առաջ «Առավոտին» ասաց. «Այս պահին հատկացված հյուրանոցները, որ կան, որտեղ մեր քաղաքացիները մնում են, այնպես չէ, որ բոլորը զբաղված են: Բայց որպեսզի կարողանանք այդ քանակով մարդ ընդունել, պետք է վստահ լինենք, որ բոլորի համար ունենք անհրաժեշտ սենյակների թիվ-քանակը, որպեսզի իրենց տեղավորենք: Դա կազմակերպման փուլում է»:

Այսօր Մանե Գևորգյանը  մեզ հայտնեց, որ աշխատանքները ընթացքի մեջ են: Թե երբ պատրաստ կլինեն կարանտինի կացարանները, քանի մարդու համար են տեղեր նախապատրաստվում, հայտնի չէ:  Forrights.am-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց. «Մինչև հիմա եղել է երեք ինքնաթիռ: ՌԴ-ում ՀՀ դեսպանը և ԱԳՆ-ն մի քանի անգամ արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ՝ թռիչքների հետ կապված և արտերկրում մեր քաղաքացիների վերադարձի հետ կապված»:

Իսկ ի՞նչ են անում նշված մարմինները: ՌԴ դեսպանատունը ցուցակագրել է ավիատոմսեր գնել ցանկացող բոլոր քաղաքացիներին: Այսօր ցուցակը համալրվել է նոր անուններով: Դեսպանատունը հոգում է օդանավակայանում բնակվող քաղաքացիների սնունդը, պաշտպանիչ միջոցները, նաև նրանց համար տեղեր է ապահովել մոտակա հյուրանոցներում:

Թեև դեսպանատունը հերթագրել է քաղաքացիներին և հրապարակել է ցուցակը, որը օդանավակայանում հավաքվածներն են կազմել, մարդիկ  մտավախություն ունեն, որ առաջիկա ինքնաթիռը կթռչի առանց իրենց և գերադասում են ինքնաթիռի սպասել օդանավակայանում:

ԱԳՆ կայքում վերջին հայտարարությունը վերաբերում է ապրիլի 12-ին իրականացված չարտերային թռիչքին:

Մոտ 300 քաղաքացիներ այսօր, մեր աղբյուրի տվյալներով, հյուրանոցներում են, իսկ օդանավակայանում մնացողների թվաքանակը տատանվում է: Առավոտյան նրանք 100-ից ավելի էին, այս պահին, ինչպես հաղորդում է այնտեղ մնացողներից Ա. Մ-ն՝  մոտ 40 մարդ գիշերող: «Մարդիկ գնացին հյուրանոցներ, բայց վաղը կարող է, նորից գան օդանավակայան: Մեզ ոչ մի հստակ բան չի ասվում, անհասկանալի իրավիճակ է: Եթե ռուսական ոստիկանությունը բոլորին ցրի, լավ չի լինի»,- հայտնեց Ա. Մ-ն:

Իսկ ՌԴ պետական մարմինները, ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, արդեն արձանագրել են կարանտինային կանոնների խախտումներ և չի բացառվում, որ մոտ ժմանակներից հայերը կհեռացվեն օդանավալայանի տարածքից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանից վերդառնալ ցանկացողներից շատերը, հնարավոր է, վարակված են:  «Շատերը, հնարավոր է՝ վարակված են, և եթե մենք նույնիսկ փորձում ենք իրենց համար կացարան գտնել, նրանց վարակված-չվարակված լինելն էլ խնդրահարույց է դառում», — ասում է պաշտոնյան:

Նա խոստացել է, որ հնարավորության դեպքում այդ քաղաքացիները բոլորը կտեղափոխվեն Հայաստան, ի միջիայլոց հիշեցնելով, որ պետական միջոցները անսահմանափակ չեն: Այսպիսով, դեռ չարած լավությունը Զարեհ Սինանյանը խոպանչիների երեսով է տվել, թե բա հասկանու՞մ եք, պետությունն այնքան էլ հարուստ չի, որ ձեզ բերի, բայց կբերի, համբերեք: 

Այս հայտարարությունները «Դոմոդեդովոյում» ցավոտ են ընդունում:

Սա նշանակում է, որ Մոսկվայում, մյուս քաղաքների  օդանավակայաններում կուտակված մարդկանց սպասումը երկարացվում է անորոշ ժամանակով:

Այս պահի դրությամբ 400-ից մի քիչ ավելի անձինք են հավաքված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և հարակից հյուրանոցներում: Ընդամենը 400-ից մի քիչ ավելի մարդկանց պետք է առաջնային կարգով տեղափոխել և ապահովել նրանց մեկուսացումը: Բայց Հայաստանի կառավարության համար այս 400 հոգու կարանտինային պայմաններն ապահովելը, փաստորեն, անլուծելի խնդիր է: Մարդիկ անտերության են մատնված: Նրանք չեն ընդունում լոգանք: Քնում են օդանավակայանում: Չունեն համաճարակից պաշտպանվելու հնարավորություն:

Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ շուտով ինքնաթիռներ  կտրամադրվեն Պետերբուրգից և Կրասնոդարից մեր հայրենակիցներին բերելու համար, հաջորդ ինքնաթիռը կլինի Ռոստովից: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Forrights.am-ին հայտնեց, որ Մոսկվայից մինչև աապրիլի 23-ը ինքնաթիռ չի սպասվում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest