Մենք ամեն տարի ունենում ենք զգալի թվով մահեր բանակում և այդ մահերի մի զգալի մասը տեղի է ունենում անհասկանալի պայմաններում։ Այս մասին «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով քննարկման ժամանակ ասած «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

«Այդ սպանությունների և ինքասպանությունները կանխելու մենք որևէ իրական գործողություն չենք տեսել․ դա պետք է արվեր շատ ավելի վաղուց»,-ասաց իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցը նկատեց, որ տարիներ շարունակ գոնե մեկ անգամ հանդիպում չկազմակերպվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այլընտրանքային տեսակետ լսելու համար․

«Ես հասկանում եմ պարոն Փաշինյանին, ինքը պետք է հիմնվի այն պաշտոնատար անձանց զեկույցների վրա, որոնց ինքը վստահում է: Հիմա հարցն այն է՝ ինչ են նրան զեկուցում: Շատ կարևոր է, թե ովքեր են նրան զեկուցում»,-ասաց նա։

 «Բանակի խնդիրներով զբաղվող կառույցներ կան, հո բոլորը մանիպուլատոր չեն, մարդիկ կան, կազմակերպություններ, որոնք ունեն հեղինակություն․ մեկ անգամ կանչել այս կազմակերպություններին և ալտերնատիվ տեսակետ լսել, թե ինչպես է «բացահայտվում» այդ գործերը, ինչպես ենք մենք տասնամյակներ պայքարում գործերի բացահայտման համար»,-իր վրդովմունքը հայտնեց իրավապաշտպանը։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ այն որ բանակում այսպիսի վճակը եղել է տասնամյակներ շարունակ՝ գաղտնիք չէ,  ինչքան էլ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չընդունեն և ինչքան էլ դատախազությունն ու քննչական մարմինները բարձր ցուցանիշներ ցույց տան բացահայտումների հետ կապված, փաստը մնում է փաստ, որ իրավիճակը՝ մեղմ ասած, մտահոգիչ է։

«Տասնամյակներ շարունակ զբաղվում ենք գործերով, որտեղ կա 0 արդյունք, որովհետև նորմալ չի աշխատում քննիչը, դատախազը և  նորմալ չեն աշխատում այն դատարանները, որտեղ մենք կարող էինք բողոքարկել։ Այսօրվա դրությամբ, այդ գործերով զբաղվող իրավաբանները, իրավապաշտպաները չունեն որևէ մեխանիզմ արդարության հասնելու և բացահայտելու համար»,-նկատեց իրավապաշտպանը, նշելով, որ չունենք նման մեխանիզներ՝ բացահայտելու պարագայում, մարդկանց պատասխանատվության ենթարկելու և դրա արդյունքում կանխարգելիչ գործողություններ բանակում հետագա մահերը կանխելու համար։

«Այն որ բանակում կրիմինալ բարքերը բարդվեցին հասարակության վրա, դա անձնական վիրավորանք է յուրաքանչյուրիս․ ես իմ երեխային չեմ դաստիարակում կրիմինալ բարքերով։ Ես չեմ հավատում, որ 18 տարեկանին կարելի է դաստիարակել այն կարգի կրիմինալ, որ կայացած բանակում գնա ու իր բարքերը տարածի՝ չի կարող նման բան լինել»,-վստահեցրեց Նինա Կարապետյանցը, հետևություն անելով, որ դա նշանակում է՝ կրիմինալ բաքերը կրում են հենց այդ հրամանատարերը, որոնց համար շատ շահավետ է այդ կրիմինալ բարքերը կրելն ու տարածելը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ»-ի ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Կառավարության գործողությունները բանակում ուշացած է համարում և չգիտի թե ի՞նչ կտան նման փակ քննարկումներ․

«Նույն Ազգային ժողովը  և վերահսկողական այլ կառույցները չեն պատկերացնում բանակում ինչ է կատարվում, ինչպես են քննվում գործերը։ Մինչև հիմա գործերը կոծկվում են և Պաշտպանության նախարարը ոչ մի բառ չի ուզում ասել այն դեպքում երբ որ հրապարակումներ կան «էլիտար» զորամասի մասին»,-ասաց իրավապաշտպանը, նկատելով, որ մինչև չբացահայտեն այս գործերը՝ համակարգը չի առողջանա։

Իրավապաշտպանը նկատեց, որ տարիներ շարունակ մենք՝ իրավապաշտպանները, հայտարարում են Ռազմական ոստիկանության այն վիճակի մասին, որտեղ զինվորը միայն խոշտանգվում և բռնության է ենթարկվում․

«Վահրամ Ավագյանի դեպքով ևս զորամասի հրամանատարն ինձ ասաց, որ 35-40 զինվորին տարել-լցրել են Ռազմական ոստիկանություն: Այսինքն՝ Ռազմական ոստիկանությունը մի տեղ է, որտեղ տանում-լցնում են և ինչ ուզում՝ անում են, և այդ նույն ցուցմունքները, որ կորզվում են այնտեղ, դրվում են մեղադրանքների հիմքում»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ ոլորտում տեղաշարժ կլինի, եթե իրավապաշտպաններին էլ ընդունի վարչապետը լսի և հետևի գործերին․

«Հետևողականություն պետք է լինի, որպեսզի փրկվի զինվորի կյանքը․ այլ ճանապարհ չկա»,-ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ մամուլում քննարկվում է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության հարցը, սակայն միայն պաշտոնանկությամբ հարցը չի կարգավորվի․

«Նախ զորամասերում պետք է իրավիճակը փոխել, պետք է ազատվել կրիմինալ սպայական կազմից, կրիմինալ մթնոլորտը պետք է փոխել բանակում․ այս ամենի համար պետք է քաղաքական կամք դրսևորել և միայն կադրային փոփոխություններով հարցեր չեն լուծվելու»,-ասաց նա։

Նինա Կարապետյանցը նկատեց, որ ոչ ոք տեղից չի շարժվում, քրեական հետապնդում չի իրականացվում, պատասխանատվության ենթարկված աձինք չունենք։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը նկատեց, որ մահվան դեպքերը արդյունք են եղած խնդիրների, բացթողումների և որոշակի թերությունների․

«Բանակում մեր զինվորները հասարակության մշակույթի կրողներն են և բանակն ու հասարակությունը տարանջատելու փորձերի մասին ասելը սխալ է։ Մահվան դեպքերը կապել միայն սպաների  հետ՝ ես ճիշտ չեմ գտնում, որովհետև այդ նույն սպաները նույն մշակույթի կրողներն են ինչ 18 տարեկան երիտասարդները»,-ասաց Պերճ Այվազյանը։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանն անդրադառնալով այն պնդումներին, որ գործերը կոծկվում են  և քննիչներն անգործություն են դրսևորում, ասաց․

«Ես հավաստիացնում եմ, որ այն կարծիքները, որ գործերը կոծկվում են, քննիչները անգործություն են դրսևորում, ճիշտ չեն, նման բան չկա։ Քննիչն ինքնուրույն մարմին է և դատավարական սուբյեկտ է․ յուրաքանչյուր քննիչ իր խղճի առաջ է»,-ասաց նա։

2016-2020 թթ․ ընթացքում արձանագրված ինքնասպանությունների վերլուծություն է կատարվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչությունում և գրանցված դեպքերի 19․1%-ը ուղարկվել է դատարան՝ համապատասխան անձանց մեղադրական եզրակացությամբ․

«Նույն թվաքանակով էլ կասեցվել են, մի քիչ ավելի շատ են կարճված գործերը և պնդել, որ կա 0 արդյունք․ թույլ տվեք չհամաձայնել»,-ասաց Պերճ Այվազյանը։

Ի պատասխան ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանի վերոնշյալ հայտարարությանը Նինա Կարապետյանցն ասաց․

«Քանի դեռ մեզ կերակրում են ստատիստիկաներով, մեծ թվերի բացահայտումներով, միմյանց մեդալներ ու «պագոններ» բաժանելով, սա է լինելու մեր վիճակը, մենք չպետք է խաղաղ պայմաններում ինքնասպան լինող զինվորներ ունենանք»։

Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝  2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Նշենք նաև, որ քրեական գործեր հարուցվել են հիմնականում ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110․1 հոդվածով։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest