Պաշտպանության նախարարությունը չի հասցնում հաշվել սպանված և «ինքնասպանված» զինծառայողներին: Փետրվարի 12-ին հրապարակվեց, որ հունվարի 1-ից մինչև այդ օրը բանակում մահացել է 10 զինվոր: Այդ օրը ստացանք  շարքային Տիգրան Մանվելյան և կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի մահվան գույժը: Քննչական կոմիտեն գործ հարուցեց «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Իսկ երեկ՝ փետրվարի 14-ին ՊՆ լրատվականը հայտնեց, որ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Forrights.am-ի տվյալներով, նա ծրագրավորող է եղել: Նախկինում պաշտպանության նախարարը, զինդատախազները նման իրավիճակներում գնում էին դեպքի վայր: Իսկ զինդատախազ Վահե Հարությունյանը չկա: Պաշտպանության  նախարար Տոնոյանի համար թշնամու աչրքերն են ամենակարևորը, իսկ վարչապետ Փաշինյանը մեղադրեց «քրեական մշակույթ» կրող շարքային զինվորներին:

«Մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ», — հայտարարում է վարչապետը, պատասխանելով իր իսկ ձևակերպած հարցին՝ ի՞նչ խնդիր ունենք բանակում:

Եւ այսպես՝ ինչ խնդիր ունենք բանակում,  Ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ պետք է անել: Սա է հարցը, որը երբեք այսքան սուր չէր կանգնել երկրի բարձրագույն ղեկավարության, ՊՆ-ի ու իրավապահ վերնախավի առաջ: Այն չենք կարող տալ գեներալներին, ՊՆ նախկին ու ներկա նախարարներին, զինդատախազներին, որովհետև նրանք բոլորն ունեն իրենց մեղքի, ավելի ստույգ՝ անպատասխանատվության բաժինը այն իրավիճակում, որը այսօր տիրում է հայոց բանակում:

Ուստի հարցն այդ ուղղեցինք քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հետ, որն իր կյանքի վերջին 24 տարիները զբաղվել է բանակում զոհված զինծառայողների քրեական գործերն ուսումնասիրելով, նրանց իրավահաջորդներին ներկայացնելով և պաշտպանելով և ուղղակի ընկճախտ է տանում այս օրերին:

Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները փորձում են բանակում տեղի ունեցող ծանր հանցագործությունները ու սպանությունները պատճառաբանել բանակ ներթափանցող բարքերով, որոնք բանակ են ներմուծվում զորակոչիկների կողմից: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը տրամագծորեն հակառակ տեսակետն ունի: Նա ասում է, որ ցանկացած նորակոչիկ, գալով բանակ, ենթարկվում է սպայական կազմի կողմից ձևավորված բարքերին:

«Սպայական կազմի համար ձեռնտու է, որպեսզի այդ բարքերը պահպանվեն, քանի ո ր այդ դեպքում ծույլ, անբան և հարբեցող սպաների համար ավելի հեշտ է հսկել զինվորների ծառայությունը, ոչինչ չանել, ծառայության կանոնավորումը թողնել «ավտարիտետների» վրա՝ վաշտի, գումարտակի, գնդի մաշտաբով: Այդ գողական բարքերն էլ հաճախ հանգեցնում են սպանությունների: ՉՆայած դատական մարմիններն ու քննչականները մշտապեց հերքում են սա, բայց հենց նրանց համար է ձեռնտու, որպեսզի բանակում կատարվեն հանցագործություններ, որոնք նրանց համար դարձել են հավելյալ եկամուտի աղբյուր: Նրանք ոչ միայն չեն կանխում հանցագործությունները ու չեն  վերացնում դրանց ծնող պայմանները, այլև իրենց գործողություններով ու անգործությամբ նպաստում են դրանց ծաղկմանը, ինչը հանգեցնում է մահվան դեպքերի», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: 

Նա ապացուցում է կոնկրետ դեպքերով, որ դատախազությունն ու քննչական կոմիտեն  որպես կանոն կեղծում են դեպքի կատարման ժամանակը, տեղը, սպանության գործիքը փոխում են, թաքցնում են սպանության իրական դրդապատճառները, սպանություն կատարած անձանց և պատժում են անմեղ զինվորների, կամ առնվազն ոչ մեկի չեն պատժում, գործը թողնելով «օդից կախված և բախտի քմահաճույքին»:  Հանցագործությունների չբացահայտումը խրախուսում է հանցագործ բարքերը: Ո՞րն է, ըստ իրավապաշտպանի, այդ «չբացահայտման» հիմնական սխեման, որը դատախազությունն ու քննչական մարմինները կիրառել են նախկինում ու շարունակում են այսօր էլ կիրառել:

1.Հարբեցողության գործոնը քրեական դեպքերում

Մի քանի տասնյակից ավելի քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպանությւոնների մեծ մասին նախորդում է հարբեցողությունը: Այն մեծացնում է լարվածությունը զինվորների և սպաների  միջև,  հասցնում են ատելության աստիճան, ու ի վերջո, բերում է հերթական սպանության: Մարտական հերթապահության են գնում ամբողջ գումարտալով: Մարտական  հենակետերում, աչքից հեռու ավելի հեշտ է զբաղվել հարբեցողությամբ: Սպանված զինծառայող Կարեն Կարապետյանը մորը պատմել է, որ դիրքերում անտերություն է, և իրենք «ինչ ուզում են, անում  են»: Հարբեցողության փաստը հաստատված է Արտակ Նազարյանի, Տիգրան Համբարձումյանի, Ալբերտ Ադիբեկյանի, Զորիկ Մարգարյանի, Արայիկ Ավետիսյանի, Արթուր Գասպարյանի, Նարեկ Ադիբեկյանի, մի շարք այլ գործերով:

«Հետաքրքիր է, որ նշված գործերով և ոչ մեկում նախաքննական մարմինը «չի կարողացել» պարզել, թե հանգուցյալը մինչև սպանությունը ում հետ, ինչ առիթով է հարբել:

2. Վկաներով զբաղվում է ռազմական ոստիկանությունը

Սպանությունների դեպքում զինվորներին տեղափոխում են ռազմական ոստիկանության բաժիններ: Այն ըստ օրենքի, հանդիսանում է ՊՆ ստորաբաժանումներից մեկը: Սակայն փաստացի ՌՈ-ն ենթարկվում է քննչական կոմիտեին և դատախազությանը, կատարում է այս երկու մարմինների հանցավոր հրամանները: Զինվորներին բերվում են ՌՈ, նրանք ծեծվում են, խոշտանգվում են, նրանցից վերցնում են կեղծ ցուցմունքներ: Սա արձանագրված է բազմաթիվ դատական գործերում: Նարեկ Ադիբեկյանի  գործով վկայություն տված զինծառայողները սկզբում ասել են, որ իրենք ոչինչ չգիտեն, սակայն ռազմական ոստիկանությունում 1-2 ամիս պահվելուց հետո սկսել են ցուցմունքներ գրել: Նարեկի դեմքի ու արմնկահոդի վնասվածքների մասին հարցրել են զինծառայող Թոռնիկ Գինոսյանին, որը, ըստ նախաքննության տվյալների, դեպքի վայրում չի եղել:

Փաստորեն, փորձագետի փոխարեն, նրանք դիմել են զինծառայող Գինոսյանին, նրան տալով փորձագետի կարգավիճակ: Վկա զինվորներին փորձագետներ դարձնելը, որոնք այս կամ այլ հարցի շուրջ քննիչներին անհրաժեշտ անհեթեթ պատասխաններ են տալիս, նրանք հաճախ են կիրառում:

«Ամբողջ ռազմական ոստիկանությունը ներքաշված է և թաթախված այս կեղտոտ, այս անբարոյական խաղի մեջ և այդ առումով, վշտալի ու ցավալի է, որ վարչապետը գեներալ մայորի կոչում է տալիս ՌՈ պետին: Մենք սա դիտում ենք մեր դեմ, արդարադատության, իրականության բացահայտման, օրենքի դեմ քայլ, որը հնարավորությունն է տալիս կոծկելու սպանության գործերը», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը: 

3. Փոքր բացաություններով փոխվում են սպանությամ ժամը և սպանության վայրը

Դեպքի վայրը փոխված է ՝ Դավիթ Տերտերյանի, Կարեն Կարապետյանի, Լևոն Թորոսյանի, Արտակ Նազարյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Վոլոդյա Գալոյանի, այլ քրեական գործերով, որոնց թիվը մեծ է: Դեպքի վայրը փոխելով, նախաքննության  մարմինը կեղծ եզրահանգման է գալիս, իբր՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հերթապահության դիտակետում: Ինչո՞ւ:

«Որովհետև միայն դիտակետում, մարտական հերթապահություն իրականացնելիս, զինվորը կարող էր ունենալ զենք: Երկրորդ՝ որպեսզի քննության ընթացքում չեզոքացվեն ականատես վկաները: Եթե դեպքը եղել է դիտակետում, որը գետնատնակից հեռու է 100, կամ 150 մետր, այլ հեռավորության վրա, ապա վկաներից կարող են կեղծ ցուցմունք կորզել, թե, իբր, նրանք ոչինչ չեն լսել ու չեն տեսել: Իրականում սպանությունները հաճախ կատարվում են բոլորի աչքի առաջ: Այս իրավիճակը ունենք Արսեն Մխիթարյանի, Լևոն Թորոսյանի, Կարեն Կարապետյանի, Դավիթ Տերտերյանի, Արտակ Նազարյանի,  բազմաթիվ այլ գործերով:  Փորձագիտական եզրակացություններով ապացուցված է, որ կրակոցի պահին ականատես վկաները եղել են դեպքի վայրում, սակայն օգտվելով այսօր դատաիրավական համակարգում տիրող անտերությունից, որը ավելի է մեծացել Նիկոլ Փաշինյանի օրոք, նախաքննական մարմինը անտեսում է այդ փաստերը»: 

4. Վերացվում են մատնահետքերը. Նիկոլը զարմացավ

Բազմաթիվ քրեական գործերով ունենք փաստեր, որոնք վկայում են, որ իրական մարդասպանի զենքի փոխարեն բերվել և դեպքի վայր է գցվել  սպանվածի զենքը, որպեսզի հիմնավորվի ինքնասպանության կեղծ վարկածը: Իրական զենքի վրայի մատնահետքերը ոչնչացվում են, քանի որ հակառակ դեպքում, եթե դրանք հայտնաբերվեն փորձաքննությամբ, ապա պարզ կդառնա, որ դրանց վրա երկրորդ անձի մատնահետքեր են:

Զինծառայող Գևորգ Հարոյանի սպանության գործը այս առումով հատկանշական է: Դեռ 1,5 տարի առաջ, 2018 հոկտեմբերին Փաշինյանը սպանվածների հայրերի պահանջով ընդունեց ու լսեց նրանց բողոքները: Ծնողներից մեկը հանդիպման ժամանակ ասեց, որ իր երեխան չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ մատնահետքեր զենքի վրա չէին հայտնաբերվել: Նրան միացան բոլոր ծնողները: Փաշինյանը զարմացավ, զայրացավ և հարցրեց, թե արդյոք տեխնիկայի այս դարում մենք չենք կարողանում պարզել զինվորի մատը կպել է ձգանին, թե ոչ: Նա հրահանգեց ԴՆԹ փորձաքննություն նշանակել: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Հարոյանի սպանության գործով նշանակեց ԴՆԹ փորձաքննություն:

Փորձագետը տվեց սենսացիոն եզրակացություն, որի համաձան զենքի վրա կան երկու անձանց ԴՆԹ հետքեր: Բայց դրանցից ոչ մեկը չէր պատկանում Հարոյանին: Սրանով բացառվեց ինքնասպանության վարկածը ու ապացուցվեց, որ կատարվածը սպանություն է, սակայն ոչ վարչապետի վերահսկողական ծառայությունը, ոչ աշխատակազմի որևէ անդամ չհետաքրքրվեցին, թե ինչով ավարտվեց վարչապետի  ցուցումը:

«Անգամ բարձրաձայնելուց հետո որևէ մեկը չարձագանքեց, և առ այսօր գործը շարունակվում է քննվել 110 հոդվածով՝ անձին ինքնսպանության հասցնելը», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Նրա հարցազրույցները, նրա հաղորդումները քննիչների ու դատախազների կողմից կատարված հանցագործությունների մասին, գլխավոր դատախազին ուղղաված նրա դիմումները տարբեր քրեական գործերով քար լռության են բախվում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest